
«Հայրենիքդ գնահատում ես օտարության մեջ»
Լիանա Սայադյան
Էդիկ Բաղդասարյան
«Հունաստանում 40-50 հազար հայ կա, որից 16-17 հազարը այստեղ ծնված հունահայերն են: Մնացածը Հայաստանից են եկել վերջին 10-15 տարիների ընթացքում»,-Աթենքում մեր հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատ օր» օրաթերթի գլխավոր խմբագիր Հովսեփ Պառազյանը: 1 մլն գաղթական ունեցող Հունաստանում ճշգրիտ հայտնի չէ հայ գաղթականների թիվը: «Շատերը գալիս են ու գնում են կղզիներ' աշխատելու, ոչ մի տեղ չեն գրանցվում»,-ասում է Աթենքի «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնի համանուն թերթի խմբագիր Դավիթ Այվազյանը:
Հունաստանի հայ համայնքը միախմբված չէ. այստեղ, ինչպես հավանաբար Սփյուռքի մյուս գաղթօջախներում, համայնքը պառակտված է ըստ կուսակցական, ըստ եկեղեցական (Էջմիածնական եւ Անթիլիասական թեմեր) եւ ըստ «հայաստանցի-հունաստանցի» պատկանելության:
«Մեր նոր եկող հայրենակիցների պրոբլեմն այն էր, որ գալիս էին, բայց հայկական շրջանակներում, ակումբներում, միություններում տեղ չունեին: Սփյուռքում ամեն ինչ կուսակցականացված է, կամ պետք է իրենցից լինես, կամ մեկուսանաս: Անթիլիասական թեմի կողմից նոր եկողներին չընդունելու քաղաքականություն վարվեց, մանավանդ երեխաներին չէին ընդունում իրենց դպրոցներ, մեծ թվով երեխաներ չկարողացան հայկական դպրոց գնալ եւ գնացին հունական: Դաշնակցականների եւ ռամկավարների վարժարանները հնարավորություն ունեին Հայաստանից եկած երեխաներին ընդունելու, բայց չարեցին: Այդպես էլ հունանում են երեխաները: Կուսակցականները բացեիբաց ասում են' չօգնելով պատճառ լինենք, որ Հայաստանից եկածները ետ գնան: Բայց հարցն այն է, որ եթե այստեղ չեն կարողանում եկածները հաստատվել, ապա գնում են կղզիներ, եւ նրանց մասին ոչ ոք ոչինչ չի իմանում: Բայց չէ՞ որ եթե Հայաստանը թողնում են, ուրեմն այնտեղ էլ պրոբլեմ կա»,-ասում է Դավիթ Այվազյանը:
«Ես Հայաստանում եմ»
Աթենքում հայերին կարելի է հանդիպել երեք վայրում' ռամկավարներին' Ռամկավար-Ազատական կուսակցության գրասենյակում, դաշնակցականներին' ՀՅԴ գրասենյակում, իսկ անկուսակցականներին, որոնք հիմնականում Հայաստանից գնացածներն են, «Հայաստան» մշակութային-հասարակական կենտրոնում: ՀՅԴ-ն այստեղ առաջատար դիրքեր ունի եւ, հավանաբար, իր առավելությունը գիտակցելով' առանձնապես շփումներ չունի ո՛չ ռամկավարների, ո՛չ էլ անկուսակցական մյուս հայերի հետ: «Մեզ անգամ իրենց միջոցառումներին, տոնական օրերի հանդիսություններին չեն հրավիրում»,-ասում են «Հայաստան» կենտրոնի մշտական այցելուները: Ռամկավարները Աթենքի կենտրոնական թաղամասերից մեկում սեփական եռահարկ շենք ունեն, որտեղ գտնվում է նաեւ նրանց պաշտոնաթերթ «Նոր աշխարհ»-ի խմբագրությունը: Մեծ խաղահրապարակը, մարզադահլիճը' զինված նորագույն սարքավորումներով, երաժշտական գործիքներով հագեցած երաժշտական ակումբը, հայաստանցի հայերի վկայությամբ, գրեթե միշտ դատարկ է. դրանք չեն տրամադրվում նորեկ երիտասարդներին: Կուսակցության անդամներ ընկեր Սարգիսն ու ընկեր Հակոբը բողոքում էին մեզ հայ երիտասարդների' կուսակցության, քաղաքական եւ ազգային խնդիրների նկատմամբ անտարբերությունից:Ռամկավարները գիտակցում էին, որ կուսակցությունը սերնդափոխության, երիտասարդներով' հատկապես Հայաստանից եկած, համալրման լուրջ խնդիր ունի, բայց եւ խոստովանում էին, որ իրենք այդ ուղղությամբ ընդառաջ ոչ մի քայլ չեն անում:
Հայաստանից 1996-ին ընտանիքով Աթենք եկած Մինասն ասում է, որ հայ մնալու եւ Հայաստանի հետ կապը պահպանելու միակ հնարավորությունը «Հայաստան» կենտրոնն է: «Իմ տղային հայկական դպրոց չընդունեցին' ասելով, թե տեղ չկա: Բայց երկու դպրոցներում էլ' թե՛ ռամկավարներին պատկանող, թե՛ դաշնակցականներին, ազատ տեղեր կային: Ստիպված տարա հունական դպրոց»: Մինասի տղան' Կարապետը, չի տարբերվում հույներից, եւ Հայաստան վերադառնալու մտադրություն չունի: «Էստեղից կարող է գնամ ԱՄՆ' պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվելու, բայց Հայաստան դժվար թե գամ, եթե գամ էլ' իբրեւ տուրիստ»,-ասում է Կարոն:
««Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնը հիմնադրվեց 2000 թվականին: Ես նոր էի եկել Պարսկաստանից: Մեր նոր եկող հայրենակիցների պրոբլեմն այն էր, որ գալիս էին, բայց հայկական շրջանակներում, ակումբներում, միություններում տեղ չունեին: Սկզբնական շրջանում նրանք ոչ կեցության իրավունք ունեն, ոչ աշխատանք, ոչ լեզու գիտեն, մեկուսացվում են, օդի մեջ են: Տեսնում էինք նրանց խնդիրները' խենթացած վիճակի մեջ էին: Նույն ժամանակ այստեղ Հայաստանից միջպետական համաձայնագրով եկած ուսանողներ կային, որոնք նման դժվարություններ ունեին. երբ գալիս էին, իրենց դիմավորող չկար, չգիտեին' ո՞նց գնային համալսարան: Մենք ծանոթացանք այդ տղաներից մի քանիսի հետ, որոնք հիմա արդեն ետ են վերադարձել Հայաստան: Մի քանի անգամ նրանք փորձ արեցին հայկական որոշ շրջանակների հետ կապ հաստատել, տեղացի հայերի ուսանողական միություն ստեղծել, բայց չստացվեց, որովհետեւ իրենց նախ եւ առաջ ասացին, որ պետք է կուսակցության շարքերն անցնեն: Նույն ժամանակ այստեղ աշխատող մեր հայրենակիցներով խորհրդակցեցինք եւ որոշեցինք ստեղծել այս կենտրոնը' մեր նոր եկող հայրենակիցներին աջակցելու համար: Այդ շրջանում շատ երիտասարդ աղջիկներ էին գալիս եւ թուղթ ստանալու համար միայն ամուսնանում էին հույների հետ: Ուսանողներն են կառուցել այս կենտրոնը կամավոր, առանց դրամի: Հիմնական օգնությունը այն հունահայերը ցուցաբերեցին, ովքեր կտրված են տեղի կուսակցականացված համայնքից: Նրանցից շատերն անգամ հայերեն չեն խոսում, բայց միշտ նվիրատվություն են անում այս կենտրոնին»,-պատմում են կենտրոնի հիմնադիրներ Մինաս Մինասյանը եւ Դավիթ Այվազյանը:
2000 թվականից կենտրոնը հրատարակում է «Հայաստան» թերթը' 1500 տպաքանակով, որը լուրեր է հաղորդում հիմնականում Հայաստանի մասին: «Այստեղի մեր հայրենակիցները հայրենիքից ինֆորմացիայի կարիք ունեն, այստեղի նորություններով այնքան էլ հետաքրքրված չեն»,-ասում է խմբագիրը: Կենտրոնում հայերենի, հունարենի եւ անգլերենի անվճար դասընթացներ են կազմակերպվում երեխաների համար Հայաստանից Հունաստան բնակության եկած հայ ուսուցիչների, ուսանողների միջոցով: «Հայաստան» կենտրոնում կիրակնօրյա հայկական դպրոց է գործում: Ծնողների եւ ուսուցիչների ջանքերով երեխաները բեմադրություններ են դնում, կազմակերպում Ամանօրյա եւ այլ միջոցառումներ:
Տիկին Մարետան ուսուցչուհի է Վանաձորից, Աթենք է եկել 9 տարի առաջ, հետո բերել է միակ դստերը, ապա' երկու տարի առաջ, հորն ու մորը: Կիրակի օրերին նա «Հայաստան» կենտրոնի դպրոցում պատմություն եւ հայոց լեզու է դասավանդում:
Աշխատանքային օրերին երեկոյան ժամը 8-ից Աթենքի հայաստանցի հայերը հավաքվում են «Հայաստան» կենտրոնում' տեղեկանալու միմյանց «հունաստանյան եւ հայաստանյան» հոգսերին, փոխանակելու հայրենիքից ստացված լուրերը: Ցանկացած խոսակցություն այստեղ հանգում է Հայաստանին:
«Մարդիկ արդեն որ իրար են զանգում, հարցնում են' որտե՞ղ ես, պատասխանում են' Հայաստանում եմ: Մենք մի փոքրիկ Հայաստան ենք ստեղծել այստեղ: Եվ մի սկզբունք ունենք' չպետք է թողնենք, որ կենտրոնը կուսակցականացվի»,-ասում է Դավիթ Այվազյանը:
«Մի օր բոլորս վերադառնալու ենք»
«Արվեստագետի համար դժվար է 40 տարեկանում դուրս գալ երկրից ու նոր տեղում միջավայր ստեղծել: Ոնց որ ծառը արմատով հանես»,-ասում է նկարիչ Արմեն Գիզգիզյանը: 2001թ. նա ընտանիքի' կնոջ եւ երկու երեխաների հետ Հայաստանից մեկնել է Հունաստան' Աթենք, ժամանակավոր բնակության: «Սկզբից որոշել էի 6 ամսով գալ, մի 4-5 հազար ետ գցել ու ետ գալ, էն ժամանակ' 2001-ին, 5.000-ը ահագին գումար էր, ես դրանով գոնե իմ ընտանեկան հարցերը կկարգավորեի, չէի դնի իմ ներկերը վաճառեի կամ գնայի բարձրվոլտային կաբելներ հալեցնեի օրական 2000 դրամով, որ գոնե հացի փող հասցնեմ, իսկ շաբաթ-կիրակի գնամ Վերնիսաժ մի բան ծախեմ: Եթե այն ժամանակ Երեւանում ամսական 200 դոլար աշխատեի, կարող էի ապրել: Բայց հիմա էստեղ 1500 եվրո աշխատում եմ, էլի նորմալ չեմ ապրում, ամսվա ծախսերն եմ փակում ու մի քիչ էլ Հայաստան փող եմ ուղարկում: Էստեղ վարձը եւ այլ կոմունալ ծախսերը մեջքդ կոտրում են»,-ասում է Արմենը: Երեւանից մեկնելիս Արմեն Գիզգիզյանն իր հետ վերցրել է որոշ նկարներ, որոնք Աթենք հասնելուց երկու շաբաթ հետո հաջողել է վաճառել:
«Ինձ առաջարկեցին ազգանունս փոխած ներկայանալ' հաջողություն ունենալու համար, բայց չփոխեցի»,-ասում է նկարիչը: Հարմարվելով եվրոպացի գնորդների ճաշակին' Արմենը նկարում է այն, ինչի պահանջարկը կա. «Նկարում եմ ոչ կրոնական թեմաներով, ավելի շատ պահանջարկ ունեն սիմվոլիստական, միթոլոգիական աշխատանքները: Կտավը չպետք է լինի որեւէ ազգի կրոնական, պատմական թեմայով»: Իր աշխատանքները նկարիչը հանձնում է Աթենքի սալոն-պատկերասրահներին: «Նկարը մետրով են գնում' 1 x 1մ կտավը 300 եվրո արժե, նկարչից այդքանով գնում են, իրենք վաճառում են 1500-2000 եվրո»: Օտարության մեջ առօրյա հոգսերի ծանրությունից կքած նկարիչը մի կողմ է դրել ստեղծագործական ցանկությունները: «Ի՞նչ երազանք ունես, կուզենայի՞ր Աթենքում կամ Երեւանում անհատական ցուցահանդես ունենալ» հարցին պատասխանում է. «Ես մի բան եմ երազում' նյութականս կարգավորվի եւ վերադառնամ, որովհետեւ հոգնում եմ... Հոգնում եմ մենակ մնալուց: Քո մաստի մարդ չկա, որ շփվես հետը, հայհոյես վիճակդ, վերջապես նստես հետը ու լռես: Որովհետեւ ուրիշ միջավայրում ես մեծացել, ոնց որ արմատներից մարդուն պոկես, բերես: Հիմա կասես' հո զոռով չեն քեզ բերել, ինքդ ես եկել: Իմ կարգավիճակով քանի~ տասնյակ հազար հայեր կան: Կողքից մարդիկ ասում են' դավաճան են, հայրենիքը լքել են: Բայց հավատացնում եմ, որ օտարության մեջ գտնվողների մեջ շատերը շատ ավելի արժանի են հայ կոչվելուն, քան նրանք, ովքեր էդպես խոսում են: Ճիշտ է, հայն առաջին հերթին էն մարդն է, որն ապրում է հայրենիքում, բայց ավելի գնահատում ես երկիրդ, երբ օտարության մեջ ես:
Հայաստանի ժողովրդին երեւի պիտի տանեն մի քանի տարի ուրիշ տեղ ապրեն, հասկանան հայրենիքը, հետո ետ բերեն, որ իրար հետ սիրով, առանց մունաթի ապրեն: Այստեղ ստեղծագործական վիճակդ կամաց-կամաց քնում է, հումորդ էլ է բթանում: Մեկ-մեկ կնոջս ասում եմ' անտենաս չի բռնում էստեղ»:
Հայաստան վերադարձի մասին երազում էին Աթենքում մեզ հանդիպած բոլոր հայաստանցիները, սակայն դրա իրական հնարավորությունը քչերն էին պատկերացնում: «Խնդիրն այն է, որ երեխաներն այստեղ են մեծանում, եւ չես կարողանում Հայաստանում տեսնել, պատկերացնել նրանց ապագան: Իմ տղային տանեմ մեր «ախպեր տղերքի» մեջ ի՞նչ անի, անգամ հայկական կատակները իմ երեխաներն արդեն չեն հասկանում: Երեւանում իմ երեխային կասեն' էս հարիֆը ո՞վ է: Սա իմ ամենամեծ պրոբլեմներից է, որ ես շոշափելի զգում եմ ու մղկտում եմ, որ իմ երեխան Երեւանում ախպարի կարգավիճակով է լինելու: Ես երեւանցի տղա լինելով' իմ երեխան Հայաստանում օտար է լինելու»,-ասում է Արմեն Գիզգիզյանը:
Ամեն օր Արմենն անհամբեր սպասում է «Հայլուրի» թողարկմանը: ««Հայաստան» թերթը գրում է Հայաստանի խնդիրների մասին: Բայց մենք ուզում ենք նաեւ լավ լուրեր լսել: Վատը կարդալով' մենք ավելի ենք հուսահատվում, մտածում ենք' գնանք ի՞նչ անենք: Մենք ուզում ենք լույս տեսնել այս ճահճից դուրս գալու համար»,-ասում է նկարիչը:
Աթենք-Երեւան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել