HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը կփոխհատուցի ՄԻԵԴ-ում պարտված գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի կատարման համար կառավարության պահուստային ֆոնդից դիմումատուին պետք է փոխհատուցվի 2,410 եվրոյին համարժեք դրամ։
Այս գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունիսի 29-ին, հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է:

Գործի փաստական հանգամանքները

1991 թվականին դիմումատուն, առանց թույլտվության, Երևանի արվարձաններից մեկում 1 000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է խանութից (պահեստից) ու անավարտ կառույցից, և այդ գույքն օգտագործել է հաջորդող տասը տարիների ընթացքում:

2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև՝ հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը:
2001 թվականի հունիսի 8-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը և հողամասը թողել նրա օգտագործմանը: Սահմանված ժամկետում այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հիմք ընդունելով այդ վճիռը՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը հավաստող վկայական՝ նշելով, որ դիմումատուն հողամասի նկատմամբ ունի 99 տարի ժամկետով վարձակալության իրավունք:

Այնուհետև դիմումատուն վճարել է հողամասի կադաստրային արժեքը: 2003 թվականին գրանցվել է հողամասի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը: Հետագա տարիների ընթացքում դիմումատուն պարբերաբար վճարել է ինչպես գույքահարկ, այնպես էլ՝ հողի հարկ:

2009 թվականի մայիսի 7-ին գլխավոր դատախազի տեղակալը 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը։ Դատախազի տեղակալը վիճարկել է այն հանգամանքը, որ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նյութական իրավունքի համապատասխան դրույթների մեկնաբանության և կիրառման մեջ սխալ է թույլ տվել: Դատախազի տեղակալի պնդմամբ՝ հողը պատկանել է պետությանը, հետևաբար այդ ժամանակահատվածում այն տիրազուրկ չի եղել և համայնքի դատարանը չպետք է այդ գործի նկատմամբ կիրառեր ձեռքբերման վաղեմության վերաբերյալ կանոններ: Դատախազի որակմամբ՝ այդ վճռով վնաս է պատճառվել պետության գույքային շահերին:

Գլխավոր դատախազի տեղակալն այնուհետև վիճարկել է այն դրույթը, որ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր էր որպես դատավարության կողմեր ընդգրկել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանմանը, Երևանի քաղաքապետարանին՝ որպես հողի կառավարման լիազորություններով օժտված մարմիններ: Այդպես չգործելով և նրանց բացակայության պայմաններում իրենց իրավունքներին առնչվող որոշում կայացնելով` համայնքի դատարանը խախտել է նաև դատավարական իրավունքը: Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանից պահանջել է վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել 2001 թվականի հունիսի 8-ի վճռից և զրկվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից։

2009 թվականի մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը նույնպես 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել՝ ներկայացնելով համանման նյութական և դատավարական փաստարկներ: Արդեն հուլիսի 18-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է բողոքները, բեկանել 2001 թվականի հունիսի 8-ի վճիռը և մերժել դիմումատուի՝ ձեռքբերման վաղեմության պահանջը:
Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը վերադարձվել է:

Այդ որոշումներից հետո համապատասխան մարմինները վարույթ են հարուցել դիմումատուի դեմ՝ հայցելով չեղարկել շինության և հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքի՝ դատարանի կողմից թույլատրված գրանցումը: Գործը հասել է ՄԻԵԴ

Ինչ է որոշել ՄԻԵԴ-ը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի՝ սահմանված ժամկետների բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելով, դատարանը հաշվի չի առել, որ գործին չմասնակցած անձը, ում իրավունքների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունի սահմանված ժամկետներից ուշ բերված վերաքննիչ բողոք բերել դատարան այդ ակտի դեմ բողոք ներկայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում։
Սակայն դատարանը որոշել է, որ Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի փաստարկները, թե նրանք միայն 2009 թվականի փետրվարին են տեղեկացել 2001 թվականի հունիսի 8-ի վճռի մասին, և որոշել քննության առնել 2009 թվականի մայիսին նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները։ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ սա հանգեցրել է գործի նոր քննության և հօգուտ դիմումատուի կայացված օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման:

Դատարանի որոշմամբ, այդ գործը կապված է ոչ թե վերջնական և պարտադիր կատարման ենթակա վճռի՝ լրացուցիչ բողոքի միջոցով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հետ, այլ զգալի ժամանակահատված բաց թողնելուց հետո վարույթն այն հիմքով վերսկսելու հետ, որ տուժող կողմը տեղեկացված չի եղել դրա մասին, ինչն, ըստ էության, համարժեք է սովորական բողոքարկման ժամկետի վերականգնմանը:

Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուն թե՛ ներպետական դատարաններում, թե՛ Եվրոպական դատարանում վիճարկել է հակառակ կողմի ներկայացրած փաստարկներն՝ այդքան ուշ բերված վերաքննիչ բողոքները։ ՄԻԵԴ-ը վիճարկել է այն պնդումը, որ պետության անունից գործող մարմինները 2001 թվականի հունիսի 8-ի վճռի և դրա հետևանքների մասին տեղեկացել են միայն ութ տարի անց: Եվրոպական դատարանը նշել է, որ Վերաքննիչ դատարանն այս հարցով որևէ ուսումնասիրություն չի կատարել և այս առնչությամբ դիմումատուի փաստարկներին չի անդրադարձել՝ չնայած դրա հակասական, վիճարկելի բնույթին և այն հանգամանքին, թե ինչն է վտանգվում:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը։ Այսինքն՝ սահմանված ժամկետների բաց թողնմամբ բերված վերաքննիչ բողոքների վարույթ ընդունումը հիմնավորող բավարար հիմքերի առկայությունը չի ստուգել, չի կատարել նման լուրջ հարցի հանգամանալից ուսումնասիրություն։ ՄԻԵԴ-ի եզրակացմամբ՝ դիմումատուի շահերի և պատշաճ արդարադատություն ապահովելու անհրաժեշտության միջև չի ապահովել արդարացի հավասարակշռություն, որն ընդգրկում է երրորդ անձանց շահերը:
Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Վերաքննիչ դատարանը, վարույթ ընդունելով Երևանի քաղաքապետարանի և գլխավոր դատախազի տեղակալի կողմից սահմանված ժամկետներից ուշ 2001 թվականի հունիսի 8-ի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքները, հիմնավոր և համոզիչ պատճառաբանություն չի ներկայացրել՝ խախտել է իրավական որոշակիության սկզբունքը։

Եվրոպական դատարանը նշել է, որ 2001 թվականի հունիսի 8-ի վերջնական վճռով ճանաչվել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը: Այդ վճռի հետագա բեկանմամբ դիմումատուն զրկվել է այդ գույքից, որը հանգեցրել է միջամտության նրա՝ գույքի նկատմամբ ունեցած իրավունքներին։ Եվրոպական դատարանն արդեն գտել է, որ վերջնական վճիռը վերանայվել է իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ և հանրության շահերի ու դիմումատուի իրավունքների պաշտպանության միջև չի ապահովվել արդարացի հավասարակշռություն։

Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 1000 եվրո` ոչ նյութական վնասի և 1410 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter