HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչով է զինվում Ադրբեջանը վերջին տարիներին

2016-ի ապրիլյան պատերազմից հետո ռազմական հռետորաբանությունը չդադարեցնող եւ ԼՂ հակամարտությունը պատերազմով լուծելու կոչեր հնչեցնող Ադրբեջանը 2016-2017 թթ. զենք-զինամթերք է ձեռք բերել/պատվիրել 6 երկրից՝ Իսրայելից, Ռուսաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Թուրքիայից, Պակիստանից:

Սա Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի վիճակագրությունն է, որի մանրամասներին կանդրադառնանք ստորեւ:  

Այս ինստիտուտը (SIPRI) 1966-ից գործող հաստատություն է, մասնագիտացած է հակամարտությունների եւ խաղաղության հետազոտության մեջ, գլխավորապես ուսումնասիրում է աշխարհում զենքի եւ զինամթերքի արտադրությունն ու տեղաշարժը:

Ինստիտուտը հրապարակում է վիճակագրական տվյալներ տարբեր երկրների միջեւ զենքի առեւտրի վերաբերյալ, որոնք վերցնում է երկու տիպի աղբյուրներից՝ առաջնային եւ երկրորդային: Առաջնայինը պաշտոնական տվյալներն են, որոնք հրապարակում կամ տրամադրում են կառավարությունները (բյուջետային փաստաթղթեր, հաշվետվություններ, ազգային վիճակագրություն, միջազգային կառույցների կողմից (SIPRI, ՄԱԿ, ԵԱՀԿ) ուղարկված հարցումների պաշտոնական պատասխաններ): Երկրորդայինն այն աղբյուրներն են, որոնց տվյալները վերցված են պաշտոնականից՝ միջազգային վիճակագրություն, տարեգրքեր (ՆԱՏՕ, ԱՄՀ, ՄԱԿ, միջազգային հետազոտական կառույցներ): Աղբյուրների երրորդ խումբը մասնագիտացած լրագրողներն ու պարբերականներն են:      

Չնայած ինստիտուտը չի թաքցնում, որ թվային տվյալների մի մասը ճշգրտված չէ, նրա ներկայացրած վիճակագրությունն ուշագրավ է:

Իսրայել. ԱԹՍ-ներ, ռադարներ, հրթիռներ, ամենագնացներ, նավեր

Վերջին տարիներին Ադրբեջանի գլխավոր ռազմական գործընկերներից մեկն Իսրայելն է, որը տարատեսակ զինամթերք է մատակարարում այս երկրին: 2016-ի ապրիլին անդրադարձել էինք, թե ինչպես է 2005-ից ի վեր Իսրայելը զինում ու պատրաստում ադրբեջանցի զինվորականներին:

2016-2017 թթ. Իսրայելը Ադրբեջանին առաքել է նախորդ եւ այդ տարիներին տրված պատվերները:

Դրանց թվում նշվում է «Orbiter-1K» անօդաչու թռչող սարքը, որն արտադրում է «Aeronautics Defense Systems» ընկերությունը: Հիշեցնենք, որ 2009-ին «ADS»-ն ու Ադրբեջանը համաձայնագիր էին կնքել ԱԹՍ-ների գործարան կառուցելու մասին: 2011-ի մարտին Բաքվում կայացել էր «AZAD Systems» ձեռնարկության բացումը, որը նախապես կոչված էր «Orbiter-2M» եւ «Aerostar» ԱԹՍ-ների առանձին մասերի արտադրությանը: 

Ադրբեջանական այս ընկերությունը ներկայում արտադրում է նաեւ իսրայելական «Orbiter-1K»-ի նմանակը, որը կոչվում է «Zerbe»: Ինչ վերաբերում է հենց «Orbiter-1K»-ին, ապա ընթերցողները գուցե կհիշեն, որ անցյալ տարի Իսրայելում սկանդալ ծագեց այս «ինքնասպան» ԱԹՍ-ի շուրջ այն բանից հետո, երբ տեղական մամուլը գրեց, որ ադրբեջանցիները իսրայելցի մասնագետներին առաջարկել են նոր ԱԹՍ-ն փորձարկել Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա: Չնայած օպերատորները հրաժարվել էին, դա արել էր իսրայելական պատվիրակության ղեկավարությունը, ինչի արդյունքում 2 հայ զինծառայող թեթեւ վիրավորում էր ստացել: Դրանից հետո Իսրայելի ՊՆ-ն կասեցրել էր նշված ԱԹՍ-ի՝ դեպի Ադրբեջան արտահանման թույլտվությունը: 

«Orbiter-1K» «Harop»

2012 թ. Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել նաեւ «Israel Aerospace Industries»-ի հետ, որը պիտի մատակարարեր ԱԹՍ-ներ եւ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն համակարգեր: Իբրեւ այս գործարքի մաս 2016-ին Իսրայելն առաքել է «Barak LR» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ: Ադրբեջանը ստացել է նաեւ «Barak 8» հրթիռներ: Բացի դրանից՝ Իսրայելը մատակարարել է «OPV-62» պարեկանավեր, «LAHAT» հակատանկային հրթիռներ, «Spike NLOS» հրթիռներ՝ նախատեսված «OPV-62» եւ «Shaldag» պարեկանավերի օգտագործման համար, ռադարներ, «Harop» «ինքնասպան» ԱԹՍ-ներ, որոնք, ըստ էության, կիսով չափ ԱԹՍ են, կիսով չափ՝ հրթիռ, դրա համար էլ վիճակագրության մեջ, ինչպես «Orbiter-1K»-ն, ներկայացված են որպես հրթիռ: «IAI»-ի այս ԱԹՍ-ները կիրառվեցին, մասնավորապես, ապրիլյան պատերազմի օրերին:

Ադրբեջանն Իսրայելից ստացել է նաեւ «Sand Cat» ամենագնացներ, դրանց վրա տեղադրելու համար նախատեսված «Sand Cat Spike-LR» հրթիռային համակարգեր եւ «Spike-LR» հակատանկային հրթիռներ: Ադրբեջանական պատվերների թվում են նաեւ իսրայելական «Iron Dome» հակահրթիռային պաշտպանության համակարգը եւ դրա համար նախատեսված «Tamir» հրթիռները. թե՛ առաջինի, թե՛ երկրորդի մատակարարման մասին որոշակիություն չկա:

Ռուսաստան. հրանետներ, զրահափոխադրիչներ, հակատանկային համակարգեր

Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ նույնպես Ադրբեջանը բավականին մեծ ծավալներով զենքի առեւտուր է անում: Ռուսական մատակարարումների թվում 2016-2017 թթ. կտրվածքով «SIPRI»-ն նշում է հետեւյալ զինատեսակները՝ «ՏՕՍ-1» համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր, «ԲՏՌ-82Ա» զրահափոխադրիչներ, «Խրիզանտեմա-Ս» ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգեր եւ դրանց կիրառման համար նախատեսված «9Մ123» հրթիռներ:         

«ԲՏՌ-82Ա» «Խրիզանտեմա-Ս»

Չեխիա եւ Սլովակիա. ռեակտիվ համակարգեր, հաուբիցներ

«SIPRI»-ն իբրեւ Ադրբեջանի զենքի մատակարարներ նշել է նաեւ Չեխիային ու Սլովակիային: Չեխիան ներկայացված է որպես 122 մմ «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաքող: Նշվում է, որ սրանք «երկրորդ ձեռք»՝ արդեն օգտագործված համակարգեր են, որոնք, սակայն, վերանորոգվել-թարմացվել են Իսրայելում, ապա ուղարկվել Ադրբեջան: Սլովակիան էլ ներկայացվել է որպես 152 մմ «Dana» ինքնագնաց հաուբիցների մատակարար: Սրանք նույնպես նախկինում օգտագործված, բայց առաքումից առաջ թարմացված միջոցներ են, որոնց վերջնական մատակարարն, ըստ հետազոտական ինստիտուտի, անհայտ է:

Թե՛ «RM-70»-ը, թե՛ «Dana»-ն սկսել են արտադրվել դեռ այն ժամանակ, երբ գոյություն ուներ միասնական Չեխոսլովակիան: Վերջերս Սլովակիայի «Dennik N» պարբերականն անդրադարձավ դրանց ոդիսականին՝ նշելով, որ երկու զինատեսակներն էլ արտահանել է Սլովակիայի «MSM» ընկերությունը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունն այս զենքերն Իսրայել արտահանելու թույլտվություն էր տվել «MSM»-ին, սակայն արդյունքում դրանք հայտնվել են Ադրբեջանում: Ըստ «MSM»-ի՝ զինտեխնիկան նախատեսված է եղել իսրայելական «Elbit Systems» ընկերության համար: Մյուս կողմից՝ հայտնի է, որ այս վերջին ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ: 2007-2008 թթ., օրինակ, «Elbit»-ն Ադրբեջանից 10 հատ «Hermes-450» ԱԹՍ-ի պատվեր էր ստացել, որոնց նմանակը 2011-ին խոցվեց Արցախի հակաօդայինների կողմից:  

«Dana» հաուբիցները՝ Ադրբեջանում «RM-70» համակարգերը՝ Ադրբեջանում

Չեխիայում եւ Սլովիակայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը քննադատել է Սլովակիայի իշխանությունների վարքագիծն ու համոզմունք հայտնել, որ նույն «Czechoslovak Group»-ը շատ լավ գիտեր, թե իրականում ուր են գնում ռեակտիվ համակարգերն ու հաուբիցները: Սլովակիայում այս առիթով հետաքննություն է սկսվել, չնայած լրատվամիջոցների ու սոցցանցերի միջոցով արդեն փաստվել է, որ զենքերն այլեւս Ադրբեջանում են:     

Թուրքական ռեակտիվ համակարգեր, պակիստանյան օդանավեր

Ադրբեջանի հետ 244 մլն դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում Թուրքիան 2015-2016 թթ. առաքել է 300 մմ «T-300» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաեւ դրանց կիրառման համար «TRG-300» կառավարվող հրթիռներ: 2017-ին էլ Ադրբեջանը Պակիստանին պատվիրել է «Super Mushshak» ուսումնական ինքնաթիռներ, որոնք կիրառվում են թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter