Դատախազությունը պարզել է, որ գյուղնախարարության պաշտոնյաները էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագիրն իրականացնելիս գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները, բացի այդ 2015թ. կառավարության քննարկմանն են ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով թեև սահմանվել է 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, այնուամենայնիվ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104 871 558 դրամ ավելի սուբսիդիա:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել