HY RU EN

Սեդա Ղուկասյան

Տիգրան Բալայան. «Մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը վստահեցնում է՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի վերաբերյալ հայկական կողմի քայլը բխում է այն տրամաբանությունից, որ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունները չվնասվեն: Այս մասին ԱԳՆ-ում ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին, ինչպես նշել ենք շաբաթ օրը տարածած մեր մեկնաբանության մեջ, հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի «Մարտի 1-ի գործի» շրջանակներում, որից հետո ԱԳՆ-ն դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրներին, որպեսզի սկսեն Խաչատուրովին այդ պաշտոնում մեկ այլ անձով փոխարինման գործընթացը:

«Մեր քայլը` դիմել ՀԱՊԿ երկրներին, հենց ելնում է այն տրամաբանությունից, որ ցանկանում ենք նպաստել կառույցի ուժեղացմանը»,- ասաց Բալայանը՝ վստահեցնելով, որ ՀԱՊԿ-ի համար կարևոր փաստաթղթերն ընդունվել են այն ժամանակ, երբ Հայաստանն է նախագահել, ինչպես՝ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգը, խաղաղապահ ուժերի մասին համաձայնագիրը և այլն:

«Հայաստանը տրամադրված է չանել որևէ քայլ, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը, մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց նա:

Բալայանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովը դեռևս շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և կշարունակի պաշտոնավարել այնքան, քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել` նրան այլ անձով փոխարինելու: