«Եթե չեն կարող ապահովել, թող մեզ ձեռք չտան»
Իսակով պողոտայի բնակիչները շուտով պետք է հեռանան իրենց տներից: Բնակիչների հավաստմամբ' ինչ-որ մարդիկ են եկել եւ զգուշացրել են, որ տարածքը պետք է իրացվի: «Մենք կվերանորոգեինք մեր կիսափլված տները ու մարդավարի կապրեինք, եթե ժամանակ առ ժամանակ չգային ու չզգուշացնեին, որ քանդելու են: Սկզբից կարծում էինք, որ բազմահարկ շենք են կառուցելու ու մեզ էլ տեղում տուն կտան»,-ասում են բնակիչները:
Պողոտայի տարածքում բնիկներից բացի ապրում են նաեւ Բաքվից եկած փախստականներ' 10 ընտանիք: Նրանք քիչ թե շատ վերանորոգել են տներն ու հաստատվել: Դանիելյանների ընտանիքը նույնպես եկել է Բաքվից 1989-ին եւ հաստատվել է կիսաքանդ տներից մեկում: «Մենք Բաքվում թողել ենք մեր մեծ տունը, ու հիմա մեր բազմանդամ ընտանիքով տեղավորվել ենք էս տան մեջ»,-ասում է Էմմա Դանիելյանը: Տիկին Էմմայի ամուսնու' Արտյոմ Դանիելյանի խոսքերով՝ սեփական ձեռքերով է վերանորոգել այդ «ավերակ» տունը ու դարձրել ապրելու պիտանի:
Վարդանույշ Սարգսյանն ապրում է իր դստեր եւ 2 թոռների հետ. «Էսպիսի պայմաններում ապրում ենք արդեն 16 տարի: Մի անգամ վերանորոգել ենք, երկրորդ անգամ էլ թույլ չտվեցին, ասացին, որ քանդելու են: Ախր տանիքից կաթում է, զուգարանը տան մեջ է' սեղանի կողքին: Աղջիկս 2 անգամ դիմել է, որ քոթեջ ստանանք, էդ անգամ ասին, որ համարը կորցրել են, երկրորդ անգամ նոյնիսկ չպատասխանեցին»:
Բնակիչների մեծ մասը ապրուստը վաստակում է «սեզոնային» աշխատանքով: Էմմա Դանիելյանի թոռներն աշխատում են բացօթյա սրճարաններում: Իսկ մեծահասակները արեւածաղիկ են վաճառում: Տիկին Էմման կատակով նշում է, որ եթե իրեն տնից հանեն (նա արեւածաղիկը վաճառում է հենց տան բակում), ավտոբուսով կգա նույն տեղը արեւածաղիկ վաճառելու, վաստակածն էլ կտա վարորդին՝ հետ գնալու համար:
ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի որոշմամբ' Իսակով պողոտային հարող 5000 քմ տարածքը վարձակալության հիմունքներով տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը' ռուսական Ուղղափառ եկեղեցու տաճար կառուցելու նպատակով:
ԾԻԳ գրասենյակից մեզ տեղեկացրին, որ Իսակով պողոտային վերաբերող պաշտոնական որոշում դեռ չի եղել, բայց տարածքը պետք է իրացվի:
Իսկ նրանց, ովքեր սեփական գույք չունեն, կվճարվի 3500 ամերիկյան դոլար:
Իսակով պողոտայի բնակիչներից շատերը տարածքի սեփականատերեր չեն, սակայն տասնյակ տարիներ ապրել են այդտեղ եւ իրենց իսկ հավաստմամբ չեն գրանցվել, քանի որ «կաշառքի համար համապատասխան չափով գումար չեն ունեցել»:
Պետրոս պապը կնոջ մահից հետո բաժանվելով ընտանիքից' հաստատվել է մայրական տանը եւ չի ենթադրել, որ երբեւէ կզրկվի նաեւ այդ տանիքից:
Բնակիչները դժգոհ են փոխհատուցման գումարի չափից: «Նրանք մեզ 3500 դոլար են տալիս: Երեւանի ծայրամասում մեկ սենյականոց բնակարանը արժե 17000 դոլար, ես էդ 3500-ով ի՞նչ անեմ: Թող մեզ տուն տան, մենք փող չենք ուզում, իսկ եթե չեն կարող ապահովել, թող մեզ ձեռք չտան, մենք կսարքենք ու կապրենք»,-ասում է Սուսաննա Գրիգորյանը:
Բնակիչները հույսով սպասում են իրենց օգտին ընդունվելիք կառավարության որոշմանը, հակառակ դեպքում նրանք բողոքի ցույց կկազմակերպեն:
Հայարփի Մասխուդյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել