HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական կրթական քննարկում. պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն։

Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԿԳ նախարարի բարձրագույն կրթության և գիտության ոլորտը համակարգող տեղակալ Ալեքսանդր Թեվզաձեի հետ, ում հետ քննարկվել են բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Հարևան երկրի պաշտոնյան ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև կառավարման  ոլորտում իրականացվող բարեփոխումները` նշելով, որ Վրաստանում այժմ քննարկվում է մի քանի ոլորտների կառավարման մարմինների միավորման հարցը: Կողմերն առանձնակի կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների երկկողմ համագործակցությունը:

Անդրադարձ է եղել համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման հնարավորություններին, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի, մասնավորապես PhD-ի  վերաբերյալ մի շարք հարցերի: Վրաստանը, ինչպես և Հայաստանը անդամակցում է Հորիզոն 2020 ԵՄ ծրագրին և ունի գիտական հայտերի և դրամաշնորհների ներկայացման գրեթե նույն խնդիրները: Այս տեսանկյունից կողմերն ընդգծել են, որ համատեղ նախագծերի ներկայացումը կարող է երկուստեք արդյունավետ լինել: Քննարկվել են նաև բուհերի հավատարմագրմանը, որակի ապահովմանը և ուսանողների փոխանակմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել  հետագա համագործակցության վերաբերյալ:

ԿԳ նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիում գործող միջազգային բժշկական համալսարան (New Vision University), որի նպատակն է ընդունել հիմնականում արտասահմանցի ուսանողներ և աշխատել միջազգային կրթական շուկայի համար, ինչը հեռանկարային ուղղություն է նաև Հայաստանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter