HY RU EN

Գրիշա Բալասանյան

Մանվել Գրիգորյանի ու մերձավորների տասնյակ տներն ու մեքենաները՝ մեկ տեղում

Էջմիածնում հաշվառված և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող ունեցվածքը լուսանկարելու համար մեկ օր պահանջվեց: Միայն Էջմիածին քաղաքում 35 միավոր անշարժ գույք է հաշվառված: Դրանք առանձնատներ են, բնակարաններ, բիզնես օբյեկտներ, արդեն չգործող գիշերային ակումբ, նախկինում գործող գործարանի, հյուրանոցի տարածքներ, այլ շենք-շինություններ: Նշված անշարժ գույքից 17-ը շենք-շինությունները սպասարկող կամ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր են: Էջմիածնի քաղաքապետարանում Գրիգորյանների անունով հաշվառված է 24 հատ ավտոմեքենա:

Թվարկված անշարժ գույքը լուսանկարելու համար հերթով գնացինք այդ հասցեներ: Եղան դեպքեր, երբ հարևանությամբ ապրող մարդիկ չգիտեին, որ այդ տարածքը պատկանում է Գրիգորյաններին, թեև լսել էին, որ մոտակայքում նրանք ունեցվածք ունեն: Հատկապես հողամասերը քարտեզագրելու համար երբեմն նշել ենք մոտակա տարածքը, որովհետև այդպես էլ ստույգ տարածքը չկարողացանք գտնել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Գրիգորյաններն իրենց խորհրդանիշը համարվող «45» թվերով էին համարակալել այնպիսի հասցեներ, որոնց գտնվելու վայրը այլ տեղ պիտի լիներ: Օրինակ, Էջմիածնի քաղաքապետարանը գտնվում է Մաշտոցի 0 հասցեում, սակայն դրանից 200 մետր հեռավորության վրա գտնվող ԵԿՄ-ի շենքը համարակալված է Մաշտոցի 109/45: Մեզ չէին կարողանում ճիշտ ուղղորդել, քանի որ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ԵԿՄ-ի շենքը ևս պաշտոնաթող գեներալի սեփականությունն է:

Որոշ հասցեների դեպքում խնդրեցինք նաև քաղաքապետարանի աշխատակիցների օգնությունը, սակայն վերջիններս նույնպես չկարողացան ճիշտ հասցեով ուղղորդել:

Վերը նշված 35 միավոր անշարժ գույքն ու 24 ավտոմեքենաները ձևակերպված են միայն ֆիզիկական անձանց անուններով, սակայն շարժական և անշարժ գույքի մի մասն էլ Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի անունով:

Ընկերության անունով է հաշվառված Էջմիածնի վարչական տարածքում գտնվող Զվարթնոցի տեխզննման կայանը, թվով երկու ավտոգազալցման կայաններ՝ Զվարթնոց թաղամասում և Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի հարևանությամբ, «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի շենքը, հարևանությամբ գտնվող ճաշարանը, 12 հատ ավտոմեքենա: Բացի այդ, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն Էջմիածնում ունի 26 միավոր հողամաս, որոնց մի մասը շենքերը սպասարկելու համար են:

Էջմիածին քաղաքում միայն Մանվել Գրիգորյանի անունով հաշվառված է 17 միավոր անշարժ գույք, որից 9-ը շենք-շինություններ են, մնացածը՝ դրանց սպասարկող հողամասեր: Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է նաև 17 միավոր ավտոմեքենա: Նրա ունեցվածքի զգալի մասը արտացոլված չէ Մանվել Գրիգորյանի գույքի ու եկամուտների հայտարարագրերում:

Ուսումնասիրությամբ պարզեցինք, որ Մանվել Գրիգորյանի սեփականությունն է նաև քաղաքում գործող «Երկրապահ»-ի շենքը: Այն գտնվում է քաղաքի գլխավոր՝ Մաշտոցի փողոցի վրա և այժմ որպես «Երկրապահ»-ի թանգարան է ծառայում: Մանվել Գրիգորյանին ԱԱԾ աշխատակիցները հենց այդ շենքում են ձերբակալել և բերման ենթարկել: Ուշագրավն այն էր, որ տարածքում գտնվող ԵԿՄ անդամները չգիտեին, որ այն Մանվել Գրիգորյանի սեփականությունն է: Միայն թիմակիցներից մի տղամարդ հաստատեց, որ այն սեփականաշնորհվել է դեռևս 1998 թվականին:

Որպես պատգամավորության թեկնածու Մանվել Գրիգորյանը 2017թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր (2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. նույն ժամանակահատվածի դրությամբ), որտեղ արտացոլված է Էջմիածնում գտնվող միայն մեկ անշարժ գույք՝ Ալավերդյան փողոցի վրա գտնվող առանձնատունը՝ 995,6 քմ մակերեսով: Մնացած անշարժ գույքը հայտարարագրված չէ, մինչդեռ այդ անշարժ գույքը հաշվառված է Մանվել Գրիգորյանի անունով, և նա դրա համար գույքահարկ է վճարել Էջմիածնի քաղաքապետարանին:

Ամբողջությամբ հայտարարագրված չեն նաև նրա ունեցած ավտոմեքենաները: Դրանց մի մասը երևաց նաև ԱԱԾ-ի տարածած տեսանյութով: Քաղաքապետարանում հաշվառված 17 ավտոմեքենաներից միայն 8-ն է հայտարարագրված: Օրինակ՝ հայտարարագրված չեն «GAZ CHAYKA 14» ավտոմեքենաներից մեկը, «UAZ 469B» ավտոմեքենան և այլն: Մանվել Գրիգորյանը թերի հայտարարագիրը ներկայացրել է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Մանվել Գրիգորյանի այլ ունեցվածքին անդրադարձել ենք դեռևս 2014թ: Այդ ժամանակ գրել էինք, որ նա միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր և այլն: Այլ համայնքներում ևս հողամասեր և շինություններ ունի:

Նազիկ  Ամիրյանը Մանվել Գրիգորյանի հետ գտնվում է քաղաքացիական ամուսնության մեջ: Նա հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չէ, ուստի տարիներ շարունակ նրա ունեցած գույքն ու եկամուտները դուրս են մնացել հանրային վերահսկողությունից:

Նազիկ Ամիրյանի անունով միայն Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է 6 միավոր անշարժ գույք, որից 3-ը ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր են և սպասարկում են նրա ունեցած շենքերը: Նրա անունով է հաշվառված նաև թանկարժեք 2 ավտոմեքենա՝ «ROLLS ROYSSE PAANTOM» և «TOYOTA LC 200 4.0»:

Նազիկ Ամիրյանի անունով է հաշվառված նաև «BOMBARDIR» ֆիրմայի ջրային մոտոցիկլետ, որի համար որպես գույքահարկ տարեկան վճարում է 34,500 դրամ: Միայն նշված երեք փոխադրամիջոցների գույքահարկը կազմում է 501 հազար դրամ:

Էլյա Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի՝ ՔԿԱԳ մարմնում գրանցված կինն է: Վերջինիս անունով Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է 4 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, 1 բնակարան «Զվարթնոց» թաղամասում և նույն տարածքում շինություն և ոչ գյուղնշանակության հողամաս: Էլյա Գրիգորյանի անունով է հաշվառված նաև «MERCEDES BENZ S600» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս թանկարժեք է, գույքահարկը կազմում է 300 հազար դրամ:

Նշենք, որ Էլյա Գրիգորյանին պատկանող թվով երեք հողամասերը գտնվում են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածում՝ Բաղրամյան փողոցի հարևանությամբ: Նախկինում այդ տարածքը պատկանել է քաղաքի թիվ 1 դպրոցին, որից հետո ինչ-ինչ ճանապարհներով տարածքը սեփականաշնորհել են Գրիգորյանները: Դրա մի մասը վարձակալությամբ տրված է «Թիվ 1» սուպերմարկետին և ծառայում է որպես անվճար ավտոկայանատեղի: Հողամասերի վրա կան կիսակառույցներ, և տարիներ շարունակ դրանք ավարտուն տեսքի չեն բերվել:

Արման Գրիգորյանը պատգամավորի որդին է: Նա Էջմիածնի համայնքապետարանի ավագանու անդամ է: Արմանի անունով է հաշվառված իրականում նախկին քաղաքապետ եղբորը՝ Կարեն Գրիգորյանին պատկանող շքեղ առանձնատունն ու տնամերձ հողամասը: Այն գտնվում է Էջմիածնի Տերյան փողոցի հարևանությամբ: Նրա անունով է հաշվառված նաև մեկ այլ շքեղ առանձնատուն՝ Մելիքյան փողոցում: Արման Գրիգորյանը Էջմիածին-Երևան ավտոճանապարհի հարևանությամբ ունի նաև հողամաս և շինություն: Նրա անունով է հաշվառված «MERCEDES BENZ S600» մակնիշի թանկարժեք ավտոմեքենան, որի գույքահարկը կազմում է 445 հազար դրամ:

Պատգամավորի մյուս որդին՝ Արա Գրիգորյանը, ևս անմասն չի մնացել Էջմիածին քաղաքից: Նրա անունով է հաշվառված Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող հողամասն ու շենք-շինությունը: Արա Գրիգորյանն ունի նաև «HYNDAI AZERA 2.4L» ավտոմեքենա:

Մանվել Գրիգորյանի նախկին քաղաքապետ որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի համայնքապետարանում հաշվառել է միայն «AUDI Q5» մակնիշի ավտոմեքենա: Իսկ ընդհանրապես, Կարեն Գրիգորյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում, բացի «AUDI Q5» մակնիշի ավտոմեքենայից, նշել է նաև մեկ առանձնատուն, մեկ բնակարան: Քանի որ հայտարարագրում գույքի հասցեն օրենքով պաշտպանված է, հետևաբար չենք կարող նշել, հայտարարագրված առանձնատունն ու բնակարանը Էջմիածին քաղաքում են գտնվում, թե ոչ:

Մանվել Գրիգորյանի ավագ դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նրա անունով Էջմիածնի համայնքապետարանում հաշվառված է միայն առանձնատուն և տնամերձ հողամաս:

Շքեղ առանձնատներ, չնչին գույքահարկ

Գրիգորյանների գույքի վերաբերյալ տվյալներից բացի` Էջմիածնի համայնքապետարանից հարցումով ստացել ենք նաև նրանց կողմից վճարվող գույքահարկի վերաբերյալ տեղեկություններ: Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տարիներ շարունակ նրանք վճարել են չնչին հարկեր:

Մանվել Գրիգորյանին պատկանող Ալավերդյան փողոցի վրա գտնվող երկհարկանի 995,6 քմ մակերեսով շքեղ առանձնատան համար վճարվում է 240 հազար դրամ գույքահարկ: 7300 դրամ էլ վճարվում է նույն հասցեի ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար: Պատգամավորի սեփականությունը հանդիսացող «Երկրապահ»-ի թանգարանի տարածքի գույքահարկը տարեկան կազմում է 186 հազար դրամ:

Չարենց փողոցի վրա է գտնվում Նազիկ Գրիգորյանին պատկանող հսկայական մի շենք: Տեղացիները պատմեցին, որ այն գործարանի տարածք է: Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, այդ հասցեի շինության 2017թ. համար վճարման ենթակա է ընդամենը 40 800 դրամ գույքահարկ և 11 հազար դրամ հողի հարկ:

Չնչին գույքահարկ է վճարվում նաև Արման Գրիգորյանի անունով հաշվառված Տերյան փողոցի հարևանությամբ գտնվող առանձնատան համար: 2017թ. շենքի գույքահարկը կազմում է մոտ 68 հազար դրամ, իսկ ոչ գյուղնշանակության հողամասինը՝ 21 հազար դրամ: Առանձնատունը նորակառույց է, բակում ունի լողավազան, մեծ հողատարածք:

Արման Գրիգորյանին պատկանող Մելիքյան փողոցի հարևանությամբ գտնվող առաձնատան գույքահարկը կազմում է ընդամենը 23 հազար դրամ, իսկ նույն հասցեի ոչ գյուղնշանակության հողատարածքինը՝ 2300 դրամ:

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի Միչուրին փողոցում գտնվող երկհարկանի, մարմարեպատ առանձնատան 2017թ. վճարման ենթակա գույքահարկը կազմում է  33 500 դրամ, իսկ նույն հասցեի ոչ գյուղնշանակության հողամասի գույքահարկը 2500 դրամ է:

Նույն «սկզբունքով» են վճարվել հարկերը նաև «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շենք-շինությունների, հողամասերի համար: Օրինակ՝ Զվարթնոց թաղամասում գտնվող ԱԳԼՃԿ-ի 2017թ. վճարման ենթակա գույքահարկը կազմում է 56 600 դրամ: Իսկ Էջմիածին-Շահումյան խճուղու հարևանությամբ գտնվող ԱԳԼՃԿ-ն իր շենք-շինությունների համար վճարում է ընդամենը 66 300 դրամ:

ԲԲԸ-ին պատկանող և Էջմիածնում հաշվառված 6 շինությունների և 12 ավտոմեքենաների գույքահարկը 2017թ. կազմել է  817 հազար դրամ: Ընդ որում՝ այդ շինություններից մեկը տեխզննման կայանն է, 2-ը՝ ԱԳԼՃԿ և այլն:   

Գրիգորյանների` Էջմիածին քաղաքում գտնվող ունեցվածքն այսքանով ով չի սահմանափակվում: Զգալի մասը գրանցված է այլ մարդկանց անուններով:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի