HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հուշարձան շենքի քարերը հայտնվել են աղբակույտի մեջ

Արամի փողոց 86 և 88 հասցեների նորակառույց բնակելի շենքերի միջակայքում արդեն քանի տարի հուշարձան շենքի քարեր են կուտակված։ Համարակալված այդ քարերը բնակելի շենք մուտքի անկյունում են, դրանց հիմնական մասը մամռակալվել է և սարդոստայնով պատվել, իսկ քարերի արանքում աղբակույտեր են։

Անուշադրության մատնված հուշարձան շենքի քարերի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով բարձրաձայնել էր նաև ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը։ Նրա այդ գրառմանը  արձագանքել էր մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։ Արձագանքից  անցել է մոտ մեկ ամիս։ Փորձեցինք նախարարի տեղակալից ճշտել, թե մշակույթի նախարարությունը ինչ է արել և պատրաստվում անել  հուշարձան շենքի քարերը փրկելու համար։

Տիգրան Գալստյանի փոխանցմամբ՝ այնտեղ թողնված քարերը Արամի 86 հասցեում գտնվող նախկին հուշարձան շենքինն են։ 

Ըստ հաստատված նախագծի՝ համարակալված այդ քարերը պետք է օգտագործվեին այդտեղ կառուցվող նորակառույց շենքի առաջին երկու հարկերում,  որի վերևում պետք է շարունակվեր կառուցվել նորակառույց բնակելի շենք։ Ճարտարապետ Լևոն Վարդանյանի ներկայացված այդ նախագիծը հաստավել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք․ «Այս նախագծի հուշարձանների պահպանություն չէ, այլ ընդհամենը հուշարձան համարվող շենքի քարերի օգտագործում է։ Բայց մշակույթի նախարարությունը թույլտվություն տվել է այս նախագծին։ Շենքը քանդել են, բայց այս քարերը այդպես էլ չեն օգտագործել։ Քանդված քարերն էլ այդպես մնացել է»,-«Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Գալստյանը։

Շենքի ավարտական ակտը մշակույթի նախարարության կողմից չի ստորագրվել, քանի որ նախարարություն ներկայացված նախագիծը այլ է եղել, իսկ շենքի վերջնական տեսքը՝ այլ։ Գալստյանի փոխանցմամբ՝ օրենք է խախտվել շենքի սեփականատերը այլ նախագծով է բնակելի շենքը կառուցել։ Այսինքն՝ նախագծի այն կետը, որ պետք է շենքի առաջին երկու հարկերը կառուցվեին հուշարձան շենքի քարերով, չի պահպանվել։

Տիգրան Գալստյանի փոխանցմամբ՝մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարարանին մի քանի անգամ տեղեկացրել է, որ կառուցված շենքը չի համապատասխանում մշակույթի նախարարության հաստատած նախագծին«Հուշարձանը քանդելով, նոր շենք կառուցելով, առաջին երկու հարկը պահպանելը, հուշարձանի պահապանություն չէ, դա ընդամենը հուշարձանի քարերի օգտագործում է»։

Գալստյանն ասում է, որ նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ կառուցապատման գործընթացը օրենքի ընթացակարգերով չի արվել«Այստեղ մեծ հարց էլ կա՝ այդ քարերը տեղափոխվեն  ու՞ր, ինչի՞ համար տեղափոխվեն»։

Նախարարի տեղակալը պարզել է, որ տարածքի սեփականատերը կնքված պարտավորագիր ունի, որ այդ տարածքում կարող է ժամանակավոր պահել քարերը։ Հարցին, թե ինչպես է նախարարի տեղակալը տեսնում հուշարձան շենքի անուշադրության մատնված քարերի ճակատագիրը, ասում է՝ նախ պետք է պարզել՝ այժմ այդ քարերը ամբողջական են, թե՞ ոչ, հնարավո՞ր է այդ քարերով շենքի ճակատը հավաքել, թե՞ ոչ։ Գալստյանը կարծում է՝ «Հին Երևան»-ի բանակցությունների ավարտից հետո կհասկանան՝ այդ տարածքում ինչ է կառուցվելու, ըստ դրա՝ այդ քարերի ճակատագիրը կորոշվի։ Ասում է՝ եթե այդ քարերը օգտագործվեն այլ շենքի կառուցման համար, կլինի հուշարձանի բեկորներով տեղափոխված հուշարձան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter