
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու հարցով
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին, որպեսզի սկսվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնում մեկ այլ անձով փոխարինման գործընթաց: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակում Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրել, Խաչատուրովը երեկ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Տեղեկացնենք նաև, որ այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քննարկվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու հարցը:
Բալայանը մանրամասներ չհայտնեց, թե ինչ ընթացակարգով է որոշվելու՝ ով է լինելու ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը, արդյոք հայկական կողմն է թեկնածու առաջադրելու, թե ոչ՝ նկատելով, որ կորոշվի ըստ ՀԱՊԿ գործող ընթացակարգերի:
Տեղեկացնենք, սակայն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանինն է:
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Մեկնաբանել