HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

էթիկայի հանձնաժողովը 8 պաշտոնատար անձանց վերաբերյալ նյութերը հնարավոր է ուղարկի գլխավոր դատախազություն

Հուլիսի 24-ի դրությամբ ութ պաշտոնատար անձինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել 2017 թվականի գույքի ու եկամուտների վերաբերյալ տարեկան հայտարարագրերը:

Ինչպես «Հետք»-ին տեղեկացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նրանցից 3-ի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի, Մարսելում Հայաստանի գխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսի և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի  վերաբերյալ հարուցված վարույթներով Հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել: Պատճառն այն է, որ Աղվան Պետրոսյանը գտնվում է կալանքի տակ և որոշակի դժվարություններ են առաջացել, իսկ Շառլ Ազնավուրի և Վարտան Սիրմակեսի մասով էթիկայի հանձնաժողով պետք է ներկայացվեն որոշ ապացույցներ:

Մյուս պաշտոնյաների՝ Լեոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի, վերջինիս եղբոր՝ Լոս Անջելոսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Զավեն Դադայանի նկատմամբ, նախ կիրառվել է վարչական տույժ՝ նախազգուշացում, որի կիրառումից հետո, 30 օրվա ընթացքում, նրանց կողմից հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացվել: Արդեն կիրառվել է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:

Նույնը կիրառվել է արդեն նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Վայքի բաժնի նախկին պետ Մանվել Դավթյանի և Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ Ջիվան Նարիմանյանի նկատմամբ:

Սիրանուշ Սահակյանի խոսքերով, եթե տուգանքի որոշումը ստանալուց հետո պաշտոնատար անձինք դարձյալ չներկայացնեն 2017թ. տարեկան հայտարարագրերը, ապա նրանց վերաբերյալ նյութերն ուղարկվելու են գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով:

Վերը նշված 8 պաշտոնյաներից բացի հայտարարագիր չեն ներկայացրել նաև նորանշանակ պաշտոնյաները: Դարձյալ հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 18 պաշտոնատար անձինք:

Օրինակ, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սարգիս Գինոսյանը և այլք:

Հայտարարագիր չներկայացրած 18 պաշտոնյաների նկատմամբ հարուցվել են վարույթներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter