Վանաձորի քիմգործարանը ոչ այն է մեռած է, ոչ այն է` կենդանի
«Դուք ձեր աշխատավարձը կստանաք, երբ կվերագործարկվի քիմգործարանը: Քիչ է մնացել, մի քիչ էլ սպասեք»,- ասում է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը հավաքվածներին: Մարզպետի աշխատասենյակում քաոս է: Յուրաքանչյուրը փորձում է ավելի բարձր գոռալ' իր ասելիքը տեղ հասցնելու համար: «Քիմպրոմ» ՓԲԸ-ի նախկին աշխատողներն են, մեկ հարց ունեն՝ ինչու մինչեւ օրս չի վճարվել իրենց աշխատավարձը:
«Սպասե՞նք: ՄԻնչեւ երբ սպասե՞նք: Ինչ եք կարծում՝ առանց փողի հաց կգնե՞ս, կվճարե՞ս կոմունալ ծախսերը, թե՞ երեխայիդ կարիքները կհոգաս», - ասաց մի տարեց մարդ, որի խոսքն իր բողոքով ընդհատեց մեկ ուրիշ աշխատակից: Վերջինիս գրկում իր երեք տարեկան երեխան էր. «Այս երեխան արդեն մեկ շաբաթ է' չի հաճախում մանկապարտեզ, որովհետեւ չեմ կարողանում վճարել ամսավճարը: Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ:»
Նման հանդիպումները մարզպետի եւ քիմկոմբինատի նախկին աշխատողների միջեւ դարձել են սովորական: Արդեն 4-5 ամիս է՝ բողոքի ցույցեր են անում, որոնք չեն տալիս սպասված արդյունքը: Մոտավորապես 200 աշխատող դիմել է դատարան աշխատավարձը ստանալու հայցով: 2002-ին դատարանի որոշմամբ քիմկոմբինատը ճանաչվել է պարտատու կողմ, սակայն մինչ օրս բավարարվել է այդ պահանջների չնչին մասը միայն:
«Պրոմեթեյ-Քիմպրոմ» ՓԲԸ-ն «Նաիրիտ»-ից հետո երկրորդ խոշոր գործարանն է հանրապետությունում: Այն զբաղեցնում է 100 հա արդյունաբերական տարածք (հավասար է ավելի քան 150 ֆուտբոլային դաշտի)՝ քաղաքի գրեթե կեսը, եւ հնարավոր չէ հեռվից անգամ չնկատել դրա կիսախարխուլ մասնաշենքերն ու սարքավորումները: Երբեմնի 5500 աշխատողներից այսօր Վանաձորի քիմկոմինատում մնացել են 50-ը (ոմանց տվյալներով՝ 20-ը), ընդ որում նրանց մեծ մասը պահակներ են:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի խոսքերով, քիմկոմբինատի նախկին աշխատողների թիվը, որոնց դեռ պարտք է գործարանը, տատանվում է 600 - 700-ի սահմաններում: Իհարկե, ոչ բոլորն են դիմել դատարան: Միայն 140 դիմում կա այսօր դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզային բաժնում: Բաժնի պետ Ալեքսանդր Առուշանյանն ընթացք չի տալիս գործին՝ իր որոշումը պատճառաբանելով հետեւյալ կերպ. «Մենք առայժմ չենք ուզում բռնագանձել գործարանի գույքը, քանզի դա կնշանակի խաչ քաշել քիմգործարանի վրա, որի վերագործարկումը մեծ նշանակություն ունի քաղաքի համար»: Գործարանի գլխավոր տնօրեն Վարդան Վարդանյանը, թեեւ բանավոր, բայց պարտավորվել է մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջը մարել բոլոր պարտքերը: «Պահանջների որոշ մասն արդեն բավարարվել է: Եթե այս տեմպերով շարունակեն, ապա համոզված եմ, որ նրանք իրենց խոսքի տերը կինեն»՝ վստահեցնում է պարոն Առուշանյանը:
Ինչպես Վարդան Վարդանյանն է ասում, վերջին 4-5 տարիներին գործարանի վերագործարկման նպատակով արվել է 20 միլիոն դոլարի ներդրում:
«Հիմնական խնդիրները, որ մնում է լուծել, հումքի ձեռքբերումը, անձնակազմի համալրումը եւ էլեկտրաէներգիայի ապահովումն է», - ասում է գործարանի գործադիր տնօրեն Մարատ Սերոբյանը: Եվ ավելացնում. - «Այսօր գործարանն ի վիճակի է արտադրել 15000 տոննա կարբիդի կալցիում, նույնքան արհեստական սուտակ եւ 10 000 տոննա մելամին»: Արտարդրանքի մեծ մասը արտահանվելու է հարավկովկասյան երկրներ, ինչպես նաեւ Հնդկաստան, Թաիլանդ, Սինգապուր, Իրան եւ այլն: Գործադիր տնօրենի խոսքերով՝ տրասնպորտի հետ կապված խնդիրները նույնպես լուծված են, «երկաթգիծը մտնում է գործարան, կան ավտոմեքենայի եւ օդային ճանապարհները:» Ընկերության բաժնետոմսերը պատկանում են «ՊոլիԿրիստալ-Ինվեստ» ընկերությանը, որը համագործակցում է մի շարք արտասահմանյան կազպակերպությունների հետ: Դրանք մասնագիտացված կազմակերպություններ են, որոնք զբաղվում են իրացման շուկայի խնդիրներով:
Գործադիր տնօրենը հրաժարվեց գործարանի վերագործարկման կոնկրետ ժամկետ նշել. «Թե երբ կվերագործարկվի գործարանը, չեմ կարող ասել, բայց աշխատողների համալրումը, կարծում եմ, մի քանի ամսվա խնդիր է: Այնպես որ, ես այստեղ որեւէ անհաղթահարելի խոչընդոտ չեմ տեսնում եւ միայն մի ցանկություն ունեմ՝ որքան հնարավոր է շուտ սկսել աշխատել»:
Գործարանի վերագործարկումը կապահովի տնտեսական մեծ աճ, որը կդադարեցնի բնակչության արտահոսքը: Վերջին տարիներին ավելի քան 70 000 մարդ է լքել քաղաքը: Այսօր Վանաձորում բնակվողների թիվը փոքր-ինչ ավելի է, քան մեկնածներինը: «Պատկերացրեք 3000 նոր աշխատատեղ: Եթե աշխատողները ստանան միջինը 50 դոլար աշխատավարձ, ապա քաղաքում դրամական շրջանառությունը ամսեկան կկազմի 150 000 դոլար: Քիմգործարանի վերագործարկումը փրկություն կլիներ քաղաքի համար», -ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Հույս ունենալով բարելավել բնակչության կենսամակարդակը՝ քաղաքպետարանը մի շարք զիջումների է գնացել: Քիմգործարանը տարիներ շարունակ ազատված է եղել հողահարկից եւ գույքահարկից: Այդուհանդերձ այսօր քաղաքին պարտք է 140 մլն դրամ: «Արդեն չորս-հինգ տարի է՝ մենք լսում ենք նույն հեքիաթը, թե ուր-որ է սկսելու են աշխատել: Բայց ոչ մի դրական տեղաշարժ այս ուղղությամբ չկա: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կդիմենք համապատասխան միջոցների, ընդհուպ մինչեւ դատական գործ հարուցելը: Մեզ ճառ ասողներ պետք չեն, մեզ զանգ կախողներ են պետք», - վրդովված ասում է քաղաքապետը:
«Բավական է, -բռունքները սեղմած բղավում է մարզպետը: - Քանի անգամ բացատրեմ. գործարանի սարքավորումները չեն կարող հանվել վաճառքի՝ հանուն ձեր աշխատավարձի: Գնացեք, նորից դիմում գրեք, հստակ ձեւակերպեք ձեր խնդիրը, դիմողների քանակը: - Նա հայացքն ուղղեց իր ժամացույցին եւ շտապելով ավելացրեց. - հետո կտեսնենք»: Այսպես ավարտվեց մարզպետի հետ գործարանի աշխատակիցների հանդիպումը:
«Ոնց որ կարուսել լինի. մեկ՝ մարզպետի մոտ, մեկ՝ դատախազի մոտ, մեկ՝ հարկադիր կատարողական բաժին: Ոչ ոք պատասխանատվություն չի ուզում իր վրա վերցնել»,- մարզպետարանի շենքը լքելիս հուսահատված ասում է գործարանի նախկին կապավոր Ռիմա Ստեփանյանը: Նա արդեն տարուց ավելի աշխատավարձ չի ստացել: «Եթե տղաներս Մոսկվայից չօգնեին, ես հիմա սովամահ էի եղել»: Գործարանում երկար տարիների աշխատանքից հետո այս տարի նա եւս համալրեց գործազուրկների բանակը:
Ալվինա Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Լուսանկարները' Իրինա Սարգսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել