HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանի հեռահաղորդակցության կազմակերպության առեւտրային գործունեության կուլիսներում

Յանիս Բոգիոպուլու

«ԱրմենՏելի» 11 հույն ղեկավարներ վաստակել են այնքան, որքան ընկերության 2000 հայ աշխատողները

Հունական «Էլեֆտերոթիփիա» («Ազատ մամուլ») օրաթերթի լրագրող Յանիս Բոգիոպուլուն, 2005թ. մայիսին Հայաստան կատարած իր ճամփորդությանը զուգահեռ, հետաքրքրական վերլուծություն է կատարել Հայաստանում «ԱրմենՏել»-OTE-ի գործունեության վերաբերյալ: Հոդվածը տպագրվել է թերթի 2005թ. հունիսի 6-ի համարում (Տե՛ս http://www.enet.gr/online/online_text?c=114&id=15172840/, http://www.enet.gr/online/online_text?c=114&id=22997608):
Այն մեզ թարգմանաբար տրամադրել է Աթենքի «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնը:

OTE-ի հայկական միջադեպերը

Այս հոդվածը կարող էր նաեւ ունենալ «Ինչու՞ հայերը այլեւս չեն համակրում հույներին» վերնագիրը' չնայած հազարավոր տարիների պատմական կապերին:

Մեր յուրաքանչյուր հայրենակից, երբ ոտք է դնում Երեւանի օդանավակայան, նախ սովորում է մեկ բան. եթե ուզում է տեղացիների կողմից չարժանանալ վատ վերաբերմունքի, պետք է ցույց տա իր' ԱրմենՏելի վարած քաղաքականության հետ համաձայն չլինելը: ԱրմենՏելը OTE-ի դուստր ընկերությունն է, որի ձեռքում է գտնվում ՀՀ-ի հեռահաղորդակցման ծառայության մենաշնորհը: Այս ընկերության եւ նրա «ռազմավարության» պատճառով ՀՀ-ը համաշխարհային մակարդակով առաջին երկիրն է, ուր բջջային հեռախոսի SIM քարտերը վաճառվում են սեւ շուկայում եւ նույնիսկ հասնում են 200 ԱՄՆ դոլարի' 25 դոլար ինքնարժեքի փոխարեն:

Ինչպես պատկերավոր կերպով ներկայացնում է մի հայ լրագրող. «Մեզ հետ ուղարկեցին խորհրդային ժամանակները, երբ սպասում էինք հերթի մեջ, որպեսզի որեւէ բան գնենք նախքան վերջանալը»: Նկատի ունի տարվա այն սահմանափակ թվով օրերը, երբ ԱրմենՏելը թույլ է տալիս իր «հպատակներին» բազում ամիսների սպասումից եւ բյուրոկրատական քաշքշուկներից հետո գնել մեկ հեռախոսահամար:

Այս փաստը հակասում է ազատ շուկայի օրենքներին այն աստիճան, որ մարդ զարմանում է, թե OTE-ն իսկապես այնտեղ է գնացել շահելու՞ որպես ընկերություն, թե՞ պարզապես որպեսզի հարստանան իր որոշ ղեկավարներ, ինչպես ասաց Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավար, պատգամավոր Արշակ Սադոյանը, որը տարիներ շարունակ հետամուտ է այս խնդրին' վտանգելով շատ բաներ:

Քաղաքում նույնիսկ շշուկներ են շրջում «սեղանի տակից» առեւտրի, կողմնակի կերպով հեռախոսակապ տրամադրելու (որը ԱրմենՏելի հույն ղեկավարությանը համագործակցության մեջ է դրել տեղացի օլիգարխների հետ), նախարարներին միլիոններով կաշառք տալու, ընդդիմադիրներին սպառնալու եւ այլ նմանատիպ իրողությունների վերաբերյալ:

Սակայն հասկանալու համար, որ գոյութուն ունի ինչ-որ «նեխած մթնոլորտ», պետք չէ մտնել ոստիկանական սցենարների մեջ: Ամեն մարդ արդեն դժգոհում է բարձր գների եւ ընկերության սպասարկման ցածր որակի համար: Երեւանում նույնիսկ թաղամասեր կան, ուր բջջային հեռախոսները ռադիոծածկույթից դուրս են:

Թերությունները

Թեեւ Հայաստանի տնտեսությունը զարգանում է տարեկան 10%-ով, երկիրը տառապում է ժամանակակից հեռահաղորդակցման ծառայության պակասից: Օրինակ' ԱրմենՏելի ինտերնետային կապի մենաշնորհը, իր անորակությամբ եւ արտերկրին կապող առկա միայն մեկ գծով, արգելք է հեռահաղորդակցության ընկերությունների եւ օտար ներդրողների համար:

2004թ. ԱրմենՏելի մաքուր շահույթը կազմեց 20.9 մլն եվրո' 85.7 մլն եվրոյի եկամուտից: Այնքան էլ վատ չէ մի ընկերության համար, որը չի կարողանում բավարարել իր բաժանորդների պահանջները եւ, ինչպես փաստերն են ցույց տալիս, շահույթը կշարունակի մնալ բարձր մինչեւ 2013թ., երբ ավարտվում է ԱրմենՏելի մենաշնորհը' բացառությամբ բջջային հեռախոսակապի:

«Բջջային հեռախոսակապի շուկայում նոր մրցակցի մուտքը կարող է օգնել ԱրմենՏելին ավելի բարելավելու սպասարկումը»,-մեզ ասաց գործադիր գլխավոր տնօրեն Վասիլիոս Ֆետսիսը, որն ընդունեց անցյալում կատարված բազում սխալները: 7 տարիների ընթացքում պրն Ֆետսիսը յոթերորդն է, որ ստանձնում է ընկերության ղեկը: Սա արդեն շատ բան է ասում ԱրմենՏելի բարձր վարձատրվող ղեկավարների քաղաքականության եւ OTE-ի' իր դուստր ընկերության հանդեպ ունեցած մոտեցման մասին:

Ղեկավարների աշխատավարձը նույնպես արժանի է ուշադրության: Հատկանշական է, որ համաձայն վերջերս եղած հաշվարկների' ԱրմենՏելի 11 հույն ղեկավարներ շահել են այնքան, որքան ընկերության 2000 հայ աշխատողները միասին վերցրած:

Սակայն ԱրմենՏելում այլեւս չեն աշխատում 11 հույներ, քանի որ նոր տնօրինության ձեռնարկած առաջին քայլերից մեկը եղավ հույն ղեկավար մարմնի թվաքանակը 6-ով սահմանափակելը:
Հայաստանի կառավարության հետ վերջին պայմանագրով ԱրմենՏելն ազատվեց ամեն տարի որոշակի գումար ներդնելու ձեւական պարտավորությունց: Նաեւ պահանջեց եւ ստացավ Voip-ի, այսինքն' ինտերնետային հեռախոսակապի մենաշնորհը: Մի բան, որ հարց է առաջ բերում, թե այժմ ի՞նչ պետք է անեն այն տասնյակ հաստատությունները, որոնք մինչ այդ տրամադրում էին այդ ծառայությունը' որպես այլընտրանքային տարբերակ ԱրմենՏելի թանկ սակագների դիմաց:

Մատակարարումները

Պրն Ֆետսիսն ընդունեց նաեւ, որ ընկերության մատակարարումներն անցյալում եղել են միջազգային գների բազմապատիկի աժողությամբ: «Սակայն միջավայրն այլ էր»,- ասաց: Այս մատակարարումները եղել են այն հայտնի ընկերությունների կողմից, որոնք «ուղեկցում էին» OTE-ին արտերկրում, եւ որոնց շարքում իշխող տեղ ուներ Intracom-ը: Այս պատճառով բաժանորդին հրամցված վերջնական գները զգալիորեն բարձրացել են, չնայած երկրում աշխատավարձը չափազանց ցածր է: Մատակարարողների հետ ունեցած նմանատիպ կապերով գուցե պետք է բացատրել ԱրմենՏելի' ի նպաստ քաղաքային հեռախոսակապի եղած «ռազմավարական» այս ընտրությունը եւ բջջայինի հանդեպ դրսեւորած անտարբերությունը' չնայած առկա մեծ պահանջարկին:

Այսօր բոլոր ղեկավարներն էլ, որոնց հետ զրուցել ենք, համաձայն չեն բջջային հեռախոսակապի հանդեպ «օբյեկտիվ պատճառներով անբացատրելի», ինչպես բնորոշում են, ԱրմենՏելի որդեգրած նման մոտեցման հետ:

1998թ.-ին OTE-ն գնեց ԱրմենՏել մենաշնորհային ընկերության 90%-ը, եւ որպեսզի ներդրումն ավելի գրավիչ լինի, ընկերությանը շնորհվեց օրենքով հաստատված 15-ամյա մենաշնորհ: Հիշյալ օրենքը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համարվեց հակասահմանադրական, եւ պետությանը տրվեց 5 տարվա պայմանաժամ' օրենքը վերանայելու համար:

Պայմանաժամը լրացավ 2003թ. մարտին, սակայն ոչինչ չփոխվեց:

Ընկերության ձեռքբերման համար OTE-ն վճարեց 142 մլն դոլար, եւ դեռ անհայտ է մնում, թե ինչու այդքան վեհանձն գտնվեց գնի առաջարկության մեջ, երբ մեկ այլ ֆրանսիական ընկերություն առաջարկում էր այդ գումարի կեսը միայն:

Բանակցորդը

ԱրմենՏելի այս խնդրում առանցքային անձ է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա Սահմանադրական Դատարանի առջեւ պաշտպանեց մենաշնորհի վերաբերյալ օրենքը եւ ՀՀ Կառավարության կողմից լիազորված ներկայացուցիչն էր ԱրմենՏելի հետ վերջերս տեղի ունեցած բանակցություններում: Պրն Հարությունյանն իր քաղաքական հակառակորդների կողմից մեղադրվում էր բանակցություններում անձնական շահեր հետապնդելու մեջ: Նա կուտակված խնդիրները վերագրում է «ոչ միայն վատ մենեջմենթին, այլ նաեւ, որոշ դեպքերում, ընկերության ներսում առկա կաշառակերությանը»: Նաեւ նշեց, որ շատ խնդիրներում պատասխանատու են OTE-ի մատակարարողները:

Ինչ վերաբերում է ապագային, մեզ ասաց. «Ակնկալում ենք, որ 2010թ.-ին կունենանք լիովին մրցակցային շուկա»: Սա համընկնում է ԱրմենՏելի ղեկավար մարմնի այն կարծիքի հետ, որ ընկերությունը դժվար թե ավարտին հասցնի նախնական պայմանագրով նախատեսված 15 տարվա մենաշնորհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter