Հայաստանում ուսումնական էլ-ձեռնարկների շուկան ձեւավորված չէ
Հայաստանի գրախանութներում այսօր էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ գրեթե չկան, առավել եւս եթե խոսքը վերաբերում է հայերեն նյութերին: Տարբեր լեզուներով եւ սահմանափակ թվով էլեկտրոնային ձեռնարկներ 3000-ից 24.000 դրամի սահմաններում կարելի է ձեռք բերել CIT, Migma, Lans, Xartia ընկերություններում եւ «Նոյյան Տապան» գրախանութում: Սակայն դրանք մատչելի են միայն օտար լեզուներով եւ բավականին թանկ են:
Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդնումը կրթական համակարգում հրատապ է դարձրել էլեկտրոնային կրթական նյութերի ստեղծման անհրաժեշտությունը:
Հայալեզու եւ օտար լեզուներով էլ-ձեռնարկների ստեղծման աշխատանքները Հայաստանում շատ դանդաղ են ընթանում: Կան նախաձեռնություններ, որոնք աշխատում են կամ արտաքին շուկայի համար, կամ չունեն բավականաչափ փորձ եւ ռեսուրսներ: Այնուամենայնիվ, ինչ-որ բան արվում է:
Ինչպիսի՞ համակարգչային կրթական նյութեր են ստեղծվում Հայաստանում եւ ովքեր են նախաձեռնողները
Հայալեզու էլեկտրոնային ձեռնարկների մշակման 3 տարիների փորձ ունի ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնը: Ամբիոնում ստեղծվող ուսուցողական ձեռնարկները նախատեսված են միայն հանրակրթական դպրոցների համար: Դրանք հիմնականում տպագիր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներն են: 2001թ.-ից Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ ամբիոնում ստեղծվել են հայերեն կրթական CD-ներ` կենսաբանություն եւ քիմիա առարկաների հիման վրա 9-րդ եւ 10-րդ դասարանների համար: Այս տարի ամբիոնի աշխատանքային խումբը մինչեւ տարվա վերջ աշխատելու է Քիմիա` 7-րդ, Հայ ժողովրդի պատմություն` 5-րդ, Ինֆորմատիկա` 9-րդ եւ 10-րդ եւ Քիմիայի լաբորատորիա` 5-րդ դասարանների դասագրքերի սկավառակների ստեղծման ուղղությամբ:
Արդեն ստեղծված սկավառակներում ընդգրկվում է դպրոցական դասագրքի հիմնական ուսումնական նյութը: Դասընթացները պարունակում են բազմաթիվ նկարներ, անիմացիաներ, ունեն առարկայական նյութի ձայնային ուղեկցում: Օրինակ` քիմիայի վիրտուալ լաբորատորիա համակարգը հնարավորություն է տալիս իրական լաբորատոր սարքավորումների բացակայության դեպքում փորձերն իրականացնել վիրտուալ լաբորատորիայում, որտեղ աշակերտին տրամադրվում են քիմիական նյութեր, տարաներ եւ գործիքներ: Փորձի ընթացքում արվում են համապատասխան դիտողություններ, տրվում ցուցումներ: Բերվում են փորձի իրականացման ընթացքում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների բանաձեւերը: Համակարգն ընձեռում է նաեւ լրացուցիչ հնարավորություններ` ծանոթանալ փորձի նկարագրությանը, դիտել իրական քիմիական լաբորատորիայում կատարված փորձի հոլովակը, ուսումնասիրել փորձում մասնակցող նյութերի փոխազդեցությունը մոլեկուլների մակարդակով, ստանալ տեղեկություններ քիմիական նյութերի եւ նրանց հատկությունների մասին:
Սկավառակների ստեղծման գործում ներգրավված է 5 դասախոս, որոնց լրացնում են համապատասխան առարկաների մասնագետները, հիմնականում դասագրքերի հեղինակները եւ դիզայներները:
Ստեղծված էլեկտրոնային ռեսուրսները երաշխավորված են Ազգային կրթության ինստիտուտի կողմից` որպես ուսուցման օժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար: Պետք է նշել, որ առայժմ այս դասագրքերն ընկալվում են որպես լրացուցիչ ձեռնարկ, բայց ոչ որպես լիարժեք դասագրքեր, թեպետ կարող են իրենց մեջ մի քանի անգամ ավելի շատ տեղեկատվություն պարունակել, քան սովորական դասագրքերը: Սակայն շատ հաճախ դրանք պարզապես կրկնօրինակում են տպագիր դասագիրքը` լրացվելով ձայնային եւ վիդեո տեղեկատվությամբ:
Չպետք է մոռանալ, որ այս աշխատանքները կատարվում են Բաց հասարակության հիմնադրամի ֆինանսավորմամբ, ինչը չի կարող շարունակական բնույթ կրել: Պետության ներդրումը կամ մասնակցությունն այս հարցում այնքան էլ հստակ չէ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Որակի եւ համապատասխանության» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսում է դպրոցներին տրվող դասագրքերին կից տրամադրել նաեւ կրթական սկավառակներ: Ծրագրի մեջ գրված է, որ դպրոցները տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովելուն զուգահեռ պետք է ստանան նաեւ էլեկտրոնային դասագրքեր, բայց թե ինչպիսին պետք է դրանք լինեն, այնքան էլ պարզ չէ: Դպրոցներին տրվելու են փաթեթներ, որոնցում լինելու են տվյալ առարկայի դասագիրքը, ուսուցչի ձեռնարկը եւ CD: Էլեկտրոնային ուսուցման համար նախատեսված դասընթացներն ընդգրկելու են տեսական նյութ, գործնական վարժություններ, ձայնային ուղեկցումներ: Սկավառակն ամբողջությամբ չի կրկնելու դասագիրքը, սակայն դասագրքից դուրս տեղեկատվություն էլ իր մեջ չի պարունակելու:
Հայաստանում կա 1455 դպրոց, որոնց մեծ մասում չկան համակարգչային դասասենյակներ
2004 թվականին ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված մոտ 300 սկավառակ բաժանվել է համակարգչային լսարաններ ունեցող 40 հանրապետական դպրոցների միջեւ: Այս տարի` 600 էլ-դասագրքեր 15 դպրոցների միջեւ:
Դժվար է ասել, թե էլ-դասագրքերով ուսուցման նոր մեթոդն ինչպես կաշխատի 20-35 աշակերտ ունեցող դասարաններում: Մանավանդ որ դասասենյակում շատ քչերը կունենան համակարգիչներ: Իսկ դա նույնն է, եթե ոչ բոլորի առջեւ դրված լինի դասագիրքը: Նույնսիկ այն դպրոցներում, որտեղ կան համակարգչային դասասենյակներ, համակարգիչների քանակը 5-ից չի անցնում: Մուլտիմեդիային միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է նաեւ աուդիո եւ վիդեո լավ որակ ապահովող տեխնիկա, ինչը նույնպես հեռու է իրականությունից:
Միաժամանակ, ոչ բոլոր ուսուցիչներն ունեն անհրաժեշտ համակարգչային գիտելիքներ: Տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվող դասընթացները շատ մակերեսային պատկերացումներ են տալիս համակարգչից օգտվելու մասին: Շատ դեպքերում էլ դրան խոչընդոտում է ուսուցչի արդեն հասուն տարիքն ու նորին չվստահելու հանգամանքը: Դեռեւս չկա մշակված փորձառություն, թե ուսուցման որ փուլում պետք է կիրառել այդ ձեռնարկները եւ ինչպիսի հաճախականությամբ: Չկա նաեւ հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինեն եւ ինչպիսին չպետք է լինեն էլեկտրոնային ձեռնարկները:
Այնուամենայնիվ, իրենց աշխատանքում էլ-դասագրքեր կիրառած ուսուցիչների հավաստմամբ, երեխաներն առավել հետաքրքրությամբ են «թերթում» իրենց նոր դասագրքերը, ավելի շատ հարցեր են տալիս, տպավորությունները դասընթացից անհամեմատ ավելի վառ են ու կայուն: «Կարող եմ վկայել, որ աշխատանքում օգտագործված համակարգչային հնարքները, փորձերի պատկերները, բազմաթիվ շարժանկարները, ինչպես նաեւ նոր որակի թեսթային առաջադրանքներն էականորեն նպաստելու են քիմիայի կայուն գիտելիքների ձեռքբերմանը»,-ասում է 10-րդ դասարանի «Քիմիա» դասագրքի համահեղինակներից Առլիկ Խաչատրյանը:
Արդյոք Հայաստանում կրթական CD-ների ստեղծումը արդարացվա՞ծ է բիզնեսի տեսակետից
«Ալգորիթմ Սերվիս» ընկերությունն արդեն 10 տարի զբաղվում է էլեկտրոնային ինքնուսույցների ստեղծմամբ: Սկսած 1996 թվականից` ընկերության աշխատակիցները մշակել են 40-ից ավելի սկավառակ: Դրանք ավելի շատ նախատեսված են անհատների համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն սովորել կամ լրացնել իրենց գիտելիքները հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից:
Այսօր «Ալգորիթմ Սերվիս»-ն արդեն ունի իր շուկան, բայց ոչ Հայաստանում:
Կազմակերպության գործադիր տնօրեն Վլադիմիր Հակոբյանի հավաստմամբ` իրենց պատվիրատուներն այդ արտադրանքն արտահանում են, քանի որ Հայաստանում ուսումնական էլ-ձեռնարկների շուկան ձեւավորված չէ, թույլ է ու փոքր: Հայաստանում չնչին պահանջարկը բավարարվում է ոչ օրինական ճանապարհով ստեղծված համակարգչային ծրագրերի վաճառքի հաշվին, որոնք, բնականաբար, ավելի էժան են: «Մեզ շատ են դիմել սկավառակները գումարով ձեռք բերելու համար, բայց մենք վաճառելու իրավունք չունենք: Ես գիտեմ դեպքեր, երբ բազմացրել եւ վաճառել են մեր ստեղծած էլ-դասագրքերը»,-ասում է ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնի դոցենտ Սիրանույշ Գրիգորյանը:
Պարոն Հակոբյանի կարծիքով` էլեկտրոնային կրթական CD- ների ստեղծումը կարող է շահութաբեր լինել բիզնեսի տեսանկյունից, եթե ընկերությունն աշխատի արտաքին շուկայի համար. «Ներքին շուկայում այս բիզնեսը չի գործի»:
Ի՞նչ է էլեկտրոնային դասագիրքը
Էլեկտրոնային դասագրքերը կամ ձեռնարկները տեքստային, ձայնային, վիդեո եւ գրաֆիկական տեղեկատվության համադրության արդյունք են: Այսպիսի դասագրքերում ստեղծվում է մուլտիմեդիային միջավայր, որտեղ միաժամանակ տրվում է եւ՛ տեքստային, եւ՛ ձայնային, եւ՛ վիդեո տեղեկատվություն:
Շատ կարեւոր է հասկանալ, որ այդ համակարգչային ծրագրերը չպետք է կրկնօրինակեն դասագրքերը, այլ այլընտրանքային կրթական միջոցներ օգտագործելու հնարավորություն տան աշակերտին, եթե վերջինս ցանկանում է լրացնել իր գիտելիքը տվյալ առարկային վերաբերող լրացուցիչ տեղեկություններով կամ ուսումնասիրել այն նոր մեթոդով: Ուսուցիչների կարծիքով` այն պետք է ավելի շատ նմանվի հանրագիտարանի, քան դասագրքի, մանավանդ որ կարող է իր մեջ անհամեմատ ավելի շատ տեղեկատվություն պարունակել: Շատ կարեւոր է էլ-դասագրքերում որոնման համակարգերի առկայությունը: Դա հնարավորություն կտա ավելի արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, քան գիրքը թերթելիս: Այս հանգամանքը նույնպես հաշվի չի առնվում:
Հայերեն կրթական CD - ները սկսում են մի փոքր տարբերվել դասագրքից, եթե առարկայի ուսումնասիրությունը պայմանավորված է գործնական աշխատանքով: Օրինակ` քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, երկրաչափության կամ կենսաբանության առարկաների դեպքում տեսական նյութը զուգորդվում է փորձը կամ գործողությունների ընթացքը պատկերող շարժանկարներով, իսկ լեզուների ուսումնասիորւթյունը` ձայնային եւ երաժշտական ուղեկցությամբ: Շատ ավելի բարդ է, եթե առարկան հումանիտար ուղղվածություն ունի: Օրինակ` գրականություն կամ պատմություն առարկաները հիմնականում տեսական նյութեր են պարունակում: Պատկերացրեք որքան անտրամաբանական կլինի, եթե եւ՛ դասագրքում, եւ՛ համակարգչային ծրագրում նույն նյութը լինի, ինչը եւ արվում է: Այս դեպքում մասնագետները առաջարկում են, օրինակ, գրականության առարկայի սկավառակում ներառել հայտնի բանաստեղծների ձայնագրությունները, արխիվներում պահպանված կինոպատումները նրանց կյանքի եւ ստեղծագործության մասին:
երկայումս շատ է խոսվում հիպերտեքստային դասագրքերի առավելությունների եւ թերությունների մասին` դրանք համեմատության մեջ դնելով ավանդական դասագրքերի հետ: Մոսկովյան գրադարաններից մեկում այսպիսի փորձ է իրականացվել. ընթերցողները հարցաթերթիկի վրա նշել են էլ-գրքի առավելությունները եւ թերությունները: Պատկերը մոտավորապես հետեւյալն է:
| Առավելությունները | Թերությունները |
| Հրատարակությունը հեշտ է եւ էժան | Համակարգչի հետ երկար աշխատելը վնասակար է |
| Երկար է պահպանվում, շատ տեղ չի զբաղեցնում | Համակարգիչը ոչ միշտ է հասանելի եւ ոչ բոլորին |
| Հեշտ եւ արագ կարող է լրացվել նոր տեղեկություններով | Տեքստերը հեշտ է կարդալ թղթի վրա |
| Որոնման համակարգի լայն հնարավորություններ է տալիս | Ստեղծումն ու մշակումը ծախսատար է |
| Հնարավոր է ձեւափոխել տեղեկատվությունը | |
| Խթանում է ընկերակցային մտածողությունը, ինչը բերում է կանխագուշակման եւ ստեղծագործական մտքի զարգացմանը | |
| Կա ինտերակտիվ վարժությունների եւ թեսթերի կատարման հնարավորություն | |
| Իր մեջ ներառում է շարժանկարային, ձայնային եւ գրաֆիկական տեղեկատվություն | |
| Ունի տեղեկատվության հիպերտեքստային կառուցվածք | |
| Հնարավոր է վարժությունը կատարել մի քանի անգամ | |
| Հնարավորություն է տալիս էլ-գրքի էջերից անմիջապես մուտք գործել դեպի այլ տեղեկատվական ռեսուրսներ Ինտերենտի միջոցով |
Ի դեպ, Ինտերնետը կարող է շատ հարուստ ռեսուրս լինել էլեկտրոնային դասագրքեր գտնելու եւ ձեռք բերելու համար: Ստորեւ ներկայացնում ենք ինտերնետային կայքերի մի քանի հասցեներ, որտեղ կա տեղեկատվություն նոր էլեկտրոնային կրթական ռեսուրսների մասին:
www.curator.ru կայքում կան տվյալներ անգլերենի, կենսաբանության, պատմության, մաթեմատիկայի, ռուսերենի, ֆիզիկայի, քիմիայի էլ-ձեռնարկների մասին: www.books-shop.com ինտերնետային խանութում ներկայացված են ինֆորմատիկայի, տնտեսագիտության, փիլիսոփայության, հոգեբանության, բժշկագիտության եւ պատմության վերաբերյալ էլեկտրոնային ռեսուրսները: www.ebooks.nm.ru կայքում կա տեղեկատվություն տնտեսագիտության եւ ինֆորմատիկայի էլ- դասագրքերի մասին: Նմանատիպ կայքեր են նաեւ` www.ozon.ru, www.konkurs.auditorium.ru, www.biblioteka.net.ru եւ www.kolasc.net.ru:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել