Դատավորը ստացած անթույլատրելի նվերը պետք է հանձնի Պետգույքի կառավարման կոմիտե
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ դատավորը անթույլատրելի համարվող նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետով այն պետք է հանձնի Պետական գույքի կառավարման կոմիտեին կամ փոխհատուցի, եթե այն բնեղենի տեսքով է եղել։ Փոխհատուցումը լինելու է նվերի համարժեք դրամական միջոցի չափով։
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվելու է նվիրատվության պայմանագրի հիման վրա: Թույլատրելի չհամարվող նվերին համարժեք գումարը ստանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրելու է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվելու է նվերը ստանալու օրվա դրությամբ:
Եթե փորձաքննության արդյունքով պարզվի, որ դատավորի ստացած թույլատրելի չհամարվող նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցվածից, ապա Պետգույքի կառավարման կոմիտեն այդ մասին ծանուցելու է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը: Ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը: Նվերի հանձնման պահից մեկշաբաթյա ժամկետում կոմիտեն այդ մասին տեղեկացնելու է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ Սահմանադրական դատարանին:
«Դատական օրենսգիրք»-ը սահմանում է, որ դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ: Օրենսգրքով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի։
«Նվեր» հասկացությունը ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ ցածր գնով վաճառված գույքը և մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն։
Մեկնաբանել