HY RU EN

Սեդա Ղուկասյան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ուրեմն՝ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից:

Սողոմոնյանը չհայտնեց, թե ովքեր են ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք միացել են ստորագրահավաքին, սակայն հավելեց, որ Իշխան Զաքարյանից ունի համաձայնություն՝ հրապարակելու վերջինիս անունը:

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը փոխանցվել է իրենց և դատախազության քննության ներքո է:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Փաստաբանները բողոքարկում են խափանման միջոցը որպես կալանք ընտրած դատարանի որոշումը:

Հուլիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել է: