HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ հայրենասերների միության անդամներ Էդիկ Ալեքսանյան եւ Ռուբիկ Վարդանյան

սկիզբը

Էդիկ Վրեժի Ալեքսանյանը ծնվել է 1942 թ., Գյումրի քաղաքում: Եղել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող: Անդամագրվել է Հայ հայրենասերների միությանը կազմավորման փուլում։ Մասնակցել է թռուցիկների կազմման, խմբագրման ու տարածման աշխատանքներին։ Զբաղվել է Հայ հայրենասերների միության նոր կառույցներ ստեղծելու եւ նոր անդամներ ներգրավելու գործով։ Առաջին նման կառույցը ստեղծել է իր ծննդավայր Լենինականում (Գյումրի), որը ղեկավարել է հետագայում գործով դատապարտված Ռուբիկ Վարդանյանը, ապա Ռուբիկ Վարդանյանի հետ միասին նախաձեռնել է Կիրովական (Վանաձոր) քաղաքում մասնաճյուղ հիմնելու գործը։ Ալեքսանյանի միջոցով են թռուցիկները հասել Գյումրի ու Վանաձոր եւ տարածվել տեղի բնակչության շրջանում։ Ազգային միացյալ կուսակցության հրապարակած «Փարոս» թերթը, որի բովանդակությունը, հակախորհրդային ուղղվածությունը եւ անկախության միտքը քննադատության են ենթարկվել Հայ հայրենասերների միության անդամների կողմից եւ միանգամայն անընդունելի են համարվել, Էդիկ Ալեքսանյանն էր ստացել Վարդանյանից ու ներկայացրել կազմակերպության անդամների քննարկմանը։

Մինչեւ դատավարությունը նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց, չի կիրառվել։ Կալանքի է վերցվել դատարանի դահլիճում՝ վճռի հրապարակման օրը:   

Դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում` ընդհանուր ռեժիմի կալանավայրում:

Ազատ արձակվելուց հետո փորձել է վերականգնվել  համալսարանում, բայց խոչընդոտների  է հանդիպել: Դիմել է պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Պողոսյանին, որն այդ տարիներին կրթության համակարգում բարձր պաշտոն է զբաղեցրել: Նրա օգնությամբ եւ միջնորդությամբ վերականգնվել ու ավարտել է համալսարանը:

Ապրում եւ աշխատում է Երեւանում:

Ռուբիկ Թադեւոսի Վարդանյանը ծնվել է 1945թ․ Գյումրիում: Նա եւ Էդիկ Ալեքսանյանը մանկության ընկերներ են եղել։ Հենց Երեւանում ուսանող Էդիկ Ալեքսանյանի առաջարկությամբ էլ նա ընդգրկվել է Հայ հայրենասերների միության շարքերը, ապա կազմակերպել է 8 հոգուց բաղկացած, ակտիվ գործունեություն ծավալող խմբակ-մասնաճյուղ Գյումրիում։ Մասնաճյուղի անդամները մասնակցել են ՀՀՄ կանոնադրության եւ հրապարակման նախապատրաստվող այլ նյութերի ու թռուցիկների քննարկման եւ մշակման աշխատանքներին։ Հրապարակված եւ բազմացման ենթակա գրականությունը, որ պատրաստվել է Երեւանում, Էդիկ Ալեքսանյանի միջոցով փոխանցվել է Ռուբիկ Վարդանյանին, իսկ նա, խմբակի անդամների հետ միասին, դրանք տարածել է Գյումրիում։ Այդ շրջանում (1967-68թթ․) Գյումրիում գործել է անչափահասներից բաղկացած պատանեկական մի խմբակ։ Դպրոցահասակ պատանիներն իրենց ուժերով հայրենասիրական բովանդակությամբ թռուցիկներ են պատրաստել ու տարածել Գյումրիում։ Ռուբիկ Վարդանյանը կապ է հաստատել նրանց հետ։ Այս խմբակի երկու անդամները՝ Ռուբիկ Վարդանյանի գլխավորությամբ, կարողացել են Հայ հայրենասերների միության պատրաստած թռուցիկների մի մեծ խմբաքանակ, կինոդիտման ժամանակ, տարածել «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում։ Էդիկ Ալեքսանյանի առաջարկով, Վարդանյանը՝ իր ծանոթ մի աղջկա միջոցով, նախաձեռնել է Վանաձոր քաղաքում Հայ հայրենասերների միության մասնաճյուղ կազմակերպելու գործը եւ համապատասխան գրականություն ու թռուցիկներ է փոխանցել այնտեղ, սակայն, ՀՀՄ-ի բացահայտման պատճառով նրան չի հաջողվել գործն ավարտին հասցնել։

Վարդանյանը հիշում է, որ ձերբակալվելուց հետո քննչական խմբում ընդգրկված քննիչներից մեկը՝ քննիչի իր գործը պարտաճանաչ անելուն զուգահեռ, մարդկային հետաքրքիր վերաբերմունք էր դրսեւորում։ Օրինակ՝ այդ քննիչն է առաջարկել ցուցմունքներ չտալ վանաձորցի ծանոթուհու հետ կապված, որպեսզի նա դուրս մնա մեղադրյալների շրջանակից։ Նույն նկատառումներից ելնելով` նույն առաջարկն է արել նաեւ գյումրեցի պատանիների դեպքում։ Արդյունքում՝ այս պատանիները եւ վանաձորցի ծանոթուհին գործում ընդհանրապես չեն հիշատակվում։

ՀՀՄ բացահայտումից ու Երեւանում 1968թ․ ապրիլի 15-17 ընկած հատվածում խմբի ղեկավար անդամների ձերբակալությունների ընթացքում Էդիկ Ալեքսանյանը հասցնում է տեղեկացնել Վարդանյանին խմբի բացահայտման մասին եւ առաջարկում է թաքցնել ամեն ինչ ու դադարեցնել գործունեությունը, սակայն, Վարդանյանի խմբի անդամները վճռում են իրենց ձեռքի տակ եղած թռուցիկների ողջ խմբաքանակը ապրիլի 24-ին ընդառաջ տարածել եւ տարածում են։   

Ձերբակալվելուց մեկ շաբաթ անց Ռուբիկ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվում է չբացակայելու մասին ստորագրությամբ։

Դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով եւ կալանքի է վերցվել հենց դատարանի դահլիճում։ Պատիժը կրել է Հայաստանում` Շահումյանի  ընդհանուր ռեժիմի գաղութում: Վեց ամիս անց՝ 1969թ․մայիսին, նրա նկատմամբ ռեժիմի մեղմացում է կիրառվում եւ նա իր երկու ընկերների՝ Էդիկ Ալեքսանյանի եւ Միսաք Խաչատրյանի հետ տեղափոխվում է Հրազդանի գաղութ-բնակավայր։

Ազատ արձակվելուց հետո աշխատել է որպես շինարար։

Ներկայումս բնակվում է Երեւանում եւ աշխատում որպես դիզայներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter