HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն հիմնական ապրանքային շուկաներում գնաճ չի հայտնաբերել

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ իրենց կողմից այսօր կատարված դիտանցման արդյունքներով՝ գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով արձանագրվել է գնի նվազում (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու, կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն):

ՏՄՊՊՀ մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին: Գնային բարձրացում չի արձանագրվել նաև ալյուրի շուկայում: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամը վաճառվում է 202 դրամով: Վերոնշյալը ՏՄՊՊՀ-ին հիմք է տալիս պնդելու, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են:

Հանձնաժողոը հարկ է համարում նաև նշել, որ քաղաքացիների դժգոհությունները, ըստ մամուլի հրապարակումների, կապված են հիմնականում սեզոնային մրգերի և բանջարեղենների թանկացման հետ:  ՀՀ մրցակցային մարմինը, օրենքի պահանջին համապատասխան վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչն այս պարագայում առկա չէ: Գյուղատնտեսական մթերքների շուկայում գործունեություն են իրականացնում հարյուրավոր փոքր և միջին մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Դրանք մրցակցային շուկաներ են, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմներին համապատասխան; Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ Գյուղատնտեսության նախարարությանը: Լիազոր մարմնի պարզաբանմամբ՝ խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես՝ գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով:

Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովը շարունակում է ամենօրյա դիտանցումները սոցիալական նշանակության խոշոր ապրանքային շուկաներում և չարաշահման փաստեր հայտնաբերելու դեպքում կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter