
ԱՆ-ն առաջարկում է զինել դատավորներին ինքնապաշտպանության նպատակով
Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: Նման առաջարկություն հրապարակված է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: Ըստ դատական օրենսգրքի՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Նույն օրենքի համաձայն՝ զենքի տեսակը և պաշտպանության այլ միջոցները սահմանում է կառավարությունը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ, և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով:
«Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է Ոստիկանությունը: Դատավորին տրամադրվող հաշվեցուցակային զենքի հետ միասին տրվում են զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ»,- ասված է նախագծում:
Ըստ նախագծի՝ դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք, եթե դատավորը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն: Եթե դատավորները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և չեն տիրապետում զենքի հետ ավտանգ վարվելու կանոններին, ապա զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը:
Որոշմամբ սահմանվում է նաև, որ հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները գործադրելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ դրանց փչանալու դեպքերում դատավորն անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին և Ոստիկանությանը:
Այն դեպքում, երբ դատավորի լիազորությունները (վաղաժամ) դադարում են, Դատական դեպարտամենտն այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ոստիկանությանը:
Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը կամ նրա ընտանիքի անդամը մեկշաբաթյա ժամկետում հանձնում է Ոստիկանություն:
Հ.Գ. E-draft.am-ը գերատեսչությունների աշխատանքային տարբերակների հրապարակման միասնական հարթակն է, և նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել