HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օնլայն հարթակում ներդրում անելու առաջարկը՝ խարդախության ծուղակ

Կամո Ամիրխանյանը, վստահելով իր 20 տարվա վանաձորցի ծանոթի` Ո. Մուրադխանյանի խոստումներին, խոշոր չափի գումար է տվել նրան՝ օնլայն հարթակներում ներդրում կատարելու միջոցով եկամուտ ստանալու ակնկալիքով: Սակայն խոստումներն իրականություն չեն դարձել, ավելին՝ նա խարդախության զոհ է դարձել:

2016թ. փետրվարի 4-ին Կամո Ամիրխանյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Ո. Մուրադխանյանը «Յունիվերթիմ» (Univerteam Limited) ընկերութան համացանցային համակարգի միջոցով գումար վաստակելու պատրվակով խաբեությամբ իրենից առձեռն ստացել է 10 մլն 800 հազար դրամ: Սակայն ինքը խոստացված եկամուտը չի ստացել, իսկ Մուրադխանյանը հրաժարվել է գումարը վերադարձնելուց:

2016թ. փետրվարի 14-ին քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Մուրադխանյանը Կամոյին տեղեկացրել է, որ վերը նշված արտասահմանյան ընկերության կայքի միջոցով վաճառվող 1500 եվրո արժողության փաթեթներով կարող է յուրաքանչյուրից ամսական 480 եվրո պասիվ եկամուտ ստանալ: Կամո Ամիրխանյանը հավատացել է և 2015թ. հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Ո. Մուրադխանյանին առձեռն տվել է 10 մլն 800 հազար դրամ: Վերջինս նշված գումարը փոխանցել է Երևան քաղաքի բնակիչ Ս. Յոլչյանին և փոխարենը ստացել համարժեք չափի  «Univerteam» ընկերության կայքի ներքին՝ վիրտուալ գումարային միավորներ: Դրանց միջոցով Կամո Ամիրխանյանի համար կայքում գրանցել է 13 հատ հաշիվ և յուրաքանչյուրի համար ձեռք բերել 1500 եվրո արժողության ծրագրային փաթեթներ:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Կամո Ամիրխանյանը ծրագրային փաթեթներից ամսական ստացված գումարային միավորների միջոցով նույն ընկերության կայքով ձեռք է բերել ևս 4 հատ 1500 եվրո արժողության փաթեթներ: Ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից պատվիրել է «Մաստեր» տեսակի բանկային պլաստիկ քարտ՝ փաթեթներից հետագա ամիսներին ստացվելիք գումարային միավորները կանխիկացնելու նպատակով:

Գործի քննության ժամանակ պարզվել է, որ նույն ընկերության ծառայությունից օգտվել և տուժել են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և Երևան, Արտաշատ, Աբովյան քաղաքների տասնյակ քաղաքացիներ: Այդ իսկ պատճառով նույն հիմքերով հարուցված քրեական գործերը միացվել են:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ն. Համբարձումյանը 2017թ. հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ մինչև որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի պարզելը: Հաղորդում տալուց մինչ օրս անցել է ավելի քան երկու տարի, սակայն գործով այդպես էլ մեղադրյալ չկա:

Նախաքննական մարմինը, ըստ քրեական գործի կասեցման որոշման, պարզել է, որ ընկերության պայմաններով նախատեսված է եղել նաև բոնուսային համակարգ, համաձայն որի, եթե նոր օգտատերը գրանցվել է հին օգտատիրոջ հրավերով՝ հղումով և ձեռք բերել առաջարկվող փաթեթներից մեկը, ապա հին օգտատերը որպես բոնուս ստացել է ձեռք բերված փաթեթի 7%-ի չափով գումարային միավոր: Դրանից բացի, ընկերությունն իր օգտատերերին տրամադրել է 11% բոնուս գումարային միավորներ՝ ցանցում իրենից ներքև գրանցված օգտատերերի համար:

Ինչպես նշում է Կ. Ամիրխանյանը, վերոգրյալն արդեն իսկ փաստում է այն մասին, որ  նախաքննությունն իրականացնող քննիչն ակնհայտորեն կեղծել է նախաքննությամբ առկա փաստերը. այն է, որ ընկերության այսպես կոչված բիզնես պլանում բացակայում է «գումարային միավորներ» հասկացողությունը: Վիրտուալ քսակում եկամուտները չափվում են միայն եվրո արտարժույթով, որը քննիչը դիտավորությամբ նենգափոխել է Ո. Մուրադխանյանի, Ս. Յոլչյանի և այլոց կատարած գործողությունների իրավական գնահատական տալուց խուսափելու նպատակով:

«Univerteam» ընկերությունն իր կայքի օգտատերերին հնարավորություն է տվել ստացված պասիվ եկամուտը կանխիկացնել թայլանդական «2PAY4YOU GROUP CO.», անգլիական «Prepaid Financial Services» և ամերիկյան «Payoneer Inc.» կազմակերպությունների կողմից թողարկված MasterCard վճարային պլաստիկ քարտերի ու ներքին փոխանցումների միջոցով, որոնք իրենցից ներկայացրել են նախկինում գրանցած օգտատիրոջ անհատական հաշվի վիրտուալ քսակում եղած գումարային միավորների փոխանակում նոր գրանցվողի ներդրած կանխիկ գումարի հետ: Ինչպես նշում է Կ. Ամիրխանյանը, նման գործառույթն ընդհանրապես տնտեսական որևէ իմաստ չունի և հանդիսանում է խարդախություն:

Քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից հարցաքննվել են մի խումբ անձինք: «Univerteam Limited»-ի գործունեության, դրա դադարած լինելու, Հայաստանում կամ ԱՊՀ երկրներում ներկայացուցչություններ ունենալու մասին հարցում է ուղարկվել Հոնգ Կոնգի իրավասու մարմիններին: Բացի այդ, Հայաստանի իրավապահ մարմինները Հոնգ Կոնգի գործընկերներից փորձել են տեղեկանալ՝ ում կողմից է տնօրինվել կազմակերպության Հոնգ Կոնգի HSBC բանկի հաշիվը, Հայաստանից որքան գումար է ստացվել այդ հաշվին, ում կողմից և այլն: Իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով հարցումներ են ուղարկվել նաև ԱՄՆ, Թայլանդ, Միացյալ Թագավորություն, Բրազիլիա: Հանձնարարականներն են տրվել նաև Հայաստանի իրավապահ մարմիններին, սակայն դեռ դրական արդյունք չի ստացվել:

Վերը նշվածի կապակցությամբ Կ. Ամիրխանյանը հայտնում է, որ այլ երկրներից իրավական օգնություն ստանալը ժամանակի կորուստ է: Քննիչն այս հարցերի պատասխանները կարող էր ստանալ Հայաստանում Կենտրոնական բանկից և այլ կառույցներից ու նշում է, որ այդ հարցումները կրել են տարօրինակ և ձևական բնույթ, այդ երկրներից գրավոր պատասխան ակնկալելն իրականության հետ որևէ աղերս չունի և կարող են առաջացնել միայն հեգնանք: Նրա խոսքերով՝ տպավորություն և համոզմունք է ձևավորվում, որ քննիչը ուղղակիորեն անտրամաբանական և հեռանկար չունեցող փաստաթղթերով արհեստականորեն ծանրաբեռնում և հարստացնում է քրեական գործի ծավալը՝ փորձելով ստեղծել լիարժեք և բազմակողմանի նախաքննության պատրանք և թաքցնել իր անգործությունը:

Ինչ վերաբերում է գործով մեղադրյալ չլինելուն և այդ հիմքով վարույթը կասեցնելուն, ըստ Կամո Ամիրխանյանի, հիմնավոր կասկածներ են առաջանում գործը քննող քննիչի կողմից անգործություն ցուցաբերելու և գործը կոծկելու միտումների վերաբերյալ: Կամոն նշում է, որ անտեսվում են գործում առկա էական այն ապացույցները, ըստ որի՝ Ո. Մուրադխանյանը շահադիտական նկատառումներից ելնելով՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով է տիրացել գումարին:

«Գործի հարուցումից ի վեր բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել գործը քննող ՀԿԳ քննիչ Նարեկ Համբարձումյանի հետ, թե՛ բացատրություններ տալու, թե՛ քննարկումների ժամանակ, որը նախաձեռնվել է իմ կամ քննիչի կողմից: Բոլոր հանդիպումների ժամանակ քննիչի կողմից նկատել եմ կողմնակալություն: Քննիչը  փորձել է ինձ վրա հոգեբանական ճնշումներ գործադրել, անգամ մեղադրել է ինձ ագահության մեջ: Փորձել է անուղղակի ձևով համոզել ինձ, որպեսզի հետ վերցնեմ հաղորդումս, հիմնավորելով, որ՝ մեկ ա, շատ գրագետ են գցել, որևէ ապացույց չկա: Միաժամանակ քննիչն ընդունում է, որ կատարվել է կազմակերպված խարդախություն»,- ասում է Կամոն:

Կ. Ամիրխանյանը քննիչին նաև տեղեկացրել է, որ Ո. Մուրադխանյանը իրեն նոր առաջարկներով է դիմել, որ նոր մարդկանց ներգրավի՝ նրանց «ներդրումներից» եկամուտ ստանալու համար: Կամոյի խոսքերով՝ քննիչ Համբարձումյանն իրեն պատասխանել է, թե պետք է համաձայնվեր, այդպես հետ կբերեր գումարի մի մասը: Նա այս մասին գրություններ է ուղարկել նախկին գլխավոր դատախազին, նախկին նախագահի աշխատակազմ և այլն, սակայն՝ ապարդյուն: Դիմումները նույն շղթայով եկել են այն անձանց մոտ ումից բողոքում է: Պատրաստվում է նոր իշխանություններին ևս դիմել:

Ըստ Կամո Ամիրխանյանի, քննիչը Ո. Մուրադխանյանի գործողություններին իրավական գնահատական չի տվել: Մասնավորապես ներդրումներ անելու տեղեկատվությունը կրել է գովազդային ուղղորդված բնույթ, հետապնդել է շահ ստանալու նպատակ և իրենից թաքցվել է այդ եկամտի ստացման անհնարինությունը՝ պլաստիկ քարտի միջոցով, իսկ այլ ճանապարհով եկամտի ստացումից ինքը հրաժարվել է, քանի որ այդ գործողությունը, ըստ իրեն, բացարձակ հանցագործ բնույթ է կրել: Կամոն ասում է, որ Ո. Մուրադխանյանն իրեն առաջարկել է եկամուտ ստանալու համար՝ ցանցում մարդկանց գրանցել և նրանց տրամադրած գումարները վերցնել որպես եկամուտ, որից ինքը կտրականապես հրաժարվել է:

Կամո Ամիրխանյանը տեղեկություններ ունի, որ Ո. Մուրադխանյանը վերը նշված  ճանապարհով իր վաստակած միջոցներով տուն է գնել Երևանում: Կ. Ամիրխանյանը չգիտի, թե երբ կլուծվի այս թնջուկը, և երբ հետ կստանա իր գումարները:

«Այն փաստը, որ նշված գումարը այդ ընկերության հաշվին չի փոխանցվել և Յոլչյանի կողմից պարզապես յուրացվել է, այն որ այդ գործարքը առ ոչինչ գործարք է, այն, որ ինչպես Մուրադխանյանն, այնպես էլ Յոլչյանն իրավունք չունեին հանդես գալու այդ ընկերության անունից` պարզ է: Քանի որ ըստ ընկերության հետ պայմանագրի նրանք կարող էին նման գործարք կատարել միայն ՀՀ-ում որպես մասնաճյուղ գրանցվելուց հետո: Այդ ընկերության ուղղված ներդրումները որպես եկամուտ յուրացնելը ակնհայտ խարդախություն է, որը քննիչը նախաքննության ընթացքում պարտակել է: Քննիչը պարտավոր էր փորձաքննության ուղարկեր ընկերության բիզնես պլանը, որի արդյունքում ակնհայտ կդառնար, որ այն խաբեության հանցագործ  սխեմա է»,- ասում է Կամո Ամիրխանյանը:

Կամոյի համոզմամբ՝ բոլոր նրանք, ովքեր օգտագործել են այդ հանցագործ ծրագիրը և մարդիկ ներգրավել այդ ցանցում կամ յուրացրել են մյուս մասնակիցների ներդրած գումարները հանցագործներ են այդ բառի դասական իմաստով: Նա համոզված է, որ վերջիններիս կողմից խաբեությամբ Հայաստանի քաղաքացիներից՝ հիմնականում իրենց մերձավորների վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք բերված գումարները պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին: Միաժամանակ կոչ է անում այս գործունեությունից տուժած քաղաքացիներին միավորվել իրենց շահերն ու իրավունքները վերականգնելու համար:

Կ. Ամիրխանյանը կարծում է, որ նշված հանցագործություններն առանց համապատասխան թողտվության հնարավոր չէր այսքան ժամանակ քողարկել:

Մեկնաբանություններ (7)

Իսկը Հայի գործ!
//Կամո Ամիրխանյանը, վստահելով իր 20 տարվա վանաձորցի ծանոթի` Ո. Մուրադխանյանի խոստումներին, խոշոր չափի գումար է տվել նրան// - Է, թող չվստահեր ու չտար! Իսկ գոնե պայմանագիր ու լուրջ երաշխավորներ ունի? Եթե չունի, ապա ոստիկանությունն այդ գործին ընդհանրապես չպիտի ընթացք տար: Բոլոր գրագետ երկրներում այդպես է՝ հիմարություն ու ագահություն անողն ինքն է պատասխանատու: Հիմա ով կամ ինչ հիմքով իրեն պիտի փող տա կամ իրենով զբաղվի? Ինքն «ասում ա՜», է մյուսն էլ ուրիշ բան կասի: Ասվածի վրա ոչ մեկը շենք չի շինում (երեւի հայերիցս բացի), սա պետք է մեկընդմիշտ հասկանալ:
Կամո
Հարգելիս այն որ. Գործում կան հարյուրավոր հայ Տուժած քաղաքացիներ որոնց դուք ագահ և հիմար եք անվանում,այն որ ըստ ՁԵՐ մեկնաբանության վերնագրի հիմար և ագահ եք անվանում հայի տեսակին ընդհանրապես խոսում է Ձեո ով լինելու, Ձեր դաստիարակության և բարոյականության մասին :Ի գիտություն Ձեզ նշված ընկերության իրավահաջորդ կազմակերպության դեմ մի շարք եվրոպայկան և ասիական երկրներում քրեական գործ եր են հարուցվել: հույս ունեմ որ հայի տեսակն էլ այդ արդարությունը կճաշակի:
1-ից 2-ին
Կամո ջան, քեզ շատ կարեկցում եմ, հարյուրավոր տուժած հայերին նույնպես: Բայց թույլ տուր հարցնել - փողն ինչու ես տվել? Լավություն ես արել? Է, արա մինչեւ վերջ, հետ մի ուզիր, թող մարդը լիանա ու քեզ օրհնի: Եթե հիմա հետ ես ուզում, ուրեմն շահի ակնկալիքով ես տվել, ասել է թե «բիզնես» ես արել: Դե բիզնես սկսողներից էլ 10 - ից 9 - ը քաշվում է, այսինքն եղածը նորմալ է (կյանքն ա այդպես եղբայր, թե չե ես շատ բարի ու կարգին մարդ եմ)
Կամո
Ակնհատ է, որ 1-ին և 3-րդ մեկնաբանությունները գրել է միևնույն անձնավորությունը... Հայհոյանքից կեղծ կարեկցանք և ցինիզմ. ասում եմ՝ կեղծ, քանի որ կարեկցանքը կյանքում իր բարձր մարդկային արժեքները հաստատած անձի հոգու բարձր որակն է, իսկ նշված մեկնաբանությունների հեղինակին, ինչպես ինքն է պնդում, կյանքը դարձրել է ոչ կարգին ու ոչ էլ բարի մարդ, այլ՝ խափող, և այլն: Ազնիվ գործընկերային հարաբերությունը խարդախության և խաբեության գործիքներ դարձնելը, իրեն վստահողներից գումարներ վերցնել և յուրացնելը հայտարարել որպես կյանքի նորմ ու բիզնեսի օրենք, ընդ որում՝ խաբող-գցողը կարգին ու բարի մարդ է, իսկ ազնիվ վստահողը՝ հիմար և ագահ: Ըստ հեղինակի վիճակագրության մարդկանց (բիզնեսով զբաղվել ցանկացողներից) 10-ից 9-ը, իր բառերով ասված քաշվածները, հիմար և ագահ են, իսկ 10-րդ, միակ, շահածը՝ շատ բարի ու կարգին մարդ: Մեկնաբանությունները կարդալով կայուն կարծիք է ձևավորվում, որ հեղինակը տառապում է հոգեախտաբանական նիհիլիզմով, այն է՝ որ ամեն ինչում զոհը /տուժողը/խաբվածը հենց ինքն է մեղավոր: Եթե նույնիսկ չենթադրեմ հեղինակի ով լինելը, պետք է ասեմ, որ, ըստ հոգեկան-մտավոր վիճակի, հանձինս մեկնաբանությունների հեղինակի, գործ ունենք պոտենցիալ հանցագործի հետ...
Հովհաննես
Կարծես թե շատ բան եմ տեսել ու լսել, բայց դեռ, գրեթե, ամեն օր զարմանալու առիթ եմ ունենում: Ապշում եմ տձև հոգեկան խառնվածքով, ծուռ մտածողությամբ անձանց պահվածքից, երբ վերջիններս կարողանում են, ինքնավստահությունը պահպանելով, բացահայտ, խարդախություն կատարողին պաշտպանելով գործարար կոչել, իսկ նրա զոհին (անկախ հանգամանքներից) անվանարկել՝ ի ցույց դնելով, որ ինքն էլ կամ զբաղվում է նմանատիպ խարդախություններով, կամ էլ առիթի դեպքում նման հնարավորությունը բաց չէր թողնի: Ինչ վերաբերվում է իրավապահ մարմիններին ու նրանց ներկայացուցիչներին. կարծում եմ կկարողանան բավարար խելամտություն դրսևորել, քանզի բոլորս նույն նավի մեջ ենք ու հասարակությունում տեղի ունեցող նեգատիվ իրադարձությունները հավասարապես հարվածում են մեզանից յուրաքանչյուրին...
1-ից 4 -ին
Էհ, Կամո - Կամո, շատ տխրեցի! Դեռ լավ է որ գլխի էս ընկել, որ նույն մարդն եմ (որը վերեւը պարզ գրված է), մնացածը (նիհիլզմական հոգեխախտում եւ այն ....) հեչ հույս չի ներշնչում որ կարողա հետագայում խելոքանաս ... Կներես ախպերս, բայց պապիս խոսքն եմ հիշում, ով ասում էր՝ ախմախների երկու տեսակ է լինում - գրագետ ու անգրագետ, եւ առաջին տեսակն անուղղելի է: Երդվում եմ, որ հանցագործ չեմ ու հակում էլ չունեմ: Էդ մեկն ուղղակի պիտի խնդրեմ որ հավատաս: Աստված քեզ հաջողություն տա՝ կորուստդ հետ բերես!
Կամո
ԱԿԸՆՀԱՅՏ Է,ՈՐ ՁԵՐ ՊԱՊԸ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴ Է և ԳԻՏԻ ՈՒՄ ԻՆՉ Է ԱՍԵԼ:ՄԻ ՊԱՀ ՊԱՏԿԵՐԱՑՐԵՑԻ ԹԵ ՁԵՐ ՊԱՊԸ ԱՅԴ ԱՄԵնԸ ԻՆՉՊԵՍ Է ԱՍԵԼ ՁԵԶ և ՀԱՎԱՏԱՑԵՔ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՉԾԻԾԱՂԵԼ : ԻՆՉ ՄՆՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԵՔ ՉՀԱՎԱՏԱՑՐԵՑԻՔ. :ԳՏՆՈՒՄ ԵՄ ,ՈՐ ԴՈՒՔ ԻՄ ԱՆՁԻ և ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊՍՌՆԱԼԻՔ ԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ և ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՔ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter