HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարել են Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին: Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: Լիլիթ Մակունցը նշել է, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկել է շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:

«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել , շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին», - ամփոփելով խոսքը՝ ասել է Լիլիթ Մակունցը: Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունել է նախարարի առաջարկը:

«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը եւ դրա համար նաեւ ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր, եւ ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա»,-ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ – ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter