HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստոնյա Արսինեն մուսուլման Սաբահի դերում

«Ոսկե Ծիրան-2005» 2-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ոչ մրցութային ֆիլմերից ներկայացվեց Ռուբա Նադայի «Սաբահ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարուհին Արսինե Խանջյանն էր:

Ֆիլմը նկարահանվել է կանադական մի պատմվածքի հիման վրա: Ռեժիսորի նպատակն էր ցույց տալ մուսուլման եւ քրիստոնյա ժողովրդի կրոնական, ազգային տարբերություններն ու դրանց միավորումը:

«Սաբահ»-ում Արսինեն խաղում է Սաբահի դերը, որը 40-ամյա մուսուլման կին էր, սիրահարվել էր քրիստոնյա Սթիվենին եւ ամուսնացել նրա հետ:

Ֆիլմի ցուցադրումից հետո զրուցեցինք ֆիլմի գլխավոր դերակատարուհու' Արսինե Խանջյանի հետ:

Ինչպե՞ս համաձայնվեցիք նկարահանվել ֆիլմում:

Համաձայնվեցի, քանի որ ինձ շատ դուր եկավ ֆիլմի գաղափարն ու սցենարը, եւ հատկապես այն հանգամանքը, որ ոչ թե 18-20 տարեկան, այլ 40-ամյա կին է հերոսուհին: Երբ ռեժիսորին հարցրի, թե ինչու հենց 40 տարեկան եւ ոչ ավել կամ պակաս, ասաց' որովհետեւ երիտասարդ աղջկա համար ավելի դյուրին է պոռթկալ եւ փոփոխություններ կրել անձնական կյանքում:

Ինչպե՞ս համաձայնվեցիք խաղալ մուսուլման կնոջ դերը:

Դժվարությամբ եմ որոշում կայացրել, որովհետեւ հերոսուհին մուսուլման կին էր: Ես իսլամի դեմ համակրանքի պակաս չունեմ, քանի որ շատ լավ գիտեմ, որ եթե մեր հայությունը տառապել է իսլամական որոշ հետեւանքներից, ապա նաեւ փրկվել է իսլամական մշակույթների կողմից: Հարցն այն է, թե այսօր որքան քաղաքական դժվարություններ ունենք, եւ հատկապես Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում իսլամ—քրիստոնեություն հարաբերական այս խաղերը նրբությամբ չեն հասկացվում: Չէի ցանկանա, որ ես, լինելով քրիստոնյա դերասանուհի, որոշակի քննադատներ ունենայի: Երբ Ռուբա Նադային ասացի, որ ճիշտ դերասանի չի ընտրել, պատասխանեց, որ սցենարը գրելիս միայն իմ մասին է մտածել, եւ ուրիշ ոչ ոք չի կարող այդ դերը խաղալ:

Արսինե, ֆիլմում Դուք շատ լավ ներկայացնում եք արաբական պարը: Որքա՞ն ժամանակում եք սովորել այդ պարը:

Պարի հարցն ինձ համար շատ մեծ էր, քանի որ ես կրթություն եմ ստացել հայ ընտանիքում, որտեղ արաբական պարը նկատվում էր որպես հասարակ պար եւ արգելված էր: Սկզբում ինքս ինձ ասացի, որ պարողը չեմ, բայց երբ դերը վերցրի, ստիպված էի սովորել: Նախ իմացա, որ արաբական պարն ունի հազարավոր տարիների պատմություն եւ ստեղծված է ոչ այր մարդու հաճույքի համար, այլ հղի կանայք, որ պետք է զավակ ունենային, միայն իրենց մեջ էին պարում այդ պարն իբրեւ տոնակատարություն: Երբ իմացա, որ արաբական պարի արտահայտության մեջ կա ազատություն, սկսեցի հանգիստ խղճով գնալ պարապմունքների եւ մոտ 3 ամսում սովորեցի:

Ի՞նչ արձագանք գտավ ֆիլմը:

Երբ ֆիլմը վերջացավ, Տորոնտոյի իսլամական գաղութի ղեկավարությունը մերժեց «Սաբահ»-ի ցուցադրումը: Բայց երբ 2001թ.-ին «Արարատ» ֆիլմը ցուցադրվեց, հայ գաղութը թե և Ամերիկայում, թե և Կանադայում խուժում էր կինոդահլիճները' ֆիլմը դիտելու: «Սաբահի» պարագայում հակառակը տեղի ունեցավ, քանի որ մուսուլմանները կարծում են, թե իրենց կրոնական եւ մշակութային արժեքները արհամարհվում են:

Չե՞ք վախենում մուսուլման կանանց հակակրանքից:

Ո և չ, չեմ վախենում: Կասեի նույնիսկ, որ արժանացել եմ նրանց համակրանքին, քանի որ ֆիլմին անդրադարձած արաբական թերթերի հոդվածներում ինձ' որպես դերասանուհու շատ են հավանել, իսկ Ռուբա Նադային քննադատել են գաղափարի համար: Վերջինս Մոնրեալի արաբական գաղութի ղեկավարության կողմից անգամ սպառնալիքներ էր ստացել:

Դեմ չե՞ք լինի, եթե Ձեր որդին ամուսնանա մուսուլման աջկա հետ:

Այսօր առավոտյան ես նույնը Ատոմին էի հարցնում: Եթե նրանք կարողանան միմյանց բացատրել ամեն մի կրոնի, մշակույթի արժեքները եւ լավագույնը մեջտեղ բերել առանց թշնամանքի' մարդկային սիրո ու հարգանքի միջոցով, ապա ես դեմ չեմ լինի:

Ձեր կարծիքը փառատոնի մասին:

Այս փառատոնը ստեղծագործություն է, որ ամեն արվեստագետ մասնակից միաժամանակ միասնական ձեւով փորձում է այդ ներկայացումը մեջտեղ բերել, եւ կարող եմ ասել, որ ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ հետաքրքրական մասն այն էր, որ մասնակիցները հրճվանքով ու հավատքով էին ներկայացնում իրենց ֆիլմերը, ինչը չեմ տեսել շատ փառատոններում: Իմ եւ Ատոմի համար մեծ ուրախություն ու պատիվ էր հետեւել «Ոսկե Ծիրանի» պատմության ընթացքին:

Իլոնա Բաբայան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter