
Տարկետման իրավունք կստանա ևս երկու մարզիկ և մշակույթի բնագավառում նվաճում ունեցող մեկ քաղաքացի
Կառավարության վաղվա՝ հուլիսի 26-ի նիստում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատման տարկետման իրավունք կստանա մշակույթի բնագավառում նվաճում ունեցող մեկ և սպորտի բնագավառում ներդրում ունեցող երկու քաղաքացի:
Նման որոշման նախագծեր հրապարակված են նիստի օրակարգում, հարցերը չզեկուցվող են:
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար մինչ 2020 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Վահե Հրաչյայի Բաղդասարյանը և Արման Ալբերտի Միքայելյանը:
Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
«Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի ոլորտի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- ասված է նախագծում:
Վահե Բաղդասարյանը 2009 թվականին շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 3-րդ տեղն է զբաղեցրել, ունի շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում։ 2015 թվականին «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» և «Աերոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարերում գրավել է առաջին տեղը։ Արման Միքայելյանը 2011 թվականի շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 2-րդ տեղն է զբաղեցրել: 2017 թվականին վերջինիս շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում։ 2012 թվականին մինչև 16 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 2013 թվականին մինչև 18 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կստանա մշակույթի բնագավառում ներդրում ունեցող Ռոման Նամալյանը:
Ռոման Նամալյանը 2018 ուսումնական տարում գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն դաշնամուր» մասնագիտացման բակալավրական կրթական ծրագրով և ստացել է «Երաժշտական արվեստի բակալավր» որակավորում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Նամալյանը մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է:
«Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Ռ. Նամալյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում»,-նշվում է նախագծում:
Մեկնաբանել