HY RU EN

Հայաստանի երկրորդ «հանրային պայմանագիրը», կլինի՞ արդյոք երրորդը

Հայկական հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած գործընթացներից, առաջին հերթին նրանով, որ այն ունի զուտ ներքին տրամաբանություն։ Սակայն ո՞րն է այդ տրամաբանությունը, դեռևս այն հանրային ենթագիտակցության խորքից գիտակցական մակարդակի չի բարձրացել։ Ի՞նչ է Հայաստանում կատարվում։ Դա պարզ իշխանափոխություն էր, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ խորքային պրոցեսներ են ընթանում։ Եթե այո, ապա առանց դրանց գիտակցության, արդյունքները կարող են չեզոքանալ։

Ի՞նչ  է նշանակում «հանրային պայմանագիր» հասկացությունը

«Հանրային պայմանագիր» հասկացությունը շրջանառության մեջ մտավ 14-րդ դարից սկսած, երբ իշխանությունը սկսեց դիտարկվել ոչ թե որպես աստվածային շնորհ, այլ հանրային քաղաքականության հիմնախնդիր, դրանից բխող մի շարք հարցերով․ ո՞ւմ է պատկանում իշխանությունը, ո՞ւմ է ծառայում պետությունը և այլն։

Հոդվածում իմ խնդիրը չէ ներկայացնել միջնադարյան անգլիացի ինտելեկտուալներ Հոբսի և Լոկի տեսությունները, ինչպես նաև Ժան-Ժակ Ռուսոյի մոտեցումները։ Միայն անդրադառնանք այն մոտեցմանը, որ մարդիկ, ինչ-որ եղանակով, գալիս են հանրային ու պետական կարգի գոյության համար ինչ-որ բազիսային պայմանավորվածությունների, որի շնորհիվ իշխանության լեգիտիմությունը հանրության կողմից ընդունվում է և ծառայում է հանրային շահին, կայունությանը, անվտանգությանը և զարգացմանը, որոնց վրա արդեն կառուցվում են օրենքները և պետական կարգը։

Այդ տեսությունները ժամանակի ընթացքում զարգացել են և հաստատվել հեղափոխական, կամ էվոլյուցիոն եղանակներով, իսկ «պայմանավորվածությունները» կարող են ունենալ ուղղահայաց կամ հորիզոնական բնույթ։

Այսօրվա Հայաստանում կատարվող պրոցեսներին անցնելուց առաջ շատ կարճ ներկայացնենք  2009-ին տպագրված և մեծ արձագանքի արժանացած նոբելյան մրցանակակիր Դուգլաս Նորտի, պատմաբան Ջոն Ուոլիսի և սոցիոլոգ Բարի Վայնհաստի հետազոտությանը, ըստ որի աշխարհի 25 ամենազարգացած երկրներ կարողացել են ժամանակին հանգել մի շարք պայմանավորվածությունների՝ «հանրային պայմանագրերի»։

Տնտեսագետ Ալեքսանդր Աուզանի ներկայացմամբ այդ հասարակություններում  այնպիսի «խաղի կանոններ» են ձեռք բերվել, ըստ որոնց իշխող էլիտան ոչ թե իր արտոնությունները պարտադրել է հասարակությանը, այլ ընդհանուր «խաղի կանոններ» հաստատել բոլորի համար, որին իրենք էլ են ենթարկվել։

Երկրորդը՝ քաղաքական և տնտեսական կառույցները շարունակում են գործունեությունն իրենց հիմնադիրների մահվանից հետո, այսինքն քաղաքական ու տնտեսական ինստիտուտների են վերածվում։

Երրորդ՝ ուժային կառույցները ոչ թե իշխող խմբերի ձեռքին իրենց իշխանությունն ու արտոնությունները պահպանելու համար են օգտագործվում, այլ վերահսկվում են հանրության կողմից, համապատասխան կանոնների հիման վրա։

Հիշյալ հետազոտողների 2009-ին տպագրված «Բռնությունը և սոցիալական կարգը։ Մարդկության գրառված պատմության մեկնաբանման հայեցակարգային  շրջանակը»  (Violence and Social Orders: A Conceptual Framework for Interpreting Recorded Human History)  աշխատության մոտեցումներից մեկը մեզ կարող է օգնել հասկանալու Հայաստանում տեղի ունեցող ներկայիս գործընթացը։

Ըստ դրա պատմությունը գիտի երեք տեսակի սոցիալական կարգ․ պրիմիտիվ կարգ, որը հատուկ է մինչպատմական հասարակություններին, բնական հասարակություններ կամ հասարակություններ սահմանափակ ներգրավմամբ և բաց ներգրավմամբ հասարակություններ, որոնք ձևավորվում են արդյունաբերական և գիտա-տեխնիկական նվաճումների հիման վրա։

«Մինչհեղափոխական» Հայաստանը կարելի է նկարագրել որպես փակ, էլիտայի արտոնությունների վրա հիմնված հասարակություն, որն իր կարգը պահմանում էր բռնության միջոցով, որից մենք հիմա փորձում ենք անցում կատարել դեպի «բաց ներգրավմամբ» հասարակություն, որտեղ «խաղի կանոնները» բոլորի համար ընդհանուր են։

Այս իմաստով փորձենք հասկանալ, թե վերջին 30 տարիների ընթացքում ինչպիսի «հանրային պայմանագրեր» են կնքվել Հայաստանում։

Առաջին «հանրային պայմանագիրը»․ Ղարաբաղը մերն է

Առաջին հանրային պայմանագիրը, որը «կնքվել» է Հայաստանում, ունեցել է բավականին պարզ ձևակերպում․ «Ղարաբաղը մերն է»։ 1988-ին սկսված շարժման արդյունքում իշխանության եկած նոր էլիտան հանրությանն ընդամենը մեկ խոստում է տվել, որ Արցախը կազատագրվի։ Այլ խոստում չի եղել։ Անգամ 1991թ․-ի Անկախության հանրաքվեի ժամանակ դրա նախաձեռնողները քարոզարշավի ժամանակ հանրությանը բացատրում էին, որ անկախության հանրաքվեն կդյուրացնի Արցախի ազատագրության հարցը։ Բուն անկախության խնդիրը ստորադասվում էր այդ հարցին։ Մարդիկ համաձայնվել էին ապրել վատ պայմաններում, իրենց տղաներին ուղարկել պատերազմի, օրական ունենալ 2 ժամ հոսանք, սակայն այդ «հանրային պայմանագիրը» պիտի անխախտ մնար։

Երբ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին հայտարարեց, որ Արցախի հարցում պետք է զիջումների գնալ, նա կնքեց իր «քաղաքական մահը», և նրա նախագահության ժամանակաշրջանին մնացին ամիսներ։ Տեր-Պետրոսյանը խախտել էր  «հանրային պայմանագիրը»։

Մինչև այժմ նման տեսակետներ հայտնողները քաղաքական կյանքում հայտնվում են լուսանցքից դուրս։

Այս «պայմանագրի» թարմացումը կարելի է համարել գործող վարչապետի և ՊՆ նախարարի որդիների զինվորական ծառայության մեկնելը։ Նոր ձևավորվող էլիտան «խաղի կանոնները» տարածում է բոլորի վրա, և արդյունքում՝ Գագիկ Ծառուկյանի որդին, իսկ օրերս Սուրիկ Խաչատրյանի որդին ցանկություն հայտնեցին ծառայել բանակում։ Առաջ էլիտայի որդիները ծառայությունից խուսափում էին, դա իրենց արտոնության մեջ էր մտնում։

Դա խաղի կանոնների տարածում է ողջ հանրության վրա, որտեղ ընտրյալներ չկան, ու պարտականությունները հավասարապես տարածվում են բոլորի վրա։ Սա անցում է «սահմանափակ ներգրավմամբ» հասարակությունից դեպի «բաց ներգրավմամբ» հասարակության։

Երկրորդ «հանրային պայմանագիրը»․ իշխանությունը բռնությամբ չի կարելի պահպանել

1991-ից սկսած՝ Հայաստանում քաղաքական բազմաթիվ սպանություններ են տեղի ունեցել, որոնց թվում՝ ԱԺ նախագահի, վարչապետի, գլխավոր դատախազի, փոխնախարարների, քաղաքական գործիչների։ 2008 թվականին, երբ ընտրությունների արդյունքները վիճարկող բազմահազարանոց հանրահավաքներ էին տեղի ունենում, հնչեցին կրակոցներ, որի արդյունքում զոհվեց 10 մարդ։ «Մարտի 1» արտահայտությունը հանրային գիտակցության մեջ շատ խորը հետք է թողել և այդ սպանությունների բացահայտման համար բոլոր գործողությունները՝ նախաքննություն, պառլամենտում այդ դեպքերը հետաքննող հատուկ հանձնաժողովի ստեղծում, հանրային և խորհրդարանական լսումները այդպես էլ չբացահայտեցին սպանություն կատարողներին կամ էլ իշխանությունն արեց ամեն ինչ, որ դրանք չբացահայտվեն։

2008-ի այդ  ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, և նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում հանրային հնչեղություն ունեցող քաղաքական սպանություններ չեն եղել, չնայած որ եղել են համատարած քաղաքական հալածանքներ։

Քաղաքական սպանությունները լռելյայն կերպով դառնում էին տաբու, և հիշարժան է, որ այս տարվա իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հրապարակային հանդիպման ժամանակ Սարգսյանը Փաշինյանին սպառնաց․ ««Մարտի 1»-ը ձեզ դաս չեղավ», սակայն, վերադառնալով իր նստավայր, հրաժարական տվեց։

Հեղափոխության ժամանակ ցուցարարները ձեռքերը վեր պահած ցուցադրում էին, որ իրենք զինված չեն, և այդ շարժումը ստացավ իր երկրորդ անունը՝ «բաց ձեռքերի հեղափոխություն»։

Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը կարելի է դիտարկել որպես այդ տաբույի ամրապնդման գործընթաց։ Բռնությամբ իշխանություն պահպանելը տաբու է, իսկ քաղաքական գործընթացներում բռնությունը անթույլատրելի է։

Քոչարյանի դատավարությունը ցույց կտա, թե իրականում ով է տվել քաղաքացիների գնդակահարության հրամանը, սակայն նման սպանությունները վաղեմության ժամկետ չունեն։ «Տաբուն»՝ քաղաքական պայքարի ժամանակ կրակել չի կարելի, պետք է հաստատվի նաև դատավարական պրոցեսի միջոցով։ Քոչարյանի ձերբակալությունը հանրությունը ընկալում է այդ կոնտեքստում։

Ուշագրավ է, որ Քոչարյանի ժամանակաշրջանը տնտեսական առումով եղել է լավագույնը, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը եղել է աննախադեպ կոռուպցիա, ոչ էֆեկտիվ կառավարում, սակայն հանրությունը սևեռված է հենց Քոչարյանի վրա։ Հանրությունը չի ցանկանում հաշտվել քաղաքական բռնությունների հետ։ Իշխանությունն այլևս չի կարող բռնության միջոցով հաստատվել։

Կկնքվի արդյոք երրորդ «հանրային պայմանագիրը»

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության երրորդ հարաճուն պահանջը վերաբերում է սեփականության լեգիտիմության հարցին։ 1991-ից հետո տեղի «կապիտալի նախնական կուտակման» վայրենի ընթացքը լուրջ հանրային խնդրի է վերածվել։ Հայաստանում կոռուպցիան, արհեստական մենաշնորհները, պետական ունեցվածքի անօրինական սեփականաշնորհումը, պետական բյուջեի հանդեպ թույլ վերահսկողությունը հանրության մեջ՝ միմյանց նկատմամբ, անվստահության մթնոլորտի պատճառ է դարձել։ Մոտ մեկ միլիոն մարդ, սոցիալական պատճառներով, լքել է երկիրը, բնակչության մոտ 50 տոկոսը աղքատության եզրը հատել է, պետական պարտքը 7 միլիարդ դոլարի շեմը հատել է, սակայն Հայաստանում կարելի է տեսնել բազմաթիվ գերթանկարժեք դղյակներ, որոնց զգալի մասը պատկանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին։

Կա հանրային պահանջ՝ պատժել և բռնագրավել այդ «անօրինական» ունեցվածքը։ Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդրի առջև է հայտնվել, ոչ ոք վստահ չէ, թե արդյոք «հեղափոխական» զանգվածը, տեսնելով ներկայիս իշխանությունների մեղմ պահվածքը, մի օր չի փորձի ինքնուրույն վերականգնել «արդարությունը»։

Բնական է, որ չի կարող զարգանալ այն երկիրը, որտեղ չի գործում սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, որը պաշտպանված է ոչ միայն օրենքով, այլև ճանաչվում է հանրության կողմից։

Սա է այն գլխավոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծի ներկայիս իշխանությունը։ Արդյոք կկարողանա նոր կառավարությունը լուծել այդ հարցը և «կնքել» մի նոր «հանրային պայմանագիր»՝ դեռևս անհասկանալի է, սակայն նման հանրային օրակարգ գործող կառավարությունը չի առաջարկել։