HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում պետբյուջեի սուբվենցիաներով նախատեսված ծախսերը չեն կատարվում

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական վճարներից Ալավերդի համայնքին 2018թ. հատկացված 185,2 մլն դրամից 124,6 մլն դրամը նախատեսվել է ծախսել բնապահպանական ծրագրով: Բնապահպանական սուբվենցիայի 53,4 մլն դրամը հատկացվել է առողջապահական ծրագրի իրականացմանը: Ավագանին  տարեսկզբին միաձայն հաստատել է համայնքապետ Ս. Խեչումյանի ներկայացրած ծրագրերը: Դրանք ժամանակին համաձայնեցվել են առողջապահության և բնապահպանության նախարարությունների հետ: 

Անցած 7 ամիսներին բնապահպանական ծրագրով նախատեսված որևէ աշխատանք համայնքում չի սկսվել: Ընկերությունների կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական վճարներից համայնքների վարչական բյուջեներ մուտքագրվող մասհանումները նպատակային միջոցներ են և օգտագործվում են բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Խախտելով օրենքի պահանջը՝ բնապահպանական ծրագրով Ալավերդու «Հայպետշին» թաղամասում Ս. Խեչումյանը նախատեսել է  9 մլն 70 հազար դրամ ներդրումով շուկա կառուցել: 

Հիշեցնենք, որ Ալավերդու շուկայի նախկին շենքը 2004թ. նոյեմբերի 1-ից պատկանում է «Լալվար» քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանին, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին և Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին: Շուկայի նախկին շենքում ներկայումս տեղակայված է «Կատա առևտրի տուն» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնետերը Տարոն Աբգարյանն է, 25 տոկոս բաժնետերը` Արթուր Նալբանդյանի մայրը՝ Ալվարդ Նալբանդյանը և 25 տոկոս բաժնետերը՝ Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանի դուստրը՝ Էմմա Շաքարյանը:

«Ճիշտն ասած` ազգաբնակչության մի մասն ուզում է, մի մասը չի ուզում «Հայպետշին» թաղամասում   շուկա կառուցել: Ասում են` իրենց խանգարում է»,- բացատրում է Ս. Խեչումյանը: Ծրագրերը հաստատելիս Խեչումյանը ավագանուն շուկայի կառուցմանը խանգարող որևէ հանգամանք չի ներկայացրել: Ավագանին էլ միաձայն հաստատել է ծրագիրը:

Ս. Խեչումյան

Շուկայի հարցում իր հետագա անելիքը որոշելու համար Ս. Խեչումյանը 7 ամիս անց որոշել է մեկ անգամ էլ խոսել ավագանու հետ: Երեկ ավագանու նիստից հետո նա հայտնեց, որ բնապահպանական ծրագրով նախատեսված շուկան կկառուցվի Փիրուզյան թաղամասում: 

«Համայնքապետարանում նորմալ տարածք չեն գտնում շուկա կառուցելու համար: Այլ քաղաքներում շուկա կառուցվել է կենտրոնական հատվածներում»,- ասում է  առևտրական Ֆրունզիկ Գալստյանը:

Մի քանի օր առաջ Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը հանդիպել է առևտրականների և թաղամասի բնակիչների հետ: Բնակիչները պնդել են, որ այգու տարածքում շուկայի կառուցումը չեն թույլատրելու, առևտրականներն էլ չեն ընդունել «Հայպետշին» թաղամասի շուկայի տարածքը լքելու` բնակիչների պահանջը։

Առեւտրականները, մեջեղում` Ֆ. Գալստյանը

«Մենք այստեղի առևտրով ենք պահում մեր ընտանիքը: Եթե շուկայի նորմալ տարածք չկա, ու՞ր գնանք: Նախ` համայնքապետարանի առաջարկած տարածքը շատ հեռու է քաղաքի կենտրոնից, բացի դա` առաջարկվող տարածքում տեղակայված Ալավերդու բժշկական կենտրոնի դիահերձարանից 500մ շառավղով որևէ սննդի օբյեկտ, այդ թվում նաև շուկա կառուցելն անթույլատրելի է»,- բացատրեցին  Ֆրունզիկ Գալստյանը և մյուս առևտրականները: 

«Բնակիչների մեծ մասը մեզնից նիսիայով է առևտուր անում, նրանք տաքսի են վարձելու, գնան  Փիրուզյան թաղամասի շուկայից առևտուր անե՞ն»,- ասաց Մարինե Աբգարյանը: Շուկայի հարցում կրքերը Ալավերդիում լարված են: Բնապահպանական ծրագրից դեռևս կառուցման փուլ չի մտել  Ս/Սարահարթ թաղամասում 16,4 մլն դրամ նախահաշվային արժեքով նախատեսված արևային ֆոտովոլտայիկ կայանի կառուցումը: Կայանը նախատեսված է տեղադրել այն շենքի տանիքին, որտեղ բնակվում է համայնքապետ Խեչումյանը։ «Բայց մեր շենքի տանիքը լուրջ խնդիր ունի, ուզում ենք ավելի շատ մասնագիտական եզրակացություններ ստանալ, հասկանալ` տանիքը պատրա՞ստ է, ֆոտովոլտավիկ կայանը դնե՞նք, թե չէ»,-բացատրում է Ս. Խեչումյանը, որը ծրագիրն ավագանուն ներկայացնելուց առաջ անտեսել է իրենց շենքի տանիքի վիճակը: Բնապահպանական ծրագիրը միաձայն հաստատելուց 7 ամիս անց ավագանիում վիճահարույց է դարձել Սանահինի քարե կամրջի հարակից տարածքում 21,8 մլն դրամ նախահաշվային արժեքով ճեմուղի կառուցելու հարցը: Ս. Խեչումյանի խոսքով` ֆոտովոլտայիկ կայանը և ճեմուղին դեռ նախագծային փաթեթի փուլում են:

Խուդյակով փողոցի չմաքրվող հեղեղատարը

«Գիտենք, էս խնդիրը շատ մեծ է, չենք հասցնում նախագծերը սահմանված կարգով պատվիրենք»,-բացատրում է նա և վստահեցնում, թե նախատեսված աշխատանքներն այս տարի դեռ կհասցնեն ավարտել: Ս. Խեչումյանի խոսքով` Ալավերդու բնությունը թույլ է տալիս մինչև հոկտեմբեր ամսվա վերջը շինարարական աշխատանքներ կատարել: Մեզ հետ զրուցելիս Ս. Խեչումյանը հանկարծ հիշեց, որ ծրագրով նախատեսված քաղաքի շենքերի տանիքների ներկման աշխատանքները նույնպես  սկսված չեն: Համայնքի ղեկավարի ասելով` ընթացքի մեջ են նաև քաղաքի փողոցային հին լուսատուները լեդ լուսատուներով փոխարինելու աշխատանքները:

Ալավերդիում չհանդիպեցինք նաև ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքների: Քաղաքի Ջրավազան, Խուդյակով, Էնգելս, Փիրուզյան թաղամասերի հեղեղատարների մաքրման աշխատանքներ նույնպես չեն տարվում:

«Բնապահպանական սուբվենցիաների գումարներով հիմա ընթացքի մեջ է Աքորիում հենապատի վերանորոգման և գերեզմանատան ցանկապատի կառուցման աշխատանքը: Այս պահին աշխատանքը նախագծային փուլում է»,- ասաց համայնքի ղեկավարը:

«Աքորին բնապահպանական ծրագրով ընդամենը 600 հազար դրամ հատկացում ունի, դրանով պետք է գյուղում հեղեղատար կառուցվի: Բնապահպանական ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ չունենք: Իմ տեղեկությունով` դեռ հեղեղատարի կառուցման նախահաշվային աշխատանքները պատվիրված չեն »,- ասաց Աքորիի վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը:  

Հարութ Ձավարյան

«Այն, որ Ալավերդի համայնքի ղեկավարն արդեն 7-րդ ամիսն է` չի իրականացնում  բնապահպանական ծրագրի ֆոնդային բյուջեով նախատեսված աշխատանքները, ինձ համար լուրջ հարց է»,- ասում է ավագանու անդամ Հարութ Ձավարյանը: Վերջինիս ասելով` ինքը տեղյակ է, որ Սայաթ-Նովա  թաղամասի բնակիչները դեմ են իրենց շենքերի հարևանությամբ շուկա կառուցելուն: «Ես չեմ հասկանում նաև Ալավերդիում ֆոտովոլտայիկ համակարգի տեղադրման անհրաժեշտությունը: Այդ ներդրմանը համայնքի ղեկավարը պատրաստ չէ»,- ասում Է Հարութը: Թե ինչու է կողմ քվեարկել համայնքի ղեկավարի ներկայացրած ֆոտովոլտայիկ կայանի կառուցման  ծրագրին՝ Հ. Ձավարյանը բացատրում է. «Ես ՏԻՄ ոլորտին անծանոթ մարդ եմ եղել, բերել են ծրագիր են ներկայացրել, ասել են՝ գիտեք, էս ծրագիրը լավ ծրագիր է, ստորագրել եմ: Էսօր հետադարձ հայացքով  նայելով ավագանու որոշումներին, ես փոշմանել եմ հենց ֆոտովոլտայիկ կայանի համար»,- երեկ  ավագանու նիստից հետո հայտնեց Հարութ Ձավարյանը:

Վերջինիս խոսքով` Ալավերդու համայնքապետարանն այսօր բնակչության շրջանում դիտվում է  որպես իր աշխատանքներին անտեղյակ մարմին: Երեկ նիստից հետո Ս. Խեչումյանը փորձում էր ստանալ ավագանու նախնական համաձայնությունը բնապահպանական ծրագրով նախատեսված քարե կամրջի հարևանությամբ ճեմուղի կառուցելու գումարով աղբի ավտոմեքենա գնելու համար: «Նպատակայի՞ն է, արդյոք, ճեմուղի կառուցելու 20մլն դրամն ուղղել այդտեղ»,-քաղաքապետին  հարցրեց Հարութ Ձավարյանը: «Ալտերնատիվ 26 մլն դրամ տնտեսումն ինչի՞ արդյունք է»,- հարցրեց Ս. Խեչումյանը: «Դա բնապահպանական սուբվենցիաները Ձեր կողմից վատ պլանավորման արդյունք է»,- պատասխանեց Հ. Ձավարյանը:

Գլխավոր լուսանկարում` Ալավերդու շուկայի համար նախատեսված տարածքը  

Մեկնաբանություններ (21)

Նախկին ավագանի
Նախկին քաղաքապետը շատ բան չհասցրեց անի, կոպիտ ասած սևագիրը արեց, ֆունդամենտը գցեց ու գնաց: Բայց հո մենք գիտենք, որ բնապահպանական սուբվենցիաները համարյա 200 միլիոն իրա օրոք ա տրվել քաղաքին, որովհետև գործարանի արտանետումների պահով շատ պայքարեց, որ դրա դիմաց գումարը գոնե շատ լինի: Ուղղակի սրանք բաներ են, որ սովորական քաղաքացին չգիտի: Քաղաքում ինչ կարևոր գործ հիմի արվում ա, բոլորը նախկին քաղաքապետի ու նախկին մարզպետի շնորհքն է: Բայց ցավալի է, որ ծրագրերը նոռմալ չեն կատարվում ու դրանց մի մասը չի էլ արվելու, տարին կվերջանա, բոլորս կտեսնենք:
Մանանա
Հիմի քաղաքում մեծ շինարարություն ա արվում, ու շատ լավ ա, որ քաղաքը գեղեցկանում ա, բայց դա ներկա քաղաքապետի շնորքը չի, այլ նախկինի: Ինքը քաղաքը չի կարում մի ծայրից էն մեկը մաքուր պահի, ուր մնաց թե մեծ գործեր անի: Համատարած ամեն 3-րդ ալավերդցին դա ա ասում:
Արթուր
Երկու անգամ կարդացի Աքորվա գեղապետի և համայնքապետի ասածները Աքորու բնապահպանական ծրագրով նախատեսվածի մասին, մտածում էի ես եմ սխալ հասկացել, պարզվում է, ես ճիշտ էի հասկացել, ուղղակի համայնքապետը բան չի հասկանում, անտեղյակ է որը ինչ ծրագրով են անում, անում են թե չեն անում, բա որ չեն անում ինչու չեն անում. Արա դե ասա դա քո տեղը չի մինչև սոր գլխի չընկար
Կամո
Սասունի ձեռից Ալավերդին վարի ա գնում, էտ ով չգիտի որ աբսալյուտնը գործից բան չի հասկանում: Ավագանին էլ խելքս չի տարել, մի 2 մարդ խոսում մա մնացածը դամ են պահում, էս ա: Դա հենց գիդի 2 մայթ ա քանդել կամ 2 փոս ա լցնում տենց քաղաք են սարքում կամ տենց կարաս մարդկանց աչքերին թոզ փչես: Էնքան անճար ա, որ քաղաքում սկի հարց չի կարում լուծի, պտի մարզպետարանից մարդ գա որ մարդիկ իրանց պռոբլեմներից խոսան:
Անահիտ Մկրտչյան
Հարգելի լրագրող և իմ շատ սիրելի համաքաղաքացիներ: Ես նույնպես շատ դժգոհ եմ Ալավերդու ներկայիս վիճակից, հիմա այն ժամանակներն են, երբ ամեն տեղ զարգացումներ են նկատվում, շոշափելի գործեր են կատարվում, բայց իմ ծննդավայրում որևէ բան դեպի լավը չի փոխվում: Բայց ուզում եմ ասել, որ համայնքի կառավարումը միայն ղեկավարը չպետք է անի: Խայտառակ վիճակում է քաղաքաշինության բաժինը, որտեղ մարդիկ իրենց գործից բացարձակ բան չեն հասկանում: Առիթ եմ ունեցել դիմելու և այս կարծիքը կազմելու: Իսկ իմ Ալավերդու ապագայի հանդեպ շատ լավատես եմ, ուղղակի այստեղ էլ նոր ընտրություններ են հարկավոր:
Մարինե
Մանկապարտեզներում հանդեսները պրծել են, երեւի արդեն ծրագրերով կզբաղվի;
Սերգո
Պարզ երևում ա, որ ինչ որ մեկը ջանադրաբար ճանապարհա բացում իր համար դեպի քաղաքապետի աթոռը ու գործի է դրել իր ,,խոշոր քաղաքական մեկնաբաններին,, համապատասխան հող պատրաստելու համար:Չեմ ասում որ հիացած եմ քաղաքի վիճակով,բայց էս ամենի կազմակերպպողների հոգսը ամենևին այդ խնդիրները լուծելը չէ:Դրանք բոլորիդ քաջ հայտնի դեմքեր են,ովքեր չեն ուզում կորցնել քաղաքի վերահսկողության լծակները,իսկ Սասունի միջոցով այն պահելը ներկա իրողությունների պայմաններում անհնար է:Ահա և ամբողջ պատմությունը,շուտով կհամոզվեք:Քաղաքը փոքր է և բոլորի ձեռագիրը ճանաչվում է,առավել ևս որ ոչ պատվիրատուներն են փոխվել,ոչ էլ կատարողները:
Արարատ
Այ որ սաղ Ալավերդին մետ-մետր ծախած չըլներ, հիմի ընգած շուկայի տեղ չէին ման գա: Շուկան պետք ա քաղաքի կենտրոնում ըլնի, դա սկի քննարկելու հարց չի, բայց քանի որ մեր քաղաքապետը Սասունն ա, ուրեմը շուկան կարա դիահերձարանի կողքին էլ ըլի:
Աննա
Քաղաքի մասին մտածող չկա; Ալավերդին անտերության ա մատնվել; Ամառը քաղաքը լիքը հյուր ա ունենում դրսից, մարդիկ ապշում են, թե ինչ ա կատարվում քաղաքում; Մի փոքր ժամանակակից քաղաքի շունչ են հաղորդում դեկորատիվ ծաղկամանները, դրանց էլ նայում ես, մեղքում կորչում ես, քիչ ա մնում մտնես, ծաղիկ առնես, տնկես մեջները; Էդ էլ իզուր են արել, համատարած գազի, փոշու ու կեղտի մեջ էդ էլ չի երեվում:
Ankax Qaxaqaci
Մարդը չի կարում իրա աշխատողներին գործ անել տա, դրել քաղաքի վիճակն էք քննարկում:Չեն լսում ասածները, չեն ենթարկվում հոմ զոռով չի, ավագանու նիստերը չեք տենում, մի ալարեք նստեք նայեք սկզբից մինչեվ վերջ ուղիղ եթերով ու տեսեք ինչ ա կատարվում, ոչ իրա ուզածն ա կարում բացատրի ոււ ոչ էլ մի բան քննարկի մինչեվ վերջ: Իսկ քաղաքապետարանի խորդակցությունների մասին էլ դրսերում են պատմում որ ոչ մի աշխատողի հախից չի կարում գա;
Սամո
Ոչ ավագանին ա մի բան ոչ էլ էս քաղաքապետը քաղաքապետը սաղ օր հանդեսիա ավագանին էլ ձեռ բրցացնող ա մի քանիսն էլ փիառչիկ: Սաղ իրանց գործով ու խնդիրները լուծելով են օր անցկացում իսկ թե քաղաքը ինչ կլի ում էլ պետք ա: Քաղաքը անտեր ա սաղ էլ տեսնում են բայց ձեն հանող չկա
Կամո
Մեր քաղաքապետին որ լսում ես, իրա նմանը չկա, իրա աշխատանքը 10+ ա գնհատում, բայց որ խոսացացները լսում ես լացդ գալիս ա, Դիլիջանի պավառոտներից սկսում ա Քոբուլետի պրծնում:
Մանանա
Ես ուղակի ապշում եմ կառավարության ու նախարարության վրա, ասում են երկրում իրավիճակ ա փոխվել, բա էտ իրավիճակը Ալավերդի խի չի փոխվում, որ եթե մարդը չի աշխատում, դեռ մի բան էլ հանրապետական ա, բայց հմի էլ դրած նիկոլական ա խաղում, ասեն գնա ձեր տուն: Մթոմ ընտրությունից առաջ դրան բերողը չգիդե՞ր ինչ խաղ ա խաղալու էս քաղաքի գլխին, բռնեցին էն աշխատող մարդուն ասին էլ չես աշխատելու ու բերին ալավերդցոց կռուպնի փաստի առաջ կանգնացրին: Հերիք էղավ էլի: Դե եթե էս կառավարությունը էդքան ուշադիր ա աշխատում, թող հետևեն Սասուն Խեչումյանի աշխատանքին, թող հարցումներ անեն, թե իրանից առաջվա քաղաքապետը ոնց էր աշխատում ու թող մտածեն: Վերջը էս քաղաքը փրկություն ունի թե՞ չէ:
Ավագանու անդամ
Հարգելի բարեկամներ, ընթերցողներ ջան: Խայտառակություն ա, խայտառակություն: Սենց քաղաք չեն ղեկավարում, սենց անկազմակերպ վիճակ ոչ տեսել ենք, ոչ լսել: Չես ջոկում ավագանու նիստի ես թե բազար-վակզալում, չես ջոկում քննարկման ես, թե պռոստը էկել ես իրա արդեն որոշած բաներին դամ պահես:
Նախկին ավագանի
Հարութ ջան, էս ինչ ես ասում ապեր: Ոչ մի քաշքշուկ էլ չկա, պատրաստի ծրագրերը ձեռն են դրել, պետք ա հերթով անի: Սասունը վերջի տասնամյակում Ալավերդու ամենաանտեղյակ քաղաքապետն ա, ինչ անենք թե իրավաբան ա աշխատել քաղաքապետարանում: Հեչ պետք չի է, որ ասենք թե իմանա թե ավագանին ինչքան ժամանակը մեկ պետք ա նիստ գումարի կամ ասենք թե ՏԻՄ օրենքով ինչ լիազորություն ունի աշխատակազմի քարտուղարը: Պետք ա գործ անի, գործունյա լինի, դրսից էկածի հետ կարենա 2 բառ փոխանակի: Իսկ ինչ մնում ա յուրացումներին ու կեղծիքներին, որ լավ ման էկող ըլնի, դա էլ կգտնի: Լենուբոլ բյուջեն ձեռին, մենակ տնտեսումներ ա անում, շրջվես ասես գործ արա ու նոր տնտեսի, գյուղական համայնքներդ վարի են գնում, Ալավերդու մասին էլ լռեմ:
Հարութ
Ալավերդին վերջին տասնամյակում վերջապես ունի մի քաղաքապետ, որը տեղյակ է ՏԻՄ ոլորտից, խելացի ու բարի մարդա, խիեք փորձում ցեխ շպրտել, լավ կլնի չէ որ հրաժարական տա մի 22 տարեկան աղջկա նշանակեն՝ ասեք ՞՞էսինչ լավ ջահել քաղաքապետա՞՞։ Էտ քանդուքարափ ձեր քաղաքը կարողա ուզումեք 2 օրում սարքի տա ձեզ։ Գրեք յուրացում կա, կեղծիք կա հասկանամ, գրումա չի արվել։ Իսկ դուք գիտեք ինչ քաշքշուկա էտ սուբվենցիաներով գործ անել։ Ամոթա ․․․
Դավ Ջան
Դա իրա ավագանու հետ խի չի դիմումը գրումը գնում?
Գոհարիկ
Նախորդ համայնքապետերն էլ շատ բացթողումներ են ունեցել,բայց սենց անգործություն իրոք դեռ չէինք տեսոկ։Բացահայտ մարկանց կարծիքի վրա թքած ունի քաղաքապետը։Ընկեր Փարեմուզյան ապրեք դուք,ճիշտ ասեցիք նիստին որ Մոսինյանի դագաղների բիզնեսինա զարկ տալիս մեր քաղաքապետը։Իսկ ավագանու մի մասը ուղղակի ձեռք բարձրացնողներ են ,գործից անտեղյակ։Իսկ են մեկ երկու ավագանին որ սրտացավ են ու ուզում են փոխեն ինչոր բան,ցավոք սրտի միշտ մենակ են մնում։
Սամվել
Հարութն ասում է ես ՏԻՄ ոլորտին անծանոթ մարդ եմ եղել, բերել են ծրագիր են ներկայացրել, ասել են լավ ծրագիր է, ինքն էլ ստորագրել է. Ապեր ջան ՏԻՄ ոլորտից հասկանալ չհասկանալը ծրագրի լավ ու վատ լինելու հետ ինչ կապ ունի: ՏԻՄ օրենքի որ կետում է ասվում դա լավ ծրագիր է թե վատ
Կարեն
Ուղակի հեղափոխությունը Ալավերդի չմտավ, որ սաղ քաղաքը կանգնի ու վատ ղեկավարին ասի գնա ձեր տուն, քանի որ արդեն ժամկետանց ես: Նայում ես խոսացացները, մի բանից տեղյակ չի, մի բան չի անում,ստեղծում քաղաքում, որ ասես խելքը գլխին գործ էր:Հմի էլ աղբի ավտո ա առնում: Խոտ ու մացառը սաղ քաղաքը բռնել ա, ոնց որ մոշուտի մեջ ապրես, աղբի ավտոն դրա հետ ինչ կապ ունի?
Vardan
Իմ պաշտելի քաղաք Ալավերդի էս ինչ բրախած օրի ես հասել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter