HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Դիմադրություն արվեստի միջոցով

Վենետիկի 51-րդ Բիենալեին' Համաշխարհային արվեստի փառատոնին, հունիսի 12-ից մինչեւ նոյեմբերի 6-ը արդեն վեցերորդ անգամ մասնակցում է Հայաստանը (առաջին անգամ մասնակցել է 1995թ.) «Դիմադրություն արվեստի միջոցով» ծրագրի շրջանակներում:

«Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Հայաստանի տաղավարում ներկայացված են ոչ թե անհատ արվեստագետներ, այլ ետխորհրդային սերնդի չորս արվեստագետների' Վահրամ Աղասյանի, Դիանա Հակոբյանի, Սոնա Աբգարյանի, Տիգրան Խաչատրյանի թեմատիկ ուղղվածության վիդեոինստալացիաները (տեսատեղասարք): Այդ աշխատանքներում արտացոլված են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում տիրող ճգնաժամային հոգեվիճակները եւ չերեւացող, չձեւակերպվող, ճնշված շերտերը: Արվեստով նրանք ոչ թե հակադրություն են ստեղծում արեւելքի եւ արեւմուտքի միջեւ, այլ ցույց են տալիս այն պատճառները (կարոտախտ խորհրդային անցյալի նկատմամբ, իրավազրկություն, աղքատություն), որոնք խոչընդոտում են ժողովրդավարական հասարակության կայացմանը: Եվ եթե մենք խնդիր ենք դրել ինտեգրվել եվրոպական արժեքներին, ապա առաջին հերթին պետք է ներկայացնենք այն մշակույթը, որն ընկալելի է քաղաքակիրթ աշխարհի համար»,-մեր զրույցի ժամանակ նշեց Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարի համադրող Դավիթ Կարեյանը:

Վենետիկի Բիենալեում «Ոսկե առյուծ» մրցանակը շահել են ֆրանսիացի կին արվեստագետ Անետ Մեզաժեն եւ ամերիկուհի Բարբարա Քրյուգերը (վերջինս' ժամանակակից արվեստում ներդրած ավանդի համար):

Դիանա Հակոբյանն իր «Ուժի տրամաբանություն» տեսաաշխատանքում ցուցադրում է կնոջը հատկացված դերերը եւ հասարակական կազմակերպությունների սոցիալական հարցումների արդյունքները (աշխարհում աղքատ համարվող 1,3 միլիարդ բնակչության 80 տոկոսը կանայք են): Երեք մոնիտորների մեջ իրար հաջորդող պատկերները ստեղծում են մի դինամիկ շղթա, որն իր վիզուալությամբ հիշեցնում է 60-70-ականների էմանսիպացիոն գործընթացների դրական ներդրումը հասարակական բարքերի ազատականացման մեջ:

Կնոջ ինքնության եւ հասարակական կյանքում իրեն ազատ դրսեւորելու հնարավորության սահմանափակման մեկ այլ օրինակ է Սոնա Աբգարյանի «Վաղը նույն ժամին» վիդեոինստալացիան, որում հրեշի դիմակով մանիպուլյացիաներ անող հերոսուհին շարունակ ուսումնասիրում է երեկվա դեմքը:

Տիգրան Խաչատրյանը «սենյակի անկյան արտադրություն» անվան տակ կիրառում է մի մեթոդ, որով վերարժեքավորվում են համաշխարհային համբավ ունեցող, հիմնականում «ձախ» հայացքների տեր կինոռեժիսորների հայտնի ֆիլմերը:

Վահրամ Աղասյանն էլ իր «Գործարանները երկնքում» երկէկրան վիդեոինստալացիայում, ուր ներկայացված է երբեմնի Խորհրդային Հայաստանի «փառապանծ արդյունաբերության նվաճում» հանդիսացող գործարանը, իրար շատ մոտ դրված էկրանների միջանցքում օգտագործում է բեմական ծուխ, որը միակ շոշափելի իրականությունն է:

«Երբ պատմությունը գրվում է, իսկ հետո փորձ է արվում իրականացնել այն, ինչը նախապես գրված էր, ապա աշխարհը վեր է ածվում ծխի»,-այսպես է մեկնաբանում իր վիդեոինստալացիան Վահրամ Աղասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter