ՀԷՑ․ Էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում վթարայնությունն աճել է 30-35 %-ով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ աս տարվա հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետևանքով նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄգՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄգՎտ:
Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի:
Վթարները հիմնականում ազդել են Երևանի «Արաբկիր» և «Կենտրոն» վարչական շրջանների էլեկտրամատակարարման ռեժիմների վրա, քանի որ վերջիններիս մալուխային տնտեսությունն առավել մաշված է, տարածքը՝ խիտ բնակեցված:
Օգոստոսի 3-ի դրությամբ վթարների վերացման աշխատանքներին ներգրավված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական ողջ անձնակազմը՝ վերանորոգող 10 բրիգադով և մալուխային էլեկտրալաբորատորիայով: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով:
ՀԷՑ-ը նշում է նաև, որ, էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն, էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումը վերականգնելու սահմանված ժամկետը խախտելու դեպքում ՀԷՑ-ն իր բաժանորդներին պարտավորվում է վճարել համապատասխան տուգանք:
Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակին են ուղղված ընկերության՝ 900 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ նեդրումային հաստատված ծրագրերը, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով և կիրականացվեն մինչև 2028 թ.-ը:
Ծրագրի գերակա նպատակն ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տևողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի և հուսալիության բարձրացում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել