HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրս առավոտյան արդեն մեծ ճամփա էր ընկել…

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Որոշ ժամանակ լուռ էի, ոչինչ չէի գրում: Լռությանս պատճառը դաժան լուրն էր. հայրս այլևս չկա…

Օրեր առաջ, երբ տուն էի զանգել, մայրս ասաց, որ հորս առողջական վիճակը վատացել է` հիվանդանոց են տարել, ասաց՝ պինդ լինեմ… Հետո իմացա, որ պարզապես նախապատրաստում էին ինձ… հայրս առավոտյան արդեն մեծ ճամփա էր ընկել…

Հարազատներս դիմել էին արդարադատության նախարարին ու քրեակատարողական վարչության պետին, որ թույլատրեն ինձ հայրիկիս վերջին հրաժեշտը տալ. գոնե 1-2 ժամով ներկա լինել հոգեհանգստին կամ թաղմանը: Բայց… քրեակատարողական օրենսգրքի 80 հոդվածով ցմահ դատապարտվածին արգելվում է կարճատև մեկնում: Օրենք, որը կապ չունի մարդու իրավունքների, արժանապատվության, ընտանեկան, անձնական կյանքը հարգելու հետ: Օրենք, որը պարզապես անմարդկային է: Բազմաթիվ դեպքեր գիտեմ, ականատես եմ եղել, որ չեն թույլատրում հրաժեշտ տալ ծնողին, երեխային… փաստորեն սա անարդար պատիժ է նաև ողջ ընտանիքի համար, փաստորեն ճիշտ է մայրս, երբ ասում է՝ ցմահ բանտարկյալ է նաև դատապարտյալի ընտանիքը: Հիմա նոր նախագիծ կա, մշակել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որով այս անմարդկային օրենքը շուտով կփոխվի:

Հայրս հիվանդ էր՝ իմ դատապարտումից հետո մի քանի անգամ սրտամկանի ինֆարկտ էր տարել, որը ինձնից թաքուն էին պահել: Նախ այդ տարիներին ընտանիքի հետ կապ հաստատելը շատ դժվար էր, ընդամենը 10.000 դրամով ոտավորի (բանտի աշխատակից, որը լուր էր տանում) միջոցով մի փոքր երկտող էի (քսիֆ) ստանում տնից ու 1-2 տողով հարցնում մերոնց որպիսությունը, բացի այդ՝ ծնողներս չէին ուզեցել տխրեցնել ինձ:

Հայրս նաև 2 անգամ ուղեղի կաթված էր ստացել: Գիտեմ, որ առաջին անգամ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո էր վատացել: Վերջինս ասել էր` այնտեղից ոչ մեկը, նաև տղադ դուրս չի գա: Որոշ ժամանակ ինձ չէին ասում, որ այդ հանդիպումից հետո և ուղեղի կաթված է եղել, և ինֆարկտ: Իսկ 2011-ին, հենց իր ծննդյան օրը, 2-րդ անգամ էր ուղեղի կաթված ստացել: Ու վերջին 7 ու կես տարիներին ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել, նրան գրկած էին բերում այստեղ՝ բանտ: Սկզբում տարին 1 անգամ, իսկ անցյալ տարվանից՝ տարեկան 6 անգամ գալիս էր ինձ տեսակցելու: Միշտ հումորներ էր անում, ինքն էր ինձ դուխ տալիս, ես էլ` իրեն:

Հայրս ճամփա ընկավ` հավատով, որ Նոր Հայաստանում ես ազատ կլինեմ: Նա ամեն օր աղոթում էր իմ Ազատության համար ու ինձ ասում՝ քիչ մնաց:

Իրենից եմ սովորել համառել, պայքարել, չնահանջել, լավատես լինել, հորիցս էի սովորել նաև ատամնաբուժության այբուբենը, դեռ մինչև բժշկական ինստիտուտ ընդունվելս արդեն մեր ատամնաբուժական պոլիկլինիկայում ատամ էի բուժում:

Հիմա խցում մենակ նստած` աղոթք եմ անում: Սեղանին դրել եմ մեր ընտանիքի տաբեր տարիների նկարներ, ես ու եղբայրս փոքր ենք, հայրս ու մայրս՝ երիտասարդ, երևի ներկայիս իմ տարիքին՝ մոտ 42 տարեկան: Մոտենում եմ լուսամուտին, նայում երկնքին, խոսում նրա ու Աստծո հետ: Նայում եմ բանտի դիմացի ճանապարհին ու հիշում` քանի-քանի երկար տարիներ հայրս անընդհատ գալիս էր, նայում պատուհանիս ուղղությամբ` ձեռքով էր անում: Նա ինձ չէր տեսնում բազմաթիվ ճաղերի պատճառով: Մահապատժի տարիներին, երբ խցի պատուհանները փակված էին երկաթներով, նրան տեսնում էի միայն «հոգուս աչքերով», իսկ երբ դրանք հանվեցին Եվրախորհրդի անդամ դառնալուց հետո` նաև ֆիզիկապես:

«Ես զրուցում եմ Քեզ հետ, Մարդ» իմ առաջին գրքում այսպիսի հուշ ունեմ.

«Թբիլիսիում էինք, հետաքրքիր քաղաք է, իր յուրօրինակ հոտն ու մթնոլորտն ունի: Այս անգամ ուրախ առիթով չէր, որ այս քաղաքում էինք. տատիկս էր մահացել: Զարմանալին այն էր, որ այնքան էլ տխուր չէի: Տարի՞քս… եթե չեմ սխալվում 7-8 տարեկան էի: Թաղման արարողության ժամանակ ուժեղ անձրև սկսվեց, հետո կարկուտի վերածվեց: Բոլորը լաց էին լինում: Ես… ո՛չ: Տատիկիս շատ էի սիրում: Թաքուն հետևում էի հայրիկիս ու պապիկիս. նրանք էլ էին զուսպ արտասվում: Ես էլ փորձեցի լաց լինել, որ չտարբերվեմ հավաքվածներից, բայց ոչինչ չստացվեց:

Չգիտեմ` տողերս կարդացողն ինչ կմտածի: Ես արդեն գիտեի՝ ինչու են խաչել Քրիստոսին, գիտեի, որ մարդիկ չենք մահանում… հետևաբար ինչո՞ւ լաց լինել: Եթե հավատում ենք հավերժական կյանքին, փրկությանը` ինչո՞ւ ենք տխրում, վշտանում: Չէ՞ որ դա ժամանակավոր բաժանում է: Հետո, երբ բոլորը սեղանների մոտ նստած էին պապիկիս սեփական տան բակում, ես մտածեցի. «Բոլոր մեծերը Քրիստոսի մասին գիտեն, գիտեն, որ Աստված ամեն ինչ տեսնում է և մեզ հետ է, բայց միևնույն է, լաց են լինում: Կարո՞ղ է ես ինչ-որ բան չգիտեմ, միգուցե ինձ ամենակարևորը դեռ չե՞ն ասել: Երևի թաքուն են պահում, կիմանամ, երբ մեծանամ ու ես էլ լաց կլինեմ»:

35 տարի է այդ օրվանից անցել, արցունքներս առատ դուրս հոսեցին... հավատում եմ, որ հիմա հայրս Աստծո մոտ է ու կհանդիպի իր ծնողներին, մեծ եղբորը:

Կյանքը շարունակվում է... պահպանե՛ք Ձեր ծնողներին:

Մեկնաբանություններ (2)

Վանուհի
Ի՜նչ անմարդկային վերաբերմունք է։ Մարդ զազրում է։ Տղան իր պատիժը լիուլի կրել է, դե՛, բաց թողեք վերջապես։ Մհեր ջան, ցավակցում եմ, ամուր եղիր և հուսա։ Ո՞վ գիտի, գուցե մոտ է Ազատությունը․․․
Լևոն Բաղդասարյան
Մարդկային անտարբերություն...Ահա պատճառներից գլխավորը,թե ինչու են թշվառ ապրում: Եվ սա նկատելի է բոլոր ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter