HY RU EN

Դիանա Ղազարյան

Կառավարության վստահությունը վայելող ընկերությունը պետությանը խոշոր չափի վնաս է պատճառել

«Հիմա ավելի շատ հարկային տեսուչներ կան, քան գործարարներ: Իսկ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն էլ «մոնոպոլիզացված են»»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել էր պետությանը խոշոր չափի վնաս պատճառած «Բիո գրուպ» ընկերության սեփականատիրոջ հայրը՝ Ղևոնդ Թորգոմյանը: Նա այս հայտարարությունը արել է 2015 թվականին՝ խոսելով իր ընկերության՝ «Ապագա» ՍՊԸ-ի, գործունեության դադարեցման մասին:

Չնայած Ղևոնդ Թորգոմյանը բողոքում էր հարկային մարմինների՝ այդ տարիների վարած քաղաքականությունից` այդ նույն ընթացքում նրա որդուն պատկանող «Բիո գրուպ» ընկերությունը Կառավարության որոշմամբ ԱԱՀ վճարները հետաձգելու արտոնություն էր ստանում։

Մասնավորապես. գլխավոր դատախազությունը հուլիսի 31-ին հայտնեց, որ «Բ. Գ.» անվանումով (անվանումը նշված չէր դատախազության հաղորդագրության մեջ, բայց համադրելով նախկինում հրապարակված տեղեկատվությունը` խոսքը «Բիո գրուպ»-ի մասին է) ընկերությունը 2013թ.-ին կառավարության որոշմամբ ստացել է 165 անուն ապրանքների ներմուծման ԱԱՀ վճարները 3 տարով հետաձգելու արտոնություն, սակայն մինչև 2016-ի տարեվերջ ներմուծված ապրանքների մասով առաջացրել է 159 միլիոն դրամի ԱԱՀ վճարելու պարտավորություն, որից վճարել է միայն 11 միլիոն դրամը:

2013 թվականի օգոստոսի 15-ին կառավարությունը նման արտոնություն է տրամադրել «Բիո գրուպ» ընկերությանը՝ թույլատրելով 2013 թվականի օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը Հայաստան ներմուծել 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներ՝ ԱԱՀ վճարը երեք տարի անց վճարել: Ըստ կառավարության այդ որոշման՝ ընկերությունը Հոլանդիայից Հայաստան էր ներմուծելու 657 միլիոն դրամ արժեքով ապրանքներ:

2016 թվականի նոյեմբերի պետական եկամուտների կոմիտեի դիմումով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընկերությանը ճանաչել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում վաճառվել է ընկերության հիմնական գույքը, որը գրավադրվել էր բանկում՝ 1 միլիոն եվրոյի վարկի դիմաց:

Այդ վաճառքից գոյացած միջոցներն ամբողջությամբ ուղղվել են բանկի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորության մարմանը:

Դատախազության՝ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ընկերությունը հնարավորություն է ունեցել վճարել հարկային պարտավորությունները՝ ակտիվների օտարման արդյունքում առաջացած դրամական միջոցների հաշվին, սակայն չի վճարել:

Դատախազության հաղորդմամբ՝ ընկերության համար կանխամտածված ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, արդյունքում պարտատերերին, ինչպես նաև պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ 148 միլիոն դրամի վնաս: Դատախազությունը այդ գործընթացում տեսնում է կանխամտածված սնանկության հատկանիշներ, որի հիմքով հարուցել է քրեական գործ, նախաքննությունը կատարելու է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը:

«Բիո գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հուլիսի 25-ին՝ կառավարությունից արտոնություն ստանալուց շաբաթներ առաջ, այն զբաղվում էր ջերմոցային լոլիկի աճեցմամբ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության միակ սեփականատերը Գուրգեն Թորգոմյանն է:

«Բիո գրուպ»-ը վայելել է նախկին կառավարությունների վստահությունը

Ընկերության հիմնադրման առաջին տարիներին մարզեր կատարած այցերի շրջանակներում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են նաև «Բիո գրուպ» ընկերություն։ Նման այց 2014 թվականի օգոստոսի 28-ին կատարել է այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ընկերությունը խոստացել էր 2014 թվականին ներդնել 657 միլիոն դրամ՝ վարունգի և չորս տեսակի լոլիկի աճեցման համար ջերմոցային տնտեսություն ստեղծելով: Դրանից մեկ ամիս առաջ էլ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր այցելել ջերմոց, ծանոթացել ընկերության աշխատանքներին:

«Բիո գրուպ»-ը 2014 թվականին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար գյուղնախարարից ստացել է ոսկե մեդալ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղյակ չէր «Բիո գրուպ»-ի չկատարած պարտավորություններից

Այս տարվա հունվարի 16-ին գրավոր հարցում էինք ուղարկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝  խնդրելով տրամադրել կառավարության կողմից արտոնություն ստացած ընկերությունների ցանկը և տեղեկացնել, թե այդ ընկերություններից որոնք չեն կատարել կառավարությանը խոստացած ներդրումային ծրագիրը: Նախարարությունից տրամադրել էին գործադիրի կողմից ԱԱՀ վճարը հետաձգված և ներմուծման մաքսատուրքից ազատված ընկերությունների անվանումները, այդ թվում «Բիո գրուպ»-ինը, սակայն նշել են, որ պայմանագրով և ներդրումային ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ  կատարելու հիմքով պայմանագիրը խզվել է միայն «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության հետ:

Նախարարությունը «Բիո գրուպ» ընկերության չկատարած պարտավորությունների մասին մեզ որևէ տեղեկատվություն չէր փոխանցել։

Դատախազությունն ուսումնասիրում է կառավարությունից արտոնություն ստացած ընկերությունների պարտավորությունները

Գլխավոր դատախազությունը շարունակում է ուսումնասիրել կառավարության որոշումներով 2012-2016 թթ-ին ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարողների` ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Դատախազությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը առաջարկել է քննարկել ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարողների ընթացիկ վերահսկողական համակարգերը կատարելագործելու, կանխատեսումներ պարունակող վերլուծություններ իրականացնելու մեխանիզմները:

Դատախազությունը կարծում է, որ այդ խնդիրների լուծումը թույլ կտա վերացնել ԱԱՀ վճարելու գծով արտոնություն ստացած սուբյեկտների` հարկերի վճարումից խուսափելու պրակտիկան:

Դատախազության փոխանցմամբ՝ 2012-2016 թթ. ԱԱՀ վճարման գծով կառավարության 48 որոշումներով տնտեսվարողները ստացել են շուրջ 27 մլրդ դրամի արտոնություն: Նրանցից 19-ի մասով լրացած է եղել արտոնության ժամկետը, որոնցից ութն ունեն շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի դրությամբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մեզ տրամադրած տվյալներով՝ կառավարությունը արտոնություն է տրամադրել 93 ներդրումային ծրագրի: