
Պաշտպան. «Ռոբերտ Քոչարյանը փոքրիկ ցուցմունք է տվել. ընդամենը 17-18 տող»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ դատարանի կայացրած որոշումը բացարձակ ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է, և սա այն է, ինչը վերջերս, մոդայիկ դարձած բառով, կոչվում է վենդետա, սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի»,- ասաց Սողոմոնյանը:
Սողոմոնյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչու գործը նման ընթացք ստացավ. «Վստահ եմ՝ հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչու նման արագությամբ տեղի ուենցավ այս գործընթացը, որը ոչ մի կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ: Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի պատմության համար անչափ կարևոր այս գործը քաղաքական նպատակների համար պատանդ է դարձել, և ցավում եմ, որ իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից»,- ասաց նա:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ Քոչարյանն ապօրինի է կալանավորվել, «քրեական գործը սարքվել է նրա դեմ և կապ չունի ՀՀ օրենքների հետ»: Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ այս գործը ոտնահարում է Սահամանադրությունը:
«Պահանջում ենք ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը, բողոքարկելու ենք այս բոլոր քրեական գործերը»,-մանրամասնեց Վիկտոր Սողոմոնյանը:
Քոչարյանի գործով փաստաբաններից Ռուբեն Սահակյանն ասաց, որ իրենց համար ելակետ է հանդիսանալու ՀՔԾ-ի հաղորդագրությունը, որով հայտարարվել էր, որ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության:
«Թողնում եմ ձեզ՝ որոշելու այդ հաղորդագրությունը և առաջադրված մեղադրանքը բովանդակային առումով նման են, թե չէ: Եթե ես խոսոմ եմ հաղորդագրությունից, ուրեմն մի բան գիտեմ, որ խոսում եմ դրա բովանդակությունից, փաստարկներից, հիմնավորումներից: Եւ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, ի դեպ, գիտեք, որ հրավիրված էր որպես վկա, բայց հենց առաջին իսկ պահից ասացին, որ կարգավիճակը փոխվում է, և մեղադրանք է առաադրվել»,- ասաց Սահակյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին իրեն էլ են միանգամից մեղադրանք առաջադրել, հետո կարճել՝ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված: Փաստաբանի համոզմամբ՝ այս գործը նույն վախճանն է ունենալու:
Ռուբեն Սահակյանի խոսքով՝ չնայած Ռոբերտ Քոչարյանը պատրաստվել է մանրամասն ցուցմունքի, սակայն ցուցմունք չի տվել, քանի որ միանգամից մեղադրանք է առաջադրվել:
«Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի որոշմանը, ես չէի ծանոթանում, որովհետև արդեն հայտարարեց, որ ցուցմունք չի տալու, ինձ այլևս չէր հետաքրքրում մեղադրանքի բովանդակությունը, մտածում էի՝ դուրս կգամ, կծանոթանամ: Անկեղծ ասած՝ կարծում էի՝ կկալանավորեն, չէի կասկածում: Հետո ներկայացվեց մեղադրանքի բովանդակոթյունը, կատարվեցին դատավարական անհրաժեշտ գործողությունները: Ես նկատեցի հետևյալը՝ նախ սենյակում գտնվում էին մարդիկ (քննիչներ), որոնք մեկից ավելի էին, նրանցից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, բովանդակությունը չեմ բացում, ընդամենը 17-18 տող և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպե անց բերեց որոշում՝ խափանման միջոց ընտրելու մասին: Մտածում էի, որ կձերբակալեն, չէի մտածում, որ բաց կթողնեն, ասացին՝ էս տրցակը 136 էջից, էս որոշումը, որը 13 էջից էր բաղկացած, ազատ եք: Դուրս եկանք, կարծիքս փոխանցեցի պարոն Քոչարյանին, որ հավանաբար վաղը նիստը կնշանակվի, տարել եմ պայուսակս թողել տանը, գնացել իմ գործերով: Ժամը 21.35-ին ինձ հանձնվել է ծանուցագիր՝ ներկայանալ դատարան, նիստը նշանակված էր ժամը 22.00-ին: Մտավախություն ունենալով, որ կարող են առանց մեզ սկսել՝ գնացի դատարան, պարզվեց, որ պարոն Քոչարյանին ծանուցագիր չի հանձնվել: Գիտեք, որ լույս 26-ի գիշերն է վերադարձել Հունաստանից, քնաբեր հաբ է խմել և քնել, չի փոխանցվել իրեն ծանուցագիրը: Այս մասին ասվեց դատական նիստում»,-մանրամասնեց Ռուբեն Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ մինչ նիստը սկսվելը՝ ժամանակ է խնդրել, որպեսզի պատշաճ պատրաստվեն դատական նիստին և ծանոթանան ստացած նյութերի բովանդակությանը:
Փաստաբանի խոսքով՝ դատական նիստին Ոոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել, ըստ Ռուբեն Սահակյանի, բավական հուզիչ, որից հետո փաստաբաններն իրենք են ելույթներով հանդես եկել:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը հիշեցրեց, որ կալանքի միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ է մի քանի նախապայման, ինչպես՝ անձի առնչությունը մեղադրանքին, հիմքերը, որ մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի ընթացքին:
«Որպես հիմնավոր կասկած՝ բերվում էր այն հանգամանքը, որ ինչ-որ X-ը դեպքերից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ էս ինչ ժամանակ կրակոցներ են եղել, քննիչը հիմնավոր է համարում այդ ցուցմունքը»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ չբացահայտվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց:
Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Արամ Օրբելյանն էլ ասաց, որ գործում ի սկզբանե ներգրավված է եղել միայն Ռուբեն Սահակյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հացաքննության վկայի կարգավիճակով, սակայն մեղադրանք առաջադրելուց հետո գործին միացել են նաև այլ պաշտպաններ:
Պաշտպանի խոսքով՝ չի կարելի քաղաքացուն վկայի կարգավիճակով հրավիրել հարցաքննության և անմիջապես մեղադրանք առաջադրել: Փաստաբանն անդրադարձավ Սահմանադրությամբ տրված նախագահի անձեռնմխելիության հարցին:
«Անձեռնմխելիության իմաստն այն է, որ անձը, կատարելով հանցագործություն կամ հնարավոր հանցագործություն, մենք իհարկե չենք նշում, որ պարոն Քոչարյանը կատարել է հանցագործություն, ազատվում է ոչ միայն պատասխանատվությունից, այլ ցանկացած գործընթացից, որը ենթադրում է հետապնդում, այսինքն՝ ոչ թե պետք է գործը քննենք՝ հասկանանք կատարել է այդ հանցանքը, թե ոչ, այլ գործը չպետք է սկսվի»,- ասաց Օրբելյանը:
Պաշտպանի խոսքով՝ մի շարք պաշտոնատար անձանց տարբեր փաստաթղթերով տրվում է անձեռնմխելիության իրավունք, որպեսզի այդ անձինք չկաշկանդվեն իրենց գործողություններում և մտավախություն չունենան, որ հետագայում կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց լիազորությունների շրջանակում կատարած գործողությունների համար:
«Օրինակ՝ Ղարաբաղի հետ կապված ցանկացած համաձայնագիր կարող է հարց առաջացնել հետագայում, որ դու Ադրբեջանի հետ ստորագրել ես պայմանագիր, չես սահմանել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, դա դավաճանություն է»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, սակայն, որ անձեռնմխելիությունը չի նշանակում ամենաթողություն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել