HY RU EN

Սեդա Ղուկասյան

Տիգրան Բալայան. «Չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրից տեղեկություն չկա»

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի՝ այս տարվա հուլիսի 15-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնվելու հարցը Հայաստանի արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրից տեղեկություն չկա: Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչությանը վերաբերող Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը և մինչ այսօր չի թույլատրել «Կարմիր խաչի» ներկայացուցիչներին այցելել նրան: Այս խնդրի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարություն է տարածել. այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց Բալայանը:

Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելուց հետո, երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի զինուժի դիվերսիոն խումբը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է հատել սահմանը։ Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայտնաբերել և հետ են մղել, իսկ խմբի անդամներից մեկին՝ Կարեն Ղազարյանին գերի են վերցրել։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր այս տեղեկությունը՝ ասելով, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում Զինված ուժերում։

«ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում։

Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։