«Լքված» եկեղեցին
Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին արդեն 3 տարի քահանա չունի: Մարտունեցիներն էլ եկեղեցի գրեթե չեն հաճախում:
Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում, սակայն հետագայում ավերվել է, միայն հիմքն է մնացել: 1886թ. նախկին եկեղեցու հիմքի վրա կառուցվել է նույն անունով նոր եկեղեցի: 1930-ականներին եկեղեցին դարձել է կոլտնտեսության պահեստ: Հավատացյալ մարտունեցիներն այդ տարիներին գիշերները գաղտնի մոմ էին վառում եկեղեցու բակում թաղված մի քահանայի գերեզմանին:
1980-ական թվականներին, երբ եկեղեցին վերաբացվեց, գերեզմանոցի տնօրեն Ավետիք Մոմչյանի ջանքերով վերանորոգվեց եկեղեցու տանիքը: Ավետիք Մոմչյանը եկեղեցին վերանորոգել է Ավանային խորհրդի եւ սեփական միջոցներով: Ժողովուրդն ասում է, որ նա աստվածավախ մարդ էր եւ ծեր հասակում իրեն նվիրել էր աստվածահաճո գործերին:
Այժմ եկեղեցին վերանորոգման խիստ կարիք ունի:
«Նախկին քահանան 2 տարի ծանր հիվանդ էր եւ չէր կարող աշխատել: Մեկ տարի առաջ նա մահացավ, իսկ նոր քահանա դեռ չեն նշանակել»,-ասաց քառասունվեցամյա Սոխակ Խլոյանը, որն աշխատում է եկեղեցում` որպես մոմավաճառ: Իսկ այն հարցին, թե ինչպես է գործում եկեղեցին առանց քահանայի, տիկին Սոխակը պատասխանեց. «Բալա ջան, գործ որ ըլնում ա, զանգում եմ, Գավառից տեր Գնել քահանան գալիս է: Իսկ գործ համարյա չի լինում. ինը տարի ա էստեղ աշխատում եմ, ինը կնունք հազիվ եղած լինի: Եկեղեցի էլ մարդ համարյա չի գալիս: Միայն մեկ-մեկ ուսանողներ են գալիս: Անհավատ ժողովուրդ ենք, անհավատ»: Պարզվում է` եկեղեցում հազվադեպ են պատարագ տալիս: «Պատարագ միայն հունվարի 6-ին ենք տալիս, այդ օրը ժողովուրդը գալիս է սուրբ ջուր տանելու»,-ասում է տիկին Սոխակը: Իսկ թե երբ նոր քահանա կօծվի, տիկին Սոխակն ինքն էլ չգիտի:
Մայր աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն հայր Վահրամը տեղեկացրեց, որ Ս. Աստվածածին եկեղեցին շուտով քահանա կունենա: Այս ամռան ընթացքում համապատասխան կրթություն ունեցող երկու թեկնածուներից մեկը կօծվի որպես Ս. Աստվածածին եկեղեցու քահանա:
Բացի այդ, եկեղեցին շուտով պետք է վերանորոգվի: «Նախագծային աշխատանքներն արդեն պատրաստ են: Այս տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն»,-ասաց հայր Վահրամը:
Մարտունեցիներից փորձեցինք պարզել, թե ինչու չեն այցելում եկեղեցի: Մեր զրուցակիցների մի մասն ասաց, թե Աստծուն չի հավատում, դրա համար էլ եկեղեցի չի գնում:
«Ես Աստծուն չեմ հավատում, եկեղեցի էլ չեմ գնում: 65 տարեկան եմ, բայց Աստծուն չեմ տեսել, ինչու՞ պիտի հավատամ,-ասում է Սեդա Խաչատրյանը:
51-ամյա Էմմա Մկրտչյանը կիսում է նույն տեսակետը. «Որ չեմ հավատա, ինչի՞ գնամ»:
Մեծահասակները հիմնականում նշում են, որ իրենց առողջական վիճակը թույլ չի տալիս եկեղեցի գնալ: «Հարյուր մետր էլ չեմ կարող քայլել, եկեղեցի ո՞նց գնամ: Բացի էդ, փող էլ չունեմ, որ մոմ առնեմ»,-ասաց մի տատիկ:
Միջին տարիքի մարդիկ նշում են, որ շատ հոգսեր ունեն, զբաղված են եւ եկեղեցի գնալու ժամանակ չունեն:
«Եկեղեցին ավերված է, հրապույրը կորցրած: Գնամ եկեղեցի, որ մի անգա՞մ էլ հիշեմ բոլորիս թշվառ վիճակը: Հետո էլ` մոմը շատ թանկ է,-ասաց 40-ամյա տիկին Տաթեւիկը:
Երեսունամյա Իզաբելա Միկոյանն այսպես բացատրեց. «Ժամանակ չկա, որ ժամանակ լինի, կգնամ եկեղեցի: Եկեղեցում վերջին անգամ եղել եմ 2 տարի առաջ, այն էլ երազ տեսնելուց հետո: Իսկ Մարտունու եկեղեցում եղել եմ մոտ 16 տարի առաջ: Պատճառն այն է, որ մեր տղամարդիկ շատ անհավատ են, չեն ընդունում, որ եկեղեցի ենք գնում: Բացի այդ, Աստծուն աղոթելու համար պետք չէ եկեղեցի գնալ, ես ամեն իրիկուն աղոթում եմ Աստծուն»:
«Աստծուն հավատում եմ, բայց եկեղեցի համարյա չեմ գնում, որովհետեւ ժամանակի մեջ չեմ տեղավորվում: Հետո էլ, երբ ուզում ես գնալ, մեր տղամարդիկ այնպես թարս կնայեն, որ վատ կզգաս»,-ասում է 38-ամյա Էմմա Խաչատրյանը:
«Այս շաբաթ եմ եղել եկեղեցում, բայց զբաղված եմ, տարին մեկ անգամ հազիվ եմ հասցնում գնալ»,-ասում է 74-ամյա Կառլեն պապիկը:
Ոմանք էլ նշեցին, որ եթե եկեղեցին վերանորոգվի եւ քահանա լինի եկեղեցում, ապա պարբերաբար կայցելեն:
«Եկեղեցի չեմ գնում, երբեմն վանք եմ գնում: Դե, եթե եկեղեցին վերանորոգվի, եւ քահանա էլ լինի, եկեղեցի էլ կգնամ»,-ասում է 20-ամյա Հռիփսիմե Սամվելյանը:
Հայր Վահրամը մարտունեցիների` եկեղեցի չայցելելու փաստը այսպես բացատրեց. «Դա խորհրդային տարիների ազդեցության հետեւանք է: Բայց դա անցողիկ է: Այդ ազդեցությունը շուտով կվերանա, եւ մարտունեցիները նորից պարբերաբար եկեղեցի կայցելեն»:
Հայկուհի Բարսեղյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել