HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնձվոր Սուրեն․ «Տեհար ինչ բերուց մեր գլուխը Վալերի Մեջլումյանը. հիմա գյուղացին ոչ աշխատանք ունի, ոչ հող»

«Աստված, որ ուզում է մեկին պատժի՝ խելքը վերցնում է։ Իսկ միգուցե էդ խելքը նոր իշխանությունների գլխում է։ Մի թաքուն հույս եմ փայփայում իմ մեջ, որ նոր իշխանությունները ելնելով մեր երկրի էկոլոգիական շահերից կարգելակեն Թեղուտի հանքերի վերագործարկումը։ Գոնե նրանք այդ կեղտոտ գումարից շահ չունեն։ Գոնե ես հավատում եմ, որ նոր իշխանության շահն անաղարտ բնությունն է և անաղարտ հայրենիքը։ Այնուամենայնիվ նոր իշխանությունների առումով էլ ես տագնապներ ունեմ։

Ըստ ինձ հասած լուրերի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է «Վալլեքսի» հետ նոր պայմանագիր կնքել Ալավերդում լեռնամետալուրգիական նոր գործարան կառուցելու համար։

Շրջակա միջավայրը աղտոտելու ու հատկապես Թեղուտի բնաշխարհը պոչամբարի միջոցով մահվան աշխարհի վերածելու համար «Վալլեքսին» դատի տալու և պատժելու փոխարեն, նա պատրաստակամ է հրեշի հետ համագործակցելու: Ի զարմանս ինձ «Վալլեքսի» դիրքերը ոչ մի կերպ չեն թուլանում։ Ես հավատացյալ մարդ չեմ. Աստծու վրա անգամ հույս չեմ կարող դնել։ Բա հույսս ընչի վրա դնեմ»,- ասում է գրող Լևոն Ջավախյանը։

Այս տարվա հունվարի 11-ից պոչամբարի վթարայնության պատճառով «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքները դադարեցնելուց հետո Շնող համայնքի 245 աշխատողներ կրճատվեցին աշխատանքից և դարձան գործազուրկ: «Շնողում ստեղծվել է սոցիալական ծանր վիճակ»,- ասում է համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Շնողի գյուղացիների մեծ մասը տարիներ առաջ իրենց գերակա շահ ճանաչված վարելահողերը և խոտհարքները պարտադրված վաճառել են «Թեղուտ» ՓԲԸ-ին: Նրանք այժմ չեն էլ կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ:

Թեղուտ գյուղի վարչական ներկայացուցիչ Ֆրունզե Նորեկյանի խոսքով՝ աշխատանքից կրճատված գյուղացիները մտածում են արտագնա աշխատանքի մեկնելու մասին:

Շնողում խոտքաղի օրեր են: Գյուղը 316 հա խոտհարքներ և 971 հա հեռագնա արոտավայրեր ունի: Ըստ համայնքապետարանի տվյալների՝ գրանցված է 629 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Այս պահին խոտհունձը ընթանում է համայնքի հեռագնա սարերի խոտհարքներում: Դավիթ Ղումաշյանի խոսքով՝ սելավներից Շնող-Ղարաքոթուկ նոր ճանապարհը դժվարություն է ստեղծում սարերից խոտը գյուղ տեղափոխելու ընթացքում։

«Տարին 5-6 անգամ հորդառատ անձրևներից հետո ճանապարհի ջրվեժից վերև հատվածում քարաթափումներ են լինում: Ես տարին 5-6 անգամ հարթեցնում եմ ճանապարհը»,- ասում է համայնքի ղեկավարը:

Շնող-Ղարաքոթուկ 18 կմ երկարությամբ սարի ճանապարհը «Թեղուտ» ՓԲԸ-ի պատվերով կառուցվել է 2014-2015 թվականներին՝ «Թումանյանի Ճանշին» տեղամասի կողմից: Ըստ տեղամասի պետ Մուկուչ Տիտանյանի ճանապարհի վրա ծախսվել է 37-38 մլն դրամ։ «Գրունտային ճանապարհ եմ կառուցել: Ճանապարհը կառուցելիս մեծ խողովակներով կատարվել է ջրահեռացման աշխատանքեր: Հիմա ջրահեռացման այդ խողովակները հավանաբար լցվել են: Դրանք պետք է մաքրել»,- բացատրեց Մուկուչ Տիտանյանը:

Ճանապարհը անցնում է քարաթափման վտանգներ ունեցող հատվածներով: Անձրևներից այդ հատվածներում մեծ քարաթափումներ են լինում: Մ. Տիտանյանի ասելով` կառուցելիս ինքը «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարներին զգուշացրել է, որ այդ հատվածներում վտանգավոր է ճանապարհի կառուցումը: Ճանապարհը նախագծել են «Թեղուտ» ՓԲԸ-ի նախագծողները, Մ. Տիտանյանի խոսքով՝ նրանք չեն ընդունել իր առաջարկները:

«Արդեն 10 տարի է ես Ղարաքոթուկ սարն եմ գալիս: Անասունս հիմա քիչ է՝ երկու կով, մեկ խոզ, 10 հավ ունենք: Մենք մեր դիմացի՝ Ղաշղաթալա սարի խոտհարքներից ենք խոտ հնձում»,- ասում է սարվոր Լարիսա Մեհրաբյանը: Նա դժգոհեց սար եկող նոր ճանապարհից:

Անձրևների ժամանակ նոր ճանապարհը շուտ-շուտ փլվում է: Հիշեց, որ Շնողը սար տանող լավ ճանապարհ է ունեցել: Ճամփեն հանքի սեփականատերը վերցրել ու խաբել է մեզ։ Ասացին էս մի կանեստր դիզվառելիքը վերցրեք, էն կողմով ձեր քոչը սարը տարեք: Էս ճամփեն էլ ձերը չի: Հիմի էդ ճամփի վրա տարել են պոչամբար ու ֆաբրիկա սարքել: Իրենց հարմարությունը ստեղծել են, մեր հարմարը դարձրել են անհարմար»,- ասում է Լարիսան:

Սարվորները ամեն անձրևից հետո Դավիթ Ղումաշյանին խաբար են անում, որ ճամփեն փակվել է: Համայնքի ղեկավարը տրակտորն ուղարկում է ճամփեն բացելու: «Մեր հին ճամփեն 12 կմ էր, շատ կարճ ճամփա էր: Իսկ էս ճամփեն 18 կմ է, 23 կմ էլ մյուս ճամփեն ա, բայց սարվորի համար հեռու է»,- բացատրում է Ալբերտ Մեհրաբյանը:

Խոտը գյուղ տանելու համար վարորդը սարվոր Վաչո Ազարյանին ասել է՝ 30 հազար դրամ տուր, ավտոյիս ակը սարի ճամփին ծակվում է: «30 հազար դրամ, որ ես 1 տոննա խոտին տամ, իմ օգուտն ինչ ա, մենակ թրիքը դուրս ածելն ա»,- ասում է Վաչոն:

Արտակ Ալիխանյանի խոսքով՝ ահուդողով են սարից խոտը նոր ճանապարհով գյուղ բերում: «Եթե ինքը (նկատի ունի Վալերի Մեջլումյանին) կարում ա իմ հողը վերունի իրա հմա փող ըշխատե, կարում չի՞ սարի էնենց ճամփա սարքե, որ ես կարենամ գոնե չոր հացի փող աշխատեմ»,- բորբոքված ասաց Արտակը:

Թեղուտի վարչական ներկայացուցիչ Ֆրունզե Նորեկյանի ասելով` փոքր թվով անասուններ ունեցող գյուղացիներին սարից խոտ տեղափոխելը ձեռք չի տալիս՝ թանկ է նստում:

Թեղուտը մոտ 150 հա խոտհարք ունի, 119 հա արոտավայր։ Վարդան Նորեկյանը 30 խոշոր եղջերավոր ունի: «Այն, որ մեկ երթուղով 150 հատ տուկ պետք է բարձենք ավտոյին, ճանապարհի վատ լինելու պատճառով բարձում ենք 100 տուկ, մեր վրա թանկ է նստում»,- բացատրեց Վարդանը:

«Տեհար ինչ բերուց մեր գլուխը Վալերի Մեջլումյանը: Հիմա գյուղացին ոչ աշխատանք ունի, ոչ՝ հող: Որ հող չունենա, անասունը որդի պահի»,- ասաց հնձվոր Սուրենը:

Լյովա Ալիխանյանը հիշեց ի սկզբանե Վալերի Մեջլումյանի համոզիչ խոստումները՝ Շնողում պատասխանատու հանքարդյունաբերություն ստեղծելու մասին: Խոստանում էր անգամ տուրիզմը զարգացնել տարածաշրջանում։ «Պարզվեց ասելն ուրիշ է, անելն՝ ուրիշ: Էդ ժամանակ հասկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարների տված էնենց խոստում չկա, որ ճիշտ լինի: Նրանք ի սկզբանե գիտեին, որ հանքի շահագործման այս արդյունքն է լինելու»,- ասաց Լ. Ալիխանյանը:

Իր ծննդավայրում ստեղծված իրավիճակի մասին հարցրի գրող Լևոն Ջավախյանի կարծիքը․

«Իմ առաջին գեղարվեստական նախադասությունը եղել է՝ Շնողը սարերից գիտեմ…Ավաղ հիմա Շնողը թերթերից գիտեմ, որտեղ մանկությանս օրրանը թշվառության մեջ է էկոլոգիական բարուրում, որը քայլ առ քայլ հարազատ աշխարհիս ոչ թե մանկությունից զորություն է տանում, այլ դեպի փակուղի, դեպի կենսաբանական մահ: Ահա թե ինչպիսի «օրորոցայիններ» եմ կարդում, ինչպիսի «երգեր» ունկնդրում: Երբեմն ամառվա ամիսներին լինում եմ Շնողնա սարերում։ Առաջ, որ գնում էի, դեռ ծմակին չմոտեցած՝ արջը առաջս կտրում էր, ասում՝ բարով Լևոն...Անտառում մի քիչ խորանում էի, մի լույս էր թռչում առջևովս։ Հետո հասկանում էի, որ էդ լույսը կխտարն էր։ Ականջիս անտառային ձայներ էին գալիս՝ հո֊պոպ... հո֊պոպ... Շուրջս հարազատ բնության սիմֆոնիան էր... Իսկ հիմա՝ ոտքս աջ եմ գցում՝ փակ է, ձախ եմ գցում՝ արգելափակոց է... Իմ աշխարհն այլևս իմը չի, գյուղացունը չի՝ Չաղ֊չաղ թագավորինն է։ Էդ չաղ թագավորն էլ «Վալլեքսն» է, որը սև վիշապի պես եկել է, փաթաթվել մանկությանս աշխարհին։ Հիմա ծառն էլ է իրանը, ծաղիկն էլ, ջուրն էլ, կենդանին էլ, անկենդանն էլ... Նա ընդերքից բազմամետաղային հումք է կլլում ու դեպի դուրս թույն ու կեղտ թքում։ Նրա արտաթորանքից մի մահաբեր լիճ է գոյացել։ Վայրենին վայրենաբար է խժռել բնությունը՝ պլանը տասնամյակների փոխարեն հաղթահարել է մի քանի տարում։ Լճում, որին պոչամբար են ասում՝ էլ տեղ ու դաթար չկա։ Հանուն հարստության մոլուցքի մսխվել, լափվել, կլլվել է ողջ ունեցվածքը... Գյուղը և գյուղացին փակուղու մեջ են: Ցավոք, ես այսօր ամաչում եմ շնողնեցու համար։ Ինչու, հանրապետության մյուս վայրերում տեղացիները անողոք պայքարի մեջ են բնության կեղեքիչներ հետ, իսկ իմ հարազատները ստրկահաճո հնազանդությամբ տանում են իրենց դառը լուծը։ Դեռ ավելին, ողորմաբար խնդրում են, որ կրկին աշխատեն հանքերը, որ աշխատանք ունենան: Հանքի տերերը մի այնպիսի վիճակ են պարտադրել Շնող և Թեղուտ համայնքներին, որ նրանք են իշխանություններին խնդրում, պաղատում անտառի մեջ կառուցել երկրորդ պոչամբարը։ Իսկ դա նույնն է, թե սրտի մեջ քաղցկեղը վանդակներ հյուսի: Շնողնեցին պատրաստ է իր ձեռքով իր գերեզմանը փորել։ Ես ամաչում եմ իմ գյուղացիներից, ուր մնաց նրանց սերն ու կորովը։ Էսօր շնողնեցին իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում։ Իսկ մի քթածակում մի կտոր հացն է, մյուսում՝ մահը... Երբ առօրյա զրույցում ընդվզում եմ, համագյուղացիներն ասում են՝ ձենդ տաք տեղից ա գալիս... Արի էստեղ ապրի՝ նոր գլխիդ գալիքը կտեսնես։ Իսկ ես ասում եմ, բա առանց հանքերի դարերով ոնց է ապրել գյուղը, հիմա առանց հանքի ինչպես են ապրում մյուս գյուղերը... Կարճ ասած՝ հույսս մեր գյուղացիներից կտրել եմ»:

Մեկնաբանություններ (5)

mtavorakan!
//Ցավոք, ես այսօր ամաչում եմ շնողնեցու համար։ Ինչու, հանրապետության մյուս վայրերում տեղացիները անողոք պայքարի մեջ են բնության կեղեքիչներ հետ, իսկ իմ հարազատները ստրկահաճո հնազանդությամբ տանում են իրենց դառը լուծը։ // Հարգելի Լեւոն, քո ցավը լավ եմ պատկերացնում: Սակայն Շնողնեցի մտավորականները անտարբեր եղան, փոխանակ գոռալու, ճչալու եւ ժամանակին հասկացնելու արհավիրքի ողջ խորությունը իրենց գյուղացիներին: Հիմա էլ են լռում, երբ պետք է բերաններ ճղել եւ պատիժ ու հատուցում պահանջել ավերիչներից ... Մամուլում գրված է, որ աբրահամյան մուկը կարգադրել էր բնապահպանության նախարարին չմտնել մեժլումի հանքերը (ինչպես հայտարարեց Է. Գրիգորյանը:) Այսինքն վարչապետը ուղղակի արգելել է պետական մարմնին իրականացնել իր գլխավոր ֆունկցիան (պահպանել բնությունը)! Որպես գրագետ մարդիկ, մենք պետք է հասկանանք, որ սա հաղորդում է ահռելի հանցանքի մասին, հայրենիքի դավաճանությանը հավասարազոր: Խնդրեմ, ողբալու փոխարեն սա բացատրեք Ձեր հայրենակիցներին եւ ուղղակի դիմեք դատարան ...
Էս ա ըստեղ էլ ա գրած
http://ecolur.org/hy/news/mining/whether-teghout-mine-will-be-developed-and-under-what-conditions-film-screening-and-discussions-in-yerevan/10299/ // 2015թ-ին Հովիկ Աբրահամյանի հրամանով տեսչական ստուգումները դադարեցված էին բոլոր հանքավայրերում, տնտեսական օբյեկտներում և նաև «Թեղուտ»-ում: Եվ «Թեղուտ»-ը 3 տարի աշխատել է առանց վերահսկողության: //
Արայիկ
Լավ է արել, բա ոգևորվել էիք Վ. Մեջլումյանով ու , ձայն էիք տալիս սերժին ու հանրապետականին...
Անի
ՉԻ կարելի ամբողջ մեղքը գցել գյուղացու վրա ու հիմա էլ ասել, թե ամաչում եք․․․ Գյուղացուց խլեցին աշխատանքի բոլոր տարբերակները․․․ Ճիշտ եք նշում, ասում են, որ ձենը տաք տեղից է գալիս։ Թողեք Ձեր քաղաքային կյանքը, գնացեք գյուղում ապրեք, որտեղ աշխատանք չկա, չկան հաստատություններ, որոնք աշխատատեղեր կապահովեն։ Մարդիկ գոյությունը պահելու համար պատրաստ են անգամ հանքում աշխատել։ Կարծում եք թե՞ հանքում աշխատելը հեշտ է։ Ամեն պահ կարա դժբախտ պատահար լինի։ Մտածու՞մ եք իրենց դուր է գալիս սաղ օրն էտ քիմիկատների մեջ լինել։ Չի կարելի տենց ասել, մարդիկ հասկացել, միգուցե խորը չեն գիտակցել, թե ինչ վնաս է տալիս բնությանը ու վաղը հենց իրենց, բայց հասկացել են, որ էտ լավ բան չի։ Բայց ուրիշ ճար չեն ունեցել։ Բացեք նոր աշխատատեղեր, նոր կազմակերպություններ հիմնեք, կամ էլ օգնեք էտ մարդկանց մի բանի սկիզբ դնել, հետո նոր մեղադրեք։
karot
Իմ սարն ու դրա ճամփաները: Կարծախ: ....Երբ ներկայացված սոցիալական հարցը քեզ տանում է մանկություն ու թույլ է տալիս միայն նկարները նայել....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter