HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկրորդ անգամ Հայաստան կգամ մեծ ճամփորդական պայուսակով»

Գերմանուհի կինոռեժիսոր Անետ Շյուցը այս տարի մասնակցում էր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին: Նա ծնվել է Արեւելյան Գերմանիայում: 2000թ.-ից սովորում է Բեռլինի Կինոյի եւ մոնտաժի ինստիտուտում: Փառատոնին ներկայացրել էր իր «Մոսկաչկա» ֆիլմը:

«Մոսկաչկան» առաջի՞ն ֆիլմն է, որ ներկայացնում ես որեւէ փառատոնի:

Սա իմ առաջին ֆիլմն է, բայց այն արդեն մասնակցել է երեք փառատոների Լիոնում, Ռոտերդամում, Բեռլինում: Լիոնում արժանացել է խրախուսական մրցանակի:

Ինչպե՞ս է ստեղծվել «Մոսկաչկան»:

Ֆիլմը նկարելու միտքը ծագեց, երբ Ռիգայում Ռեդ Քիլեմանը աշխատանքային քննարկում էր անցկացնում: Մոսկաչկան Ռիգայի թաղամասերից է: Այդ քննարկման նպատակն այն էր, որ մենք ներշնչվենք— թափանցենք Մոսկաչկայում տիրող կյանքի մթնոլորտին:

Ֆիլմում դու փորձել ես ցույց տալ կյանքի վա՞տ կողմերը, թե՞ ցույց ես տվել կյանքն ամբողջությամբ:

Ես ուզում էի նկարահանել այն, ինչ զգում էի, ինչ զգում էին այդ թաղամասում ապրող մարդիկ: Ճիշտ է, այնտեղ կա բռնություն, աղքատություն, անտուն մարդիկ, բայց ինձ հետաքրքրում էր այդ մարդկանց զգացածը, եւ ես փորձեցի նրանց զգացումները ներկայացնել կինոյի միջոցով:

Փառատոնի 5 օրվա ընթացքում կարողացա՞ր ինչ-որ չափով ծանոթանալ հայ կինոարվեստին:

Ես դիտեցի Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինքը» եւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը:Այդ 2 ֆիլմերում էլ խաղում էր Մհեր Մկրտչյանը: Ինձ դուր եկավ այն, թե ինչպես էր նա արտահայտում իր զգացմունքները: Ֆիլմերը թարգմանված չէին, բայց դերասանների խաղի միջոցով ամեն ինչ հասկացա: Հայաստանի մասին պատկերացումներ եմ կազմել ռեժիսոր Փելեշյանի ֆիլմերի միջոցով: Ի դեպ' նա առաջին հայն էր, որի հետ ծանոթ էի:

Ի՞նչ կասեք փառատոնի մասին:

Քանի որ փառատոնը կազմակերպվում է դեռեւս երկրորդ անգամ, նկատելի է, որ այն դեռ մանկական մակարդակում է գտնվում: Փառատոնի ժամանակ կարծես ամեն ինչ իրար էր խառնված, քաոսային իրավիճակ էր տիրում: Բայց ինձ շատ դուր եկան փառատոնի կազմակերպիչների անձնական ներդրումները:

Ի՞նչ տարբերություն կա հայ եւ գերմանացի հանդիսատեսի միջեւ:

Հայ հանդիսատեսն ավելի զգացական է, նրա հետ շփումն ավելի հաճելի է ու ջերմ: Մոտդ ցանկություն է առաջանում անընդհատ նրա կողքին լինել:

Հայ ռեժիսորի հետ համագործակցություն սպասվու՞մ է:

Հնարավորության դեպքում որեւէ հայ ռեժիսորի հետ որեւէ ֆիլմ կնկարեմ: Որոշ ծրագրեր ունեմ, որոնք կիրականացնեմ իմ նոր ֆիլմի նկարահանումներից հետո:

Երկրորդ ֆիլմդ ինչի՞ մասին է լինելու:

Մյուս ֆիլմը նկարվելու է Ռումինիայում: Այն Բուխարեստի անտուն երեխաների մասին է լինելու, որոնց հավաքում են եւ կրկեսում աշխատելու տանում' այդպիսով փորձելով նրանց նորից դպրոց վերադարձնել, դարձնել հասարակության լիարժեք անդամ: Երեխաներն իրենք կպատմեն իրենց կյանքի պատմությումը:

Ֆիլմ նկարելու ես միայն վավերագրակա՞ն ժանրում:

Ինձ միայն վավերագրական-փաստագրական կինոյի աշխատանքն է հետաքրքրում: Վավերագրական ֆիլմն ինձ ավելի պատասխանատու է դարձնում:

Այցելե՞լ ես Հայաստանի տարբեր վայրեր: Հայաստանում ֆիլմ նկարելու միտք հղացե՞լ ես:

Տեսնելով այս գեղեցիկ ու հին կառույցները, տեղի բնակչության կյանքը' ես որոշել եմ ֆիլմ նկարել Հայաստանում: Ես եղա Երեւանի հին թաղամասերից մեկում, որտեղ քանդում էին հին տները եւ տեղափոխում բնակչությանը: Տեղափոխվելով բնակության այլ վայր' մարդկանց ապրելու ձեւը նույնպես փոխվում է: Իմ ֆիլմը դրա մասին է լինելու:

Մասնակցելու՞ եք «Ոսկե Ծիրան-2006» կինոփառատոնին:

Հավանաբար ոչ, քանի որ Ռումինիայում նկարահանվելիք ֆիլմը պատրաստ կլինի 1,5 տարի հետո: Երկրորդ անգամ Հայաստան կգամ մեծ ճամփորդական պայուսակով, կգնամ հայկական հեռու գյուղերից մեկը եւ այնտեղ ֆիլմ կնկարեմ:

Հայկանուշ Ալոյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter