Աշխարհում ո՞ր տեղն է գրավում Դիլիջանի ջուրը
«Մեզ մոտ' Դիլիջանում, ծորակը բացում ես, ջուրը հոսում է... Աշխարհում երկրորդ տեղն է գրավում»,- ով գոնե մեկ անգամ տեսել է «Միմինոն», երեւի կհիշի այս արտահայտությունը: Սակայն այսօր Դիլիջանի ջրի վերաբերյալ այս գնահատականը բնավ էլ չի արտահայտում իրականությունը:
«Ծորակը բացում ես՝ ու այնտեղից պղտոր ջուր է հոսում, երբեմն որդեր էլ են դուրս գալիս»,-պատմում է Դիլիջանի բնակչուհի Լաուրա Մելքոնյանը:
Դիլիջանը' սքանչելի բնությամբ, մաքուր օդով եւ աղբյուրներով հարուստ Հայաստանի առողջարանային քաղաքը տառապում է ջրի հետ կապված խնդիրներից:
42-ամյա Լաուրան ամուսնու եւ երկու որդիների հետ ապրում է գետափի շենքերից մեկում: Նրանց բակում ծորակ կա, որից աղբյուրի ջուր է գալիս: Խմելու համար նրանք այդ ջուրն են օգտագործում, իսկ տան ծորակինը' լվացքի եւ լվացվելու:
«Օրական երեք անգամ հինգերորդ հարկ ջուր ենք բարձրացնում: Տղաներն են բերում, բայց եթե նրանք տանը չեն, ես եմ ստիպված կրում»,- պատմում է Լաուրան:
Դիլիջանում մի քանի օր անձրեւ է եկել: Գետը պղտորվել է, եւ ծորակից ել նույն պղտոր ջուրն է սկսել գալ: Հետո դա էլ են կտրել:
«Մեր ջուրն առանց այդ էլ գրաֆիկով է, իսկ անձրեւից հետո կտրում են, որովհետեւ գետի պես պղտոր ջուր է գալիս: Եվ մինչեւ գետը չպարզվի, գիտենք, որ ջուր չենք ունենալու»,- ասում է Մանյա Ասատրյանը' Լաուրայի հարեւանուհին:
41-ամյա Մանյան մի քանի տարի Ռուսաստանում է ապրել: Այնտեղից վերջերս է վերադարձել, եւ Դիլիջանում ընտանիքի հետ է ապրում: Ռուսաստանում Մանյան ջրի խնդիր չի ունեցել, դրա համար էլ դժվար է հարմարվում Դիլիջանի պայմաններին: Խմելու համար օգտագործում է աղբյուրի ջուրը, իսկ ծորակինը' հավաքում մեծ ամանների մեջ: «Երբ ջուրը ամանի մեջ ես լցնում, մի քանի րոպեից աչքի առաջ նստվածք է տալիս, ու վերեից արդեն կարելի է օգտագործել», - ասում է Մանյան:
Դիլիջանը Հայաստանի այն քիչ քաղաքներից է, որ սնվում է մակերեւույթային, այսինքն՝ գետի ջրով: Իսկ մակերեւույթային ջրերի աղտոտման վտանգը շատ ավելին է, քան ստորերկրյա ջրերինը: «Դիլիջանի ջուրը մաքրվում է մաքրման երեք կայաններում, բայց քանի որ սարքավորումները հին են եւ մի քանի տասնամյակ չեն վերանորոգվել, հեղեղումների ժամանակ դրանք չեն հասցնում մաքրել ջուրը, եւ ստիպված ենք լինում պարզապես անջատել ջրամատակարարման կենտրոնացված համակարգը»,- ասում է «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցիչ Կամո Աղաբաբյանը:
Դիլիջանում ջրամատակարարման խնդիրները խորհրդայյին տարիներից են, սակայն այդպես էլ չի հաջողվել դրանք լուծել: Միայն 2000 թ. կառավարությունը այս խնդրին ուշադրություն դարձրեց եւ սկսեց լուծման տարբերակներ փնտրել:
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել մաքրման եւ ջրապաշտպան կառույցները, խողովակները 30 տարուց ավելի վաղեմություն ունեն: Անհրաժեշտ է նոր կարգավորիչ ջրամբարներ կառուցել: Նախատեսվում է նաեւ ջրի տեխնոլոգիական մաքրում, այսինքն զանազան ռեագենտների ավելացում, ֆիլտրման, քլորացման պրոցեսների բարելավում», - ասում է Աղաբաբյանը:
Նախատեսվում է տեղադրել ջրաչափեր, դրանք պետք է ձեռք բերի «Հայջրմուղկոյուղին»:
«Եթե ջուր լինի, իհարկե ավելի լավ է ջրաչափեր տեղադրել ու իմանալ' իրականում ինչի համար ես վճարում: Իսկ այսպես մեկ շնչի համար ամսական վարձավճարը հունվարից կրկնակի բարձրացել է' 300-ից 600-ի է հասել», - ասում է Մանյա Ասատրյանը:
Չնայած բոլոր խնդիրներին, Դիլիջանում ջրից թունավորման վերջին դեպքը գրանցվել է 1997-ին: Զոհեր չեն եղել: Այստեղ ոչ ոք տան ծորակից ջուր չի խմում: Դրա համար էլ համաճարակի վտանգը փոքր է:
«Վերջերս կենսաբանական աղտոտման դեպք եղավ' խողովակների մաշվածության պատճառով խմելու ջրին կոյուղաջրեր խառնվեցին»,- ասում է բնապահպան Արեւիկ Հովսեփյանը:
Համաշխարհային Բանկը վերջերս Դիլիջանի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար 1,2 մլն դոլար է տրամադրել, սակայն այդ գումարը ակնհայտորեն բավարար չէ ամբողջ համակարգը բարեկարգելու համար:
«Համակարգի լիարժեք վերակառուցման համար անհրաժեշտ է 2,8 մլն դոլար: Իսկ տրամադրված գումարով ջրով ապահովել հնարավոր է Դիլիջանի միայն 2/3-ին, քանի որ մաքրման 3 կայաններից միայն 2-ը կվերակառուցվեն»,- ասում է Կ. Աղաբաբյանը:
æրամատակարարման համակարգը ղեկավարելու է «Հայջրմուղկոյուղին», որն այսօր կառավարում է ֆրանսիական «Սոր» ընկերությունը: Վերջերս նախագծի համար տենդեր է անցկացվել, որը շահել է «æինջ» խորհրդատվական ընկերությունը: Շուտով կանցկացվի շինարարության տենդերը:
«Նախագիծը պատրստ կլինի 2 ամսից: Եթե վերականգնման աշխատանքներն սկսենք այս տարվա վերջում, մեկուկես, ամենաշատը' երկու տարուց վերջացրած կլինենք»,- ասում է «æինջ» ընկերության պրեզիդենտ Էդուարդ Մեսրոպյանը:
æրի խնդիր ունի ոչ միայն Դիլիջանը, սակայն այստեղ այն ավելի սուր է նաեւ այն պատճառով, որ սա առողջարանային վայր է, եւ քաղաքի զարգացման հույսը զբոսաշրջությունն է:
23-ամյա Նորա Կարապետյանը մանկուց ընտանիքով ամեն ամառ Դիլիջանի իրենց ամառանոցում է հանգստանում: Նորան ամանեղենը լվանում է ծորակի ջրով, սակայն ցայում է աղբյուրի ջրով: Իսկ երեխաներին անգամ աղբյուրի ջուրը տալիս է եռացնելուց հետո:
«Այստեղ ամեն ինչ հրաշալի է' բնությունը, օդը, եղանակը, բայց ջուրը' մի սարսափելի բան է: Երբ Դիլիջան հանգստանալու եմ գալիս, ջրի մասին չեմ ուզում մտածել», - ասում է Նորան:
Իրինա Վադաչկորիա
Լուս.` Խատիա Ջիջեիշվիլու
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել