Ո՞վ կհաղթի. Նիկոլը, թե՞ Փաշինյանը, կամ ի՞նչ կատարվեց Հայաստանում
Հայաստանում իրադարձություններն այնքան գլխապտույտ էին, որ համակարգչից պոկվել պարզապես հնարավոր չէր:
Բայց ի՞նչ կատարվեց Հայաստանում. հեղափոխությու՞ն, իշխանափոխությու՞ն, թե՞ մեկ այլ բան:
88-ին ես ուսանող էի Երևանում: Այն ժամանակ պատանյակ էի. շուրջս կատարվողը լրիվությամբ չէի հասկանում: Հիշում եմ, որ տաք էր...ժողովրդի (հ)ոգին: Արցախյան պատերազմի ժամանակ էլ ժողովրդի նույն (հ)ոգին էր տաք:
2018-ի ապրիլ-մայիսն այլ էր: Այն սոսկ իշխանափոխություն չէր. ոչ էլ հեղափոխություն: Շատ ավելի խորը մի բան կատարվեց, որ Հայաստանում այդպես էլ չնկատեցին: Իրականում ազգի Գենը սկսեց խլրտալ ու…արթնանալ: Ես նույնիսկ վախենում եմ սրա մասին խոսել: Տարօրինակ վախ, որ սիրտդ ուրախացնում է:
Չգիտեմ ինչպես բացատրել այս «ազգի գեն» կոչվածը: Դա «ազգային արժեքները» կամ «ադաթները» չեն. ոչ էլ «ազգային կրոնը»: Իմ ասած «ազգի գենը» շատ ու շատ ավելի խորն է: Ես այն զգում եմ իմ ոսկորների խորքում. դա իմ էության ամենախորն ու անբաժանելի մասն է. իմ էության «սուրբ տաճարը», որտեղ նաև իմ նախահայրերի (հ)ոգիներն են:
2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդը չէր միայն, որ ոտքի կանգնեց. ոտքի էր կանգնել նաև «ազգի գենը»: Եթե դա միայն ժողովուրդը լիներ, ապա նաև ջարդ ու փշուր կաներ… ու կգլխատեր, ինչպես այլ հեղափոխությունների ժամանակ էր: «Թավշյա հեղափոխություն» չի լինում:
Սարդարապատում «ազգի գենը» չէր, որ արթնացել էր, այլ ազգի (հ)ոգին (ու արժանապատվությունը. նույնն էր նաև Արցախում ու ԱՍԱԼԱ-ի ժամանակ): Ազգի արժանապատվությունն ու «ազգի գենը» տարբեր բաներ են: Նժդեհն էլ փորձ էր անում հենց «ազգի գենն» արթնացնել (թեև ինքը դա այլ բառերով էր նկարագրում):
2018-ի ապրիլ-մայիսին «ազգի գենն» արթնացավ (համազգային երջանկություն է): Թե ինչու հատկապես հիմա, չգիտեմ: Ենթադրում եմ, որ ազգի հավաքական գենն, իր միսիան դրսերում ավարտած համարելով, կրկին ցանկանում է մեկ տեղ հավաքվել (հայրենիք վերադառնալ): Վերադառնալու համար նախկինում տեղ (պետություն) չկար: Եղեռնն այս գործընթացն արագացրեց:
Համահայկական ընդվզման ճանապարհով «ազգի գենն» արթնացավ. 1000 տարվա մեջ հայի միակ պետությունը կործանման եզրին էր (1-ին և 2-րդ հանրապետությունները չկայացած միավորներ էին):
Նիկոլը բանիմաց ու խարիզմատիկ է, բայց այս ամենը շատ ու շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյան անձն ու իր «Իմ քայլը» շարժումը: Նա պարզապես ճիշտ պահին ճիշտ վայրում էր ( in the right place at the right time): Նախախնամությու՞ն. միգուցե:
20 տարվա (1998-2018) հակահեղափոխությունից հետո «հրաբուխը» ժայթքեց: «Բզբզողը» ազգի գենն էր: Այսօր Հայաստանը ոչ թե հետհեղափոխական, այլ հետհակահեղափոխական դարաշրջանում է:
Հայաստանյան վերլուծաբանների մեծ մասը ժողովրդին համարում էր «զոմբիացած ու բան փոխելու անընդունակ»: Նրանք սխալ էին (այս վերլուծաբանների մեծ մասը Բ26/Կրեմլից էր ուղղորդվում): Նույն մարդիկ այսօր շարունակում են վերլուծություններ անել:
Մոտ ապագայում Փաշինյանի միակ ընդդիմադիրը լինելու է…Նիկոլը: Ո՞վ կհաղթի: Կռահեք ինքներդ. Նիկոլը հայի արթնացած գենն է ներկայացնում, իսկ Փաշինյանը՝ կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ): Եթե Նիկո՛լը չհաղթի, հայի արթնացած գենը նոր Նիկոլ կգտնի: Այս հզոր արթնացումը (awakening) կուսակցություններից ու խմբային շահերից վեր է. Նիկոլն այլ մարդկանց ու մասնագետների էլ պիտի ներգրավի՝ չսահմանափակվելով միայն ՔՊ-ով ու երիտասարդ համակիրներով:
Հայի արթնացած գենը Նիկոլից Ինքնիշխան պետություն է պահանջում: Հայը ստրկացած այլևս չի ցանկանում ապրել:
Առաջին քայլը Արժեքների (մարդկանց մտածելակերպի) փոփոխությունն է (դոգմաներից դեպի արժեքներ):
Այս պրոցեսում սխալներ ու վրիպումներ կլինե՞ն: Այո, կլինեն:
Այս պրոցեսում Մոսկվայից, Անկարա-Բաքվից ու հենց երևանյան որոշ ուժերից սադրանքի փորձեր կլինե՞ն: Այո, կլինեն:
Բայց՝ երբ ազգի հավաքական գենն է արթնանում, դրա դեմ «խաղ չկա»: Դրա դեմ խաղ պարզապես չկա:
Այո՝ կոռուպցիայի դեմ պայքար և անկախ դատական համակարգ:
Այո՝ ընտրացուցակների մաքրում և արտերկրում ապրող հայաստանցիների ընտրություններին մասնակցություն:
Այո՝ տեղական անկախ կուսակցություններ, ընտրովի «Մարզային ժողովներ» և երկպալատ ԱԺ (Վերին պալատում ՄԺ ներկայացուցիչներով):
Այո՝ 5 մարզ + Երևան: Ու երկրորդ մայրաքաղաք (կամ այլ մայր քաղաքներ՝ Գյումրի,Կապան):
Այո՝ հավասար իրավունքներ բոլոր քաղաքացիների համար ու եկեղեցի-պետության նաև de facto անջատում:
Այո՝ անհատին հարգող ու քաղաքացուն պատկանող պետություն:
Այո՝ հանքարդյունաբերության սանձում ու (գոնե մասնակի) ազգայնացում:
Այո՝ ջրամբարների կառուցում (ջուր վաճառելու համար) ու սեփական արդյունաբերություն (հատկապես քարի մշակում):
Այո՝ սեփական ռազմարդյունաբերություն և հարձակողական մտածելակերպ:
Այո՝ ՀՀ-ԼՂՀ կապի de jure հստակ ձևակերպում և օտարների կողմից Հայաստանի տարածքի ձրի օգտագործման դարաշրջանի վերջ:
Նախ հավատալ` հետո տեսնել: Մենք կրկին «ծովից ծով» ոգի և գե´ն պիտի ունենանք. հրածին, հրաշունչ, ինքներս մեզ պաշտող ու ինքներս մեր ուժին աղոթող ոգի և գեն: Մեր շահերին հարվածողին մենք (ոչ քրիստոնեաբար) պատժե՛լ պիտի սովորենք՝ (քրիստոնեաբար) հարմարվելու փոխարեն: Մեր տարածաշրջանում այլ ձև չկա:
Աշխարհի 4 կողմում ազգի գենը շարժվում է. դա վերադարձի խլրտանքն է: Ես վախենում եմ այս ուժից, բայց այս վախն իմ սիրտն ուրախացնում է:
Վարազ Սյունի
25.07.2018, Նիդեռլանդներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել