
Տալվորիկ. կիսաքանդ դասասենյակներից մինչև առանց դուռ զուգարան
Մոտ մեկ ամսից կսկսվի նոր ուսումնական տարին: Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի հիմնական դպրոցն աշակերտներին դարձյալ «բարի գալուստ» է ասելու հնամաշ նստարաններով, քանդված ու ծեփը թափված դասասենյակներով: Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում ոչ մի շինաշխատանք չի իրականացվել, պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Հիմնական դպրոցն ունի 20 աշակերտ, որոնցից 4-ն այս տարի դպրոց են հաճախելու առաջին անգամ:
Դպրոցը գտնվում է գյուղի ծայրամասում՝ բաց տարածության մեջ: Հարևանությամբ է գտնվում համայնքապետարանը: Հեռվից արդեն նկատելի է դպրոցի շենքի ոչ բարվոք վիճակը: Պատուհանների վերնամասում բացված կլոր անցքերն արդեն հուշում են, որ բացակայում է լոկալ ջեռուցումը:
Դպրոցի տնօրեն Մարինե Սաֆարյանը հարևան Հուշակերտ գյուղի բնակիչ է, դպրոցում չէր (արձակուրդ լինելու պատճառով դպրոցում ուսուցչական կազմից մարդ չկար): Տնօրենը հեռախոսով հրաժարվեց պարզաբանումներ տալ: Անհանգստացած էր, որ մեր հրապարակումից հետո հնարավոր է կառավարությունը որոշի փակել դպրոցը և երեխաներին ուղղորդել հարևան այլ համայնքներ: Նա անընդհատ ասում էր, թե պետք չէ խորացնել թեման:
Աշակերտները զրկված են տարրական պայմաններից: Դպրոցի զուգարանը գտնվում է դրսում: Քարե զուգարանն ունի 3 մուտք՝ նախատեսված տղաների, աղջիկների և ուսուցիչների համար: Երեք խցերն էլ դռներ չունեին և աշակերտներն ու ուսուցիչներն իրար «պահակ» են կանգնում:
Դպրոցը չունի նաև մարզադահլիճ, լաբորատորիա: Դահլիճ կոչվածը համեմատաբար ընդարձակ սենյակ էր, որտեղ միջոցառումների ժամանակ տեղադրվում են աշակերտական աթոռներ: Իսկ դասասենյակների դռների կողքերից հնարավոր է տեսնել ներսը, քանի որ թափվել են ծեփն ու բարակ միջնապատերի քարերը:
Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանը պատմեց, որ կանադացի բարերարի միջոցներով դպրոցը մասնակի վերանորոգվել է 2000թ.: Այս տարի մարզպետարանի օգնությամբ փոխվել է շենքի տանիքը, իսկ համայնքապետարանը ջուր է անցկացրել: Դրանցից բացի այլ ներդրումներ չեն եղել:
Կիրակոս Սաղաթելյանի խոսքերով՝ դպրոցի ներկայիս շենքը կիսակառույց շինություն է եղել և խորհրդային տարիներին որոշվել է հարևան գյուղերի համար այն դարձնել ծննդատուն: Քանի որ մտահղացումն իրականություն չի դարձել, տալվորիկցիները որոշել են իրենց միջոցներով շատ, թե քիչ կարգի բերել և դարձնել դպրոց: 1990-ականների սկզբին ստացել են թույլտվություն, և դպրոցը մինչ օրս գործում է նույն շենքում:
Ըստ համայնքապետի, մինչև 2004թ. դպրոցում սովորել է 70-74 աշակերտ, դրանից հետո աշակերտների թիվը նվազել է և այսօր հասել 20-ի: Քանի որ դպրոցը հիմնական է, 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են կամ Արմավիր քաղաքում, կամ՝ հարևան գյուղերում: Սակայն, Տալվորիկում չի գործում հասարակական տրանսպորտ, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում ոչ միայն աշակերտների, այլև ուսանողների, գյուղում ապրողների համար:
«Մեր ամենացավոտ խնդիրներից մեկը դպրոցն է: Մտել, տեսել եք, երևի նախնադարյան դպրոցներն այդ վիճակում չլինեն: 12-13 մլն դրամ բյուջեով չենք կարող այդ հարցը լուծել: Տարիների ընթացքում դպրոցին գույք նվիրել ենք, բայց դա քիչ է, կապիտալ վերանորոգում է պետք»,- ասում է Կիրակոս Սաղաթելյանը:
Համայնքապետը տեղեկացրեց, որ դպրոցի վերանորոգման հարցով բազմիցս դիմել են պատկան մարմիններին: Մի քանի անգամ տարբեր գերատեսչություններից եկել, տեղում արձանագրել են շենքային վիճակը: Սակայն, նշել են, որ գումարներ չկան: Բացի այդ, նշել են, որ մեծ համայնքների որոշ դպրոցներ նույնպես այդ վիճակում են գտնվում, ինչը տալվորիկցիներին ստիպել է լռել:
«Երեխաները փոշի են շնչում, ձմռանն էլ սոլյարկայի հոտն է ահավոր, դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ», - նշում է Կիրակոս Սաղաթելյանը: Համայնքապետարանի աշխատակիցներն էլ պատմեցին, որ եղել են դեպքեր, երբ սոլյարկայի հոտից երեխաներն ուշագնաց են եղել դասասենյակներում:
Թե երբ Տալվորիկ գյուղում կգործի վերանորոգված դպրոց, պարզ չէ, սակայն համայնքապետարանում վստահ են՝ պետական աջակցություն է պետք:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել