HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Երասխահուն եւ Արտաշար գյուղերը պայքարում են կոյուղաջրերի համար

Սառցանման այս փրփուրը, որով ոռոգվում են Երասխահուն համայնքի բանջարեղենի դաշտերը, Մեծամոր եւ Արմավիր քաղաքների կոյուղաջուրն է: Արմավիրի մարզի Երասխահուն եւ Արտաշար գյուղերի միջեւ կռիվն ամռան տապին այս կոյուղաջրի համար է: Երասխահուն համայնքում 100 հա հողատարածք կոյուղաջրով է ոռոգվում: Գյուղացիներն այստեղ բանջարեղենի բոլոր տեսակները մշակում են՝ կանաչիներից մինչեւ սեխ ու ձմերուկ:

Երասխահուն եւ Արտաշար համայնքները ոռոգման ջուրը վերցրել են Սեւջուր գետից: Վերջին 10 տարիներին գետը գրեթե ամբողջությամբ ցամաքել է, այստեղ տարբեր աղբյուրներից հոսող թափառող ջրերն են քիչ-քիչ կուտակվում եւ Մեծամոր, Արմավիր քաղաքների ու հարակից գյուղերի կոյուղաջրերը: Նշված քաղաքները մաքրման կայան չունեն, կոյուղաջրերն առանց մաքրվելու լցվում են գետը, այստեղից էլ՝ Արտաշարի ջրանցք, որտեղից երկու գյուղերը պոմպերով ջուրը մղում են բանջարեղենի դաշտերը:

«Գյուղացին այլ ելք չունի, այս սեզոնին 1000 լ/վրկ ջուր պետք է լինի գետում, որպեսզի բավականացնի երկու գյուղերին: Մենք 3-4 օր պոմպերն անջատում ենք, որպեսզի ջուրը հավաքվի եւ կարողանանք 6-7 ժամ ջուր մղել: Հիմա, բնականաբար, ավելի է քչացել, եթե 500 լիտր է լինում՝ երկու գյուղով կռվում ենք»,- ասում է «Արմավիր» ՋՕԸ-ի Երասխահուն համայնքի տեղամասի պետ Ռոբերտ Մուրադյանը: 


Ռոբերտ Մուրադյանը

Ռոբերտը Սեւջուր գետի կոյուղաջրերի միակ այլընտրանքը խորքային հորերն է համարում: Գյուղում 5 խորքային հոր կա, որից մեկը, նրա ասելով՝ ամբողջովին սպառվել է, հորի որակն ի սկզբանե լավը չի եղել: Մյուս հորերում նույնպես ջրի քանակը շատ քիչ է, գրունտային ջրերի մակարդակն այնքան է իջել, որ պոմպերն ավազ են մղում, որի հետեւանքով էլ շուտ-շուտ են այրվում: Ասում է, որ Կառավարությունում ուսումնասիրել են հարցը եւ որոշվել է իրենց ու հարեւան համայնքներում նոր խորքային հորեր հորատել: «Երասխահունում խորքային 2 հոր պետք է հորատեին այս տարի, չափումներն արվեցին, բայց հետո դադարեցրին»,- տեղեկացրեց Ռոբերտը:

Օրերս Ջրային կոմիտեի (ՋԿ) աշխատակիցներն այցելել են գյուղեր եւ մեկ անգամ էլ հավաստել խորքային հորերի հորատման անհրաժեշտությունը: ՋԿ-ի հաղորդագրությունում http://www.scws.am/am/information-center/releases/show/300/0 ասվում է, որ նախատեսվում է Արարատյան դաշտի 26 համայնքներում խորքային 38 նոր հոր հորատել, ինչպես նաեւ գոյություն ունեցող 17 հորերի վերականգնման աշխատանքներ իրականացնել: «Վերջին տարիներին Սեւջուր գետի հոսքերի խիստ նվազման եւ գրեթե բացակայության արդյունքում առավել առաջնահերթ են համարվում գետի իշխման տակ ընկած 10 համայնքներում խորքային 18 նոր հորերի հորատման, ինչպես նաեւ եղած՝ 14 հորերի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ջրային կոմիտեի ՋՕԸ աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը հայտնել է, որ ժամանակին Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների անհեռատես վատնման արդյունքում է ստեղծվել այս վիճակը: «Միայն այս տարածաշրջանում վտանգված է շուրջ 1500 հա հողի ջրապահովումը: Սեւջուր գետի իշխման տակ ընկած հողատարածքների ջրասակավությունը մեղմելու ելքը նոր հորերի հորատումն է եւ վթարային հորերի վերականգնումը»,- ասել է Կ· Դադոյանը:

Երասխահունի բնակիչները համոզված պնդում են, որ Մասիսի տարածաշրջանում ձկնաբուծարաններ հիմնելու պատճառով ստեղծվեց այս իրավիճակը: Աշխարհագրական ցածր դիրք ունեցող Մասիսը կլանեց գրունտային ջրերի ողջ պաշարը: Իրենք ոչ միայն զրկվեցին մաքուր ջրով ոռոգելու հնարավորությունից, այլեւ հիմա կրկնակի չափով ջուր են օգտագործում նույն դաշտը ոռոգելու համար: Արդյունքում ավելացել է նաեւ ոռոգման ծախսը՝ 1 հեկտարի համար 100 000 դրամ են վճարում:

Ռոբերտ Մուրադյանը համակարգային լուծում պահանջող մի քանի հարց է թվարկում, որոնց լուծումը կթեթեւացնի հողօգտագործողների ֆինանսական բեռը: Գրունտային ջրերի նվազման հետեւանքով դաշտավայրերը ոռոգելու համար գյուղացին գրեթե կրկնակի քանակով ջուր է օգտագործում՝ դրան էլ հավելած բարձր ջերմաստիճանը: Գյուղի ներտնտեսային ոռոգման համակարգը՝ 24 կմ, հողային հունով է, բացի մեկ հատվածից: «Եթե հողային հունով առուները փոխվեն կիսախողովակով կամ բետոնե հունով առուների՝ ջրի կորուստը 70%-ով կկրճատվի, նաեւ 70% քիչ էլեկտրաէներգիան կծախսվի»,- ասում է նա:

Գյուղում ջրամատակարարումն ամբողջությամբ մեխանիկական եղանակով է կատարվում՝ 30%-ը Սեւջուր գետից է մղվում, իսկ 70%-ը՝ խորքային հորերից: Խորքային հորերից մղվող ջրով ոռոգվում է 117 հա-ը: «Արմավիր» ՋՕԸ-ն Երախահուն համայնքի 500 հա հողատարածքից 217 հա-ի ջրամատակարարումն է ապահովում, 139 հա-ը տնամերձ հողերն են, որտեղ բնակիչները դարձյալ բանջարեղեն են աճեցնում, բայց այդ հողերը սեփական խորքային հորերից մղող ջրով են ոռոգում: Ռոբերտն ասում է, որ 10 հա հողատարածք ընդհանրապես չի մշակվում, որովհետեւ այդտեղ ջուրը չի հասնում, եւս 70 հա-ի ոռոգումը սեփականատերերն իրենց միջոցներով են իրականացնում՝ սեփական պոմպերով թափառող ջրեր գտնելով: Բնականաբար, նրանք բավարար չափով բերք չեն կարողանում ստանալ, բայց այլ կերպ նրանց օգնել չեն կարողանում:

Դաշտերում շրջելիս ՋՕԸ-ի տեղամասային պետը ցույց է տալիս չմշակվող հողատարածքները, որոնց սեփականատերերը, ռիսկը շատ մեծ համարելով, խուսափել են ծախսեր կատարելուց: Կողքին գտնվող հողատարածքի տերն այս օրերին դաշտը «խոնավացնում» է դրենաժներում կուտակված նեխած ջրերով, որը պոմպով մղելու համար դարձյալ բավականին ծախս է կատարում:

Բնակիչները գոհ են տեղամասային պետի աշխատանքից: Նա համակարգում աշխատանքի մեծ փորձառություն է ձեռք բերել 18 տարիների ընթացքում: Ռոբերտ Մուրադյանն ասում է, որ հնարավոր ամեն բան անում է, որպեսզի շոգ օրերին գյուղացիների բանջարեղենը չչորանա: Ջրամատակարարման իր ժամանակացույցը խախտվում է երկու դեպքում՝ շատ շոգին պոմպերը շուտ-շուտ են այրվում, հաշվիչները չեն աշխատում էլեկտրականության երկարատեւ անջատումների պատճառով:

Երասխահուն գյուղի բնակիչների հիմնական դժգոհությունը նույնպես էլեկտրաէներգիայի անջատումներն են, որի պատճառով ե՛ւ ոռոգման ջուր չեն ունենում, ե՛ւ խմելու ջուր: Ասում են, որ հոսանքի անջատումները լինում են շաբաթական 2-3 օր, 5-6 ժամով:

Մեկնաբանություններ (1)

Արտակ
Բա որտեղ են սննդի ապահովության ծառայությունը, բնապահպանության նախարարությունը... Կոյուղաջրով վարունգ աճացնող գյուղացին առանձնապես մտահոգ չէ, կամ չի հասկանում դրա հետևանքները, նա իր արագ աճող ու համով ապրանքը շուկայում է վաճառում, հետո թե ով քաղցկեղ ու հազար տեսակ այլ հիվանդություն կստանա՝ իրեն բացարձակ չի հետաքրքրում: Պետությունը պետք է ապահովի սանիտարական տարրական կանոների պահպանումը: Սա բացատրությունն է այն լոպազության, թե Հայաստանում միրգն ու բանջարեղենը ուրիշ, անգերազանցելի համ ունի, իսկ եվրոպացիները էդպես էլ նորմալ լոլիկ իրենց կյանքում չեն ուտի... Բայց ոչ մի եվրոպական երկրում կոյուղաջորվ գյուղատնտեսություն չեն պահում, պետությունը պատասխանատու է դրա համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter