
Աշխատանք չկա, որովհետեւ բարքերը խիստ են
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը Հայաստանի ամենաաղքատ բնակավայրերից է: Քաղաքապետն ասում է, որ ամենադժվար խնդիրն այստեղ աշխատանք գտնելն է:
Սակայն վերջերս տեղի համալսարանի շրջանավարտ աղջիկներից մեկը մերժել է տեղական չափանիշներով շատ ձեռնտու մի առաջարկ՝ աշխատանք Հայաստանի ռեգիոնալ զարգացման բրիտանական ծրագրի տեղական ներկայացուցչությունում:
«Մեր հիմնական նպատակը տեղում կադրերի եւ ռեսուրսների ստեղծումն է, տեղի ներուժի օգտագործումը»,- ասում է Ծրագրի Գեղարքունիքի գրասենյակի ավագ մենեջեր Կորյուն Դանիելյանը: Նրանք դիմել են տեղի համալսարանի օտար լեզուների ամբիոն, հարցազրույց անցկացրել ավարտական կուրսի մի քանի ուսանողների հետ եւ գործավար-թարգմանչի պաշտոնի համար ընտրել քիչ թե շատ լավ ուսանողուհու՝ առաջարկելով կարգին աշխատավարձ եւ որակավորման բարձրացման հնարավորություն : Ուսանողուհին սկզբում տվել է իր համաձայնությունը:
«Սակայն ընտանեկան խորհուրդը որոշեց մեզ «չէ» ասել»,- պատմում է Կ. Դանիելյանը:
Նա ասում է, որ մերժման պատճառները երեքն են՝ գրասենյակում երկու տղամարդկանց մշտական ներկայությունը, տղամարդ վարորդի հետ գյուղեր մեկնելը եւ գրասենյակում արտաժամյա աշխատելու հավանականությունը:
«Ինչ ասել է լավ աշխատանք. աղջկան կարող են կարգին աշխատավարձ առաջարկել, սակայն ծնողները կորոշեն, որ այդ կոլեկտիվում աշխատելը լավ չէ»,- ասում է Գավառի համալսարանի շրջանավարտներից մեկը:
Խորհրդային տարիներին Գավառում մի քանի ձեռնարկություն էր գործում, դրանցից շատերը՝ անմիջականորեն Մոսկվայի ենթակայությամբ: Աշխատանքային «խառը»՝ կին-տղամարդ կոլեկտիվները եւ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկը սովորական բան էին: «Իսկ հիմա տեխնիկական մտավորականությունը մեկնել է այստեղից եւ իր հետ տարել քաղաքակրթությունը: Կարմիր դիպլոմն այժմ ընդամենը օժիտ է: Տեղի միակ ուսանողուհին, որին կարողացանք ընտրել մեր գրասենյակում աշխատելու համար եւ որին գերազանց պայմաններ առաջարկեցինք, մերժեց մեզ: Սա, իմ կարծիքով, աղետ է: Եւ շատ վատ նշան»,- նշում է Կ. Դանիելյանը:
Գավառի քաղաքապետի խոսքերով, 2003-ին քաղաքի բնակչությունը 1995-ի համեմատությամբ 40 հազարից կրճատվել է 26 հազարի: Սա՝ պաշտոնական վիճակագրությամբ:
Այսօրվա մշտական բնակչության մեծ մասը տարեցներ են: Գործող ոչ մի ձեռնարկություն չկա, եթե չհաշվենք մի քանի խանութները, «սրճարան» ցուցանակով կրպակները, շուկան եւ հացի գործարանը:
«Մեզ մոտ ոչ մեկն էլ չի աշխատում՝ ո՛չ կին, ո՛չ տղամարդ: Բոլոր ձեռնարկություններն ավերված են: Մարդիկ չգիտեն' ինչ անեն պարապությունից: Ամբողջ հույսը գյուղատնտեսությունն է, բայց դա էլ իրեն չի արդարացնում. Այստեղի կլիման շատ փոփոխական է», - ասում է մի 73-ամյա գավառցի:
«Մեր լավագույն մարդիկ մեկնել են: Բժիշկ եւ ուսուցիչ քիչ ունենք: Սա ճահիճ է. ով մնաց՝ խեղդվում է, ով գնաց՝ փրկվում: Ամեն ընտանիքում տանեցիներից մեկը արտասահմանում ապրուստ է վաստակում»,- պատմում է Անահիտ Դաբաղյանը:
Նրա դուստրը սովորում է տեղի համալսարանում: Սակայն հայտնի չէ՝ հետագայում կաշխատի, թե ոչ:
«Ես աղջկաս ամեն տեղ չեմ թողնի: Միայն' եթե հաստատ իմանամ, թե ինչ կարգի մարդիկ են այնտեղ, ինչը ոնց է»,- ասում է Անահիտը:
Հայաստանի ռեգիոնալ զարգացման բրիտանական ծրագրի Գավառի գրասենյակի աշխատակից Վարդան Ավագյանն ասում է, որ հաճախ աղջիկները համաձայն չեն ծնողների այս դրվածքի հետ, սակայն ստիպված են «ադաթին» ենթարկվել. բարքերն այստեղ խիստ են: Օրինակ, Գավառում կարող է միանշանակ չընդունվել մեքենայով տեղ հասցնելու առաջարկը:
«Մի անգամ քաղաքապետարան աշխատանքի գալիս տեսանք այնտեղի աշխատակցուհիներից մեկին եւ առաջարկեցինք տեղ հասցնել: Վերջինս հրաժարվեց.«Բա որ մեկը տեսնի, որ տղամարդկանց մեքենա նստեցի»: Բայց ախր մի տարի է' համագործակցում ենք քաղաքապետարանի հետ եւ ճանաչում ենք իրար»,-ասում է Կորյուն Դանիելյանը:
Գավառի աշխատող կանայք մեծ մասամբ մանկավարժներ են:
«Մեկ էլ խանութներում կարելի է կին վաճառողների տեսնել: Կինն այստեղ աշխատում է այնպիսի ոլորտներում, որոնք նրան չեն վարկաբեկում: Ոչ «արժանավայել» ոլորտներում նրանք չեն աշխատում. դե դուք գիտեք' ես ինչ նկատի ունեմ... Իսկ ընդհանրապես գավառցի տղամարդը մի քիչ խիստ է վերաբերվում իր կնոջը, դուստրերին»,- ասում է գավառցի մի ուսուցչուհի, որը ցանկացավ չհրապարակել իր անունը:
Անահիտ Նաջարյանը Երեւանում է ծնվել, սակայն 30 տարի է' ապրում եւ աշխատում է Գավառում, քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ սպորտի բաժնի պետն է: Նա ասում է, որ քաղաքը շատ է փոխվել: Պատճառն այն է, որ էլիտան, գործարար եւ նախաձեռնող մարդիկ լքել են այն:
«Գավառցիներն ախր հարուստ եւ ունեւոր էին, եւ շատերը անշարժ գույքի մեջ են ներդրումներ արել' տներ են սարքել: Իսկ հիմա, թողնելով իրենց հսկայական տները, նրանք տեղափոխվում են Երեւան, բնակարան վարձում, որ իրենց երեխաների համար գոնե մի բան անեն, ինչ-որ ապագա ապահովեն նրանց: Նրանք համարում են, որ մեր քաղաքը մեռած է»,- ասում է Անահիտը:
Սրճարան գնալը գավառցի աղջկա համար սովորական բան չէ: Աղջկան սրճարան հրավիրելն այստեղ ընդունված չէ:
«Եթե աղջկան սրճարանում նստած տեսնեն, ամեն տեսակի բամբասանք կսկսվի, ասենք' որ աղջիկը «սենց-նենց» է: Այսինքն տանը կմնա»,- պատմում է 18-ամյա Հովիկ Հովհաննիսյանը: - Այստեղ ես էլ իմ կնոջը չէի թողնի սրճարան գնար կամ աշխատեր: Երեւանում կամ ա՞յլ երկրում' խնդրեմ: Ինձ այստեղ դուր չի գալիս , ուզում եմ Երեւանում ապրել: Այստեղ եթե անգամ քրոջդ հետ ես դուրս գալիս, էլի սկսում են բամբասել: Այստեղ ահավոր է, սարսափելի է»:
æահել աղջիկները բողոքում են, որ ժամանցի վայրեր չկան: «Ու՞ր գնանք, եթե մի կարգին սրճարան չկա»,- դժգոհում է գեղեցկության սրահի մի աշխատակցուհի:
«Այստեղի սրճարանները երիտասարդների ժամանցի համար չեն, դրանք ավելի շուտ ինչ-որ գիշերային ակումբներ են»,- ասում է 36-ամյա մի ուսուցչուհի:
Գավառում ժամանցի միակ վայրը կարծես թե համալսարանն է: «Գավառի աղջիկները համալսարան հիմնականում ընդունվում են, որ տնից դուրս գան»,- ասում է Անահիտ Նաջարյանը:
Այլ պատճառներ էլ են լինում: «Համալսարան եմ ընդունվելու, որ լավ մարդ դառնամ»,- ասում է տասներորդ դասարանցի Մարիամ Կլեկչյանը:
Երիտասարդներն ավարտում են համալսարանը, բայց նրանց դիպլոմը ոչ մեկին պետք չէ. աղջիկներն ամուսնանում են, տղաները բանակ են գնում:
«Մեր համալսարանը քաղաքի կյանքն աշխուժացնում է»,- ասում է քաղաքապետ Գրիշա Հովեյանը:
Մեկ է' գավառում կյանքը տխուր է:
«Փորձում ենք ինչ-որ կերպ աշխուժացնել քաղաքային կյանքը' միջոցառումներ ենք կազմակերպում, որ գավառցիներին ոգեւորենք, բայց' անօգուտ: Երեխաների հետաքրքրությունը կորել է: Փողոց ես դուրս գալիս ու անկենդան դեմքեր ես տեսնում: Ես շատ եմ անհանգստանում իմ քաղաքի համար»,- ասում է Անահիտ Նաջարյանը:
Հ.Գ. Այս տարվա օգոստոսին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Հայկական Ժողովրդավարական Ֆորումը Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աշխատակիցների համար կանցկացնի գենդերային թրեյնինգներ: Անաշխատանք ու անկյանք քաղաքի համար այս թրեյնինգները գուցե դառնան մարզումներ դատարկ ջրավազանում, հերթական «զվարճալի» միջոցառումը: Իսկ գուցեեւ' ոչ:
Լիլիթ Ասրյան, Նատա Ոսկանյան
Լուսանկարը' Նատա Ոսկանյանի
Մեկնաբանել