HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արթուր Խաչատրյանն ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետև նախարար Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության քաղաքականության նոր առաջնահերթությունները։ Նախարարը մասնավորապես շեշտել է, որ ուշադրության առանցքում լինելու է փոքր տնտեսությունների զարգացումը՝ հողերի խոշորացման, միավորումների ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման, ֆինանսների հասանելիության, գյուղտեխնիկայի թարմացման և առհասարակ գյուղատնտեսական արժեշղթայի ամբողջական զարգացման միջոցով։

Գյուղնախարարը կարևորել է նաև բարձրարժեք, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների և ուսուցման միջոցով գիտական նոր նվաճումների և տեխնոլոգիաների ներդրման խթանումը գյուղատնտեսության մեջ։

Դեբորա Գրիզերն իր հերթին գոհունակություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և Գյուղատնտեսության նախարարության միջև երկարամյա պատմություն ունեցող համագործակցությամբ։ Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ նա նշել է, որ թեև այս տարեվերջին ավարտին են մոտենում «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերը, սակայն նախատեսում են նոր՝ «Գյուղատնտեսության զարգացում-նոր տնտեսական հնարավորություն» հնգամյա դրամաշնորհային ծրագիր մեկնարկել, որի թիրախում կլինեն գյուղական փոքր ագրոբիզնեսները։ Աջակցությունը հիմնականում կուղղվի այգեգործության զարգացմանը, մասնավորապես նոր մշակաբույսերի, ջերմատների, ինտենսիվ այգիների, խաղողագործության, գյուղատնտեսական առաջնային արտադրության խթանմանը, հնարավոր է նաև գինու փոքրածավալ արտադրության և ագրոտուրիզմի զարգացման ֆինանսավորում։ Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հարցին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման ջրի խնայողատար համակարգերի կիրառմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter