Կդառնա արդյոք ինքնավնասման և ինքնասպանության խնդիրը հրամայական Նոր Հայաստանում
Ինքնասպանության 38 դեպք անցած 10 տարիների ընթացքում, ինքնավնասման 2250 դեպք՝ 2014-2017 թվականների ընթացքում, ինքնավնասման 250 դեպք ընդամենը երկու դատապարտյալի կողմից 2016 թվականին, քրեական ենթամշակույթ, վարչակազմի խտրական վերաբերմունք. շարք, որը կարելի է շարունակել ու շարունակել։
Ովքե՞ր են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում(ՔԿՀ-ներում) ինքնավնասումներ անող և ինքնասպանություններ գործող անձինք, որո՞նք են պատճառները, ինչպիսի՞ կանխարգելման մեխանիզմներ կան, որքանո՞վ են արդյունավետ դրանք: Հարցեր, որոնք, կարծես թե, մշտապես բարձրաձայնվում են, սակայն անպատասխան են մնում:
Փորձենք վերլուծել իրավիճակը, արձնագրել փաստերը՝ ստեղծելով հետագա գնահատման որոշակի հենակետ:
Նախ, օրենսդրական կարգավորումների մասին: ՀՀկառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման հավելվածի համաձայն՝ազատությունից զրկված անձինք ՔԿՀ ընդունվելիս կարանտինային բաժանմունքում անցնում են նախնական բժշկական զննություն:
ՀՀ արդարադատության նախարարի թիվ 279-Ն հրամանը սահմանում է կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների իրականացման կարգը:
Միջազգային պարտավորությունների մասին: Հայաստանը 2002 թվականին վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 2-րդ հոդվածից (Կյանքի իրավունք) բխում է պետության պարտականությունն երաշխավորելու իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուրի կյանքի իրավունքը: Բացի այդ, կան սահմանված միջազգային չափանիշներ, որոնք վերաբերում են դատապարտյալների և կալանավորված անձանց առողջության և կյանքի պաշտպանության ոլորտում պետության պարտականություններին: Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումները և պահանջները գեղեցիկ ձևակերպված են, սակայն փաստացի դրանք կյանքի չեն կոչվում: Չեն օգտագործվում նաև լավագույն միջազգային փորձը և միջազգային չափանիշները:
- Մասնավորապես ներքին օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային չափանիշները, որպես ինքնասպանության/ինքավնասման կանխարգելման մեխանիզմ կարևորում են հոգեբանների աշխատանքը։
Մեզ մոտ 700 բանտարկյալ ունեցող «Արմավիր» և մոտ 800 բանտարկյալ ունեցող «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում 3-ական հաստիքագրված հոգեբան է, «Գորիս» ՔԿՀ-ում հոգեբան չկա առհասարակ, մյուս ՔԿՀ-ներում հաստիքագրված է մեկական հոգեբան։ Նման համալրվածության պայմաններում դժվար է ակնկալել հոգեբանական աշխատանքի արդյունավետություն:
Բավարար չէ կադրերի ոչ միայն քանակական համալրվածությունը, այլ նաև մասնագիտական որակավորումը: Արձանագրված մահվան ելքով ինքավնասման դեպքերը, դեպքերի տարեց տարի աճը, հիմք են տալիս ենթադրելու, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կա′մ չեն կարողանում ճիշտ գնահատել ինքնավնասման հետևանքները և վտանգը, կա′մ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում կանխելու այդ հետևանքները:
- Միջազգային չափանիշները, ի թիվս այլնի, ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համատեքստում կարևորում են վարչակազմի և ազատությունից զրկված անձանց միջև վստահության, աջակցության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը:
Հայաստանի հիմնարկներում վարչակազմը խրախուսում է քրեական ենթամշակույթը, պիտակավորում է դատապարտյալներին, նսեմացնող դիմումաձևերով է դիմում որոշակի խմբի ներկայացուցիչներին:
Բացի այդ, ինչը, մեր կարծիքով, հիմնաքարային է ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման առումով, քրեակատարողական համակարգում բացակայում են բողոքների ներկայացման արդյունավետ մեխանիզմները: Ազատությունից զրկվածները չեն վստահում համակարգին և չեն հավատում, որ իրենց բողոքները տեղ կհասնեն ու լուծում կստանան: Եթե հաշվի առնենք նաև այն, որ հիմնարկների վարչակազմը դատապարտյալների ու կալանավորված անձանց պահանջները՝ կապված խուցը փոխելու, բուժման ծրագրերում ընդգրկվելու և այլն որակում է որպես ցուցադրական ու շանտաժային բնույթի, ինքնավնասումը մնում է խնդրին ուշադրություն հրավիրելու ու լուծում ստանալու միակ քիչ թե շատ արդյունավետ միջոցը:
- Արժանապատիվ պահման պայմանների ապահովումը կանխարգելման հաջորդ չափանիշն է:
ՀՀ ՔԿՀ-ներում անմարդկային պահման պայմանների փաստն արձանագրել են ինչպես միջազգային կառույցները՝ ի դեմս Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, այնպես էլ հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը և մարդու իրավունքների պաշտպանը:
- Միջազգային լավագույն փորձը պահանջում է ինքնասպանության ռիսկի դեպքում անձին հատուկ հսկողության տակ պահելն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և նրանց կյանքից զրկելու միջոցների հասանալիության սահմանափակումը, ինչպիսիք են, օրինակ, պատուհանավանդակի ձողերը, կոտրված ապակին։
Հայաստանի ՔԿՀ-ներում 2011-2017 թվականներին արձանագրված ինքնասպանության 27 դեպքերից 26-ը կատարվել է կախվելու միջոցով։ Փաստը, 6 տարվա ընթացքում ինքնասպանության դեպքերի 95%-ից ավելին տեղի ունեցել միևնույն եղանակով, թույլ են տալիս եզրահանգելու, որ նույնիսկ գրեթե 100 տոկոսանոց հավանականությունը բացառելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել։
- Ինքնասպանության/իքնավնասման դեպքերի անաչառ և արդյունավետ քննության երաշխավորումը մյուս կարևոր չափանիշներից է:
Հայաստանում ինքնավնասման և ինքնասպանության դեպքերով քրեական գործեր թեև հարուցվում են, սակայն, որպես կանոն, կարճվում են հանցագործության դեպքի բացակայության, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ: Նույն ճակատագրին են արժանանում նաև ծառայողական քննությունները, որոնք դադարեցվում են ծառայողների մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չլինելու և նոր փաստական տվյալներ ձեռքբերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով: Որպես հետևանք չկա քննություն, չկան տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ կատարել վերլուծություն և գնահատական` թիրախային կանխարգելման ծրագրերի ու մեթոդաբանությունների մշակման համար: Ըստ այդմ, արդյոք, կարող ենք վստահ լինել, որ անձին չեն հասցրել ինքնասպանության, այդ թվում նաև մոլախաղերի հետևանքով կուտակած պարտքեր ունենալու կամ քրեական ենթամշակույթին դեմ գնալու փաստով: Հարցական է մնում նաև, թե արդյոք ինքնասպանության և ինքնավնասման դեպքերը հնարավոր չէր կանխել, արդյոք դրանց մի մասը պայմանավորված չէ կալանավորված և դատապարտված անձանց հետ տարվող ոչ բավարար հոգեբանական, սոցիալական և իրավական աշխատանքով:
Չի վարվում նաև պատշաճ վիճակագրություն: Ինքնավնասման դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը պահպանվում է ընդամենը 5 տարի, չի վարվում վիճակագրություն ինքնավնասում կատարած անձանց վերաբերյալ. կալանավորված, թե դատապարտյալ է եղել ինքնավնասում կատարողը: Մինչդեռ, եթե դիտարկում ենք Նուբարաշենի օրինակը, որպես հիմնարկ, որտեղ արձանագրվում են ամենամեծ թվով ինքնավնասման դեպքերը, փաստացի այդ հիմնարկ են տեղափոխվում կալանավորվածների մեծ մասը և, ենթադրաբար, ինքնավնասումների բարձր ցուցանիշը կարող է պայմանավորված լինել անազատության մեջ հայտնվելու առաջնային սթրեսով, քրեական գործի ընթացքով, քրեական ենթամշակույթի ներքո հայտնվելու, այդ կանոններով առաջնորդվելու անհրաժեշտությամբ։
Վիճակագրություն չի վարվում նաև տարիքի, քրեական գործի բնույթի, անազատության մեջ գտնվելու ժամկետների, քրեական պատմության և մի շարք այլ չափանիշներով, որոնք կարևոր են համապարփակ պատկեր ստանալու և դրա հիման վրա թիրախային կանխարգելման մեթոդաբանություններ և ծրագրեր մշակելու համատեքստում:
Կանոնավոր վիճակագրություն չի վարվում նաև առ այն, թե մեկ անձը քանի ինքնավնասում է կատարել, նման վիճակագրությունը վարվում է ըստ անհրաժեշտության: Սակայն, ոնց է չափվում անհրաժեշտությունը, հայտնի չէ: Օրինակ, ըստ տվյալների, 2016 թվականին ինքնավնասման 850 դեպքից 250 ինքնավնասումը կատարվել է միայն երկու անձի կողմից:
Նշենք, որ թեև պետությունն ունի պոզիտիվ պարտականություն երաշխավորելու իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուրի կյանքի իրավունքը և պարտավոր է բացահայտելու ազատությունից զրկված անձանց ինքնավնասման և/կամ ինքնասպանության ռիսկը և համապատասխան միջոցներ ձեռնարկել` կանխելու դա, փաստացի, որ չպնդենք, որ այդ պարտավորությունը չի կատարվում, արձանագրենք, որ նվազագույնը դրանց արդյունավետությունը տեսանելի չէ:
Հուսանք, որ այս բոլոր հարցականները կդառնան հրամայականներ Նոր Հայաստանում նոր նախարարի օրոք։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։
Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել