«Իմ ֆիլմերի միակ բովանդակությունը կինն է»,- ասում է «Ոսկե Ծիրան»-ի մասնակից կանադահայ ռեժիսորը
Կանադահայ կինոռեժիսոր Կարինե Թորոսյանը ծնվել է 1970թ. Լիբանանում: 1979թ.-ին նրանք ընտանիքով տեղափոխվել են Կանադա: Արվեստով սկսել է զբաղվել եղբոր աշուղական գործունեությամբ ոգեշնչված: Կարինեն 15 տարեկանից զբաղվել է լուսանկարչությամբ, իր առաջին ֆիլմը նկարել է 15 տարեկանում:
Դուք առաջին անգա՞մ եք մասնակցում «Ոսկե Ծիրան» փառատոնին:
Ես փառատոնին մասնակցել եմ նաեւ անցյալ տարի, մրցանակ չեմ շահել, բայց մեծ խանդավառությամբ եմ մասնակցում փառատոնին: Անցած տարի փառատոնին ներկայացրել էի 2 կարճամետրաժ ֆիլմ: Այս տարի փառատոնում ներկայացրել եմ իմ «Քար ժամանակներում» ֆիլմը: Այս ֆիլմը նկարել եմ Հայաստանում: Իսկ ընդհանրապես փառատոների շատ եմ մասնակցել' 92թ.-ից սկսած: 5 անգամ մասնակցել եմ Բեռլինի միջազգային փառատոնին, Տորոնտոյի փառատոնին, Լոս Անջելեսի կինոփառատոնին: Շահել եմ 1 գլխավոր մրցանակ Տորոնտոյում եւ 2-րդ տեղն եմ գրավել Լոս Անջելեսի փառատոնում: Մրցանակը ստացել եմ «Մշո աղջիկ» ֆիլմի համար: Ի դեպ' ասեմ, որ այդ ֆիլմը մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ այն նկարել եմ Փարաջանովի ֆիլմերի ազդեցության տակ: Այս տարվա փառատոնին ներկայացրել եմ «Քար ժամանակներում» ֆիլմը, այն նույնպես շատ կարեւոր է ինձ համար:
Ի՞նչ եք փորձում ասել ձեր ֆիլմերով:
Իմ ֆիլմերում շատ մեծ տեղ եմ հատկացնում կնոջը, կարելի է ասել, որ իմ ֆիլմերի միակ բովանդակությունը կինն է, նրա ազատությունը, նրա խնդիրները, այն, որ շատ տեղերում նա չունի ազատություն եւ գտնվում է տղամարդու ազդեցության տակ: Իմ ֆիլմերում փորձում եմ առաջին հերթին գտնել ինձ հուզող հարցերի պատասխանները, իմ լուսանկարները, այն ամենը, ինչ շատ կարեւոր է ինձ համար:
Ի՞նչ է կինոն Ձեզ համար:
Կինոն ինձ համար կապող օղակ է լուսանկարչության եւ երաժշտության միջեւ: Կինոն այն մեծ աշխարհն է, որտեղ ես ստեղծում եմ իմ փոքրիկ աշխարհը: Կինոյում եմ ընդգրկում այն ամենը, ինչ սիրում եմ:
Նոր ֆիլմ նկարահանելու մտադրություն ունե՞ք:
Այո, ես արդեն որոշել եմ նկարել նոր ֆիլմ, այն կոչվում է «Քար, հպում, ժամանակ»: Այդ ֆիլմը երեւի դարձյալ Հայաստանում կնկարեմ:
Ո՞ր ռեժիսորն է ձեր ուսուցիչը եղել, ո՞վ է օրինակ ծառայել:
Անկասկած, շատ եմ հարգում եւ սիրում Ատոմ Էգոյանին, նրա կնոջը' Արսինե Խանջյանին, նրանց հետ շատ մտերիմ եմ, մենք ծանոթացել ենք Կանադայում: Ատոմի կարծիքը միշտ շատ կարեւոր է եղել ինձ համար: Նա միշտ ինձ ուղղություն է տվել, օգնել է: Օրինակ ծառայել է Սերգեյ Փարաջանովը, ես երկրպագում եմ նրան եւ համարում աշխարհի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը:
Ի՞նչ տարբերություն կար այս տարվա եւ անցած տարվա «Ոսկե Ծիրան» փառատոնի միջեւ:
Անցած տարվա փառատոնին մասնակցում էին միայն հայ կինոգործիչները, կարծես հավաքված լինեինք մի մեծ ընտանիքով, շատ ծանոթություններ ունեցա: Այս տարի մասշտաբներն ավելի մեծ էին, մասնակիցներ կային շատ երկրներից: Դա մի նոր հնարավորություն է հայ եւ արտասահմանցի հանդիսատեսին հայ մշակույթի, Հայաստանին ծանոթացնելու համար:
Հայկանուշ Ալոյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել