HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թղթի վրա` մի բան, իրականում` մեկ այլ բան

«Եթե երեխան բացարձակ գերազանցիկ է, թոշակը տվեք»,-վանաձորցի գերազանցիկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին ամենամսյա նպաստ նշանակելու նպատակով հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հայտարարել ու ավագանու 15 անդամների հետ միասին որոշել է ամսական տասը հազարական դրամ հատկացնել Վանաձորի բնակիչ հանդիսացող, ՀՀ պետական ԲՈՒՀ-երում գերազանցությամբ սովորող սոցիալապես անապահով ուսանողներին:

«Ավագանու որոշմամբ քաղաքապետարանը խրախուսում ու աջակցում է գերազանցիկ ուսանողներին, նրանց հնարավորություն տալիս թեթեւացնելու ուսումնառության ծախսերը Երեւանում, միեւնույն ժամանակ նպաստում մեծացնելու գերազանցությամբ սովորող վանաձորցի ուսանողների թիվը»,-ասում է Սամվել Դարբինյանը:

Այս որոշումը նպատակ ունի բարձրացնել համայնքի ուսանողության կրթամակարդակը' սոցիալապես անապահով ուսանողներին նյութապես աջակցելու միջոցով: Քաղաքապետարան հայտ ներկայացրած ուսանողներից ընտրվել է 115-ը, մերժվել՝ 7-ը: Համաձայն այս տարվա ապրիլի 15-ին ընդունված ավագանու որոշման' նպաստի հավակնող ուսանողները պետք է լինեն գերազանցիկ եւ միաժամանակ համարվեն սոցիալապես անապահով: Եվ եթե քաղաքապետին առընթեր ազգաբնակչության հարցերն ուսումնասիրող ու կանոնակարգող հանձնաժողովը հանկարծ հայտնաբերի, որ ուսանողի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են, ամենամսյա նպաստի տրամադրումը կդադարեցվի: Նպաստը կդադարեցվի նաեւ այն դեպքում, երբ նույն հանձնաժողովը պարզի, որ բարելավվել են ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանները:

Համաձայն որոշման տրամաբանության' ուսանողների ցուցակը պետք է սկսվեր ու ավարտվեր գերազանցիկ ու սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողի անուն-ազգանունով: Սակայն իրականում քաղաքապետարանի հովանավորությունից օգտվում են սոցիալապես ապահով ընտանիքների 88 ուսանողներ, որոնք կազմում են ընդհանուր ցուցակի 76.5 տոկոսը: Նրանցից միայն 27 ուսանող է համարվում կարիքավոր: Այդ է վկայում Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային գործակալությունը, որի տվյալների համաձայն՝ ամենամսյա նպաստ ստացող 115 ուսանողներից 88-ի ընտանիքները գործակալությունում գրանցված չեն:

«Բա ավագանին ինչի՞ է ձեռք բարձրացրել ու քվեարկել այս որոշման օգտին»,-զարմանում է Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը, որի գլխավորած կառույցն է որոշում, թե ով է սոցիալապես ապահով, ով՝ անապահով: Քաղաքապետարանն ու ավագանին առաջնորդվել են իրենց ընդունած որոշման կարգով, ըստ որի' հայտատուները պետք է ներկայացնեն ընտանիքների անդամների զբաղմունքի, աշխատանքի վայրի, աշխատավարձի, կենսաթոշակի չափերի, սոցծառայության տարածքային ու զբաղվածության կենտրոններից նպաստների մասին տեղեկություններ: Սակայն Վանաձորի քաղաքապետարանը հայտատուների սոցիալական կարգավիճակը ստուգելու նպատակով Սոցծառայություն չի դիմել: Փոխարենը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակում ստեղծել է մի հանձնաժողով, որը, ըստ Արամ Մկրտչյանի, սոցիալական կարգավիճակ սահմանող կառույց չէ եւ չի կարող որոշել ընտանիքի կարիքավորության աստիճանը: Ընտանիքի կարիքավորության աստիճանը որոշվում է ՀՀ կառավարության 2002թ. թիվ 350 որոշմամբ սահմանված չափանիշներով:

«Ո՞վ ասաց, որ անապահով չեն»,-հայտարարում է ավագանու անդամ Գագիկ Սարգսյանը,-նպաստառուի բոլոր թեկնածուներն էլ փաստաթղթեր են բերել, ու ավագանին էլ որոշել է' ով է անապահով, ով՝ ապահով: Ի վերջո, ավագանին է տնօրինում այդ բյուջեն ու ում ուզել, նրան էլ տվել է»:

«Այդտեղ ոչ մի վատ բան չկա: Ծանոթով չենք արել»,-հեռախոսազրույցի ընթացքում համոզմունք հայտնեց ավագանու անդամ Կարեն Գրիգորյանը: Ծանոթով չեն արել, բայցեւ «անապահովների» շարքում կան հենց ավագանու անդամներին ծանոթ մարդկանց երեխաներ, ոմանք էլ Վանաձորում հայտնի մարդկանց երեխաներ են, որոնցից ամեն մեկն իր գործն ունի ու բարձր պաշտոն է զբաղեցնում:

«Իրենք պետք է հասկանային, որ չի կարելի դիմել»,-հավելում է քաղաքապետն ու այդ քայլը մեկնաբանում որպես «քաղաքապետի թոշակ» ստանալու պատիվ: Մյուս կողմից էլ, քաղաքապետարանում առաջնորդվել են մի սկզբունքով' յուրաքանչյուր ուսանող անապահով է:

«Ուսանողությունն ինքը սոցիալապես անապահով խավ է: Բացի թոշակից, նա աշխատավարձ չի ստանում»,-ասում է Վանաձորի քաղաքապետը, որն իր դիտարկումների արդյունքում պարզել է Երեւանում սովորող վանաձորցի ուսանողների սոցիալական պայմանները: Նա կարծում է, որ եթե այդ 88 ընտանիքները մեկ առ մեկ այցելենք, իրոք կհամոզվենք, որ նրանցից միայն 15-ը նպաստի կարիք չունի:

Ուստի Վանաձորի քաղաքապետը հրահանգել է ազգաբնակչության հարցերն ուսումնասիրող ու կանոնակարգող հանձնաժողովին չմերժել որեւէ դիմումատուի միայն նրա համար, որ սոցիալապես անապահով ընտանիքից չէ:

«Ուսանողի կարգավիճակը չի կարող համարվել սոցիալապես անապահովի կարգավիճակ»,-հայտարարում է Արամ Մկրտչյանն ու գտնում, որ նպաստի տրամադրումը սոցիալապես ապահով ընտանիքների ուսանողներին դուրս է բարոյականության սահմաններից:

Քաղաքապետի դիտարկումները ցույց են տվել, որ գերազանցիկ ուսանողներն ավելի շատ անապահով ընտանիքներից են լինում: Եվ անկախ ուսանողների սոցիալական կարգավիճակից, այդ տասը հազար դրամները մեծապես կօգնեն սոցծառայությունում որպես անապահով չգրանցված, բայց 25.000 դրամ աշխատավարձով Երեւանում ուսանող պահող ծնողներին: Մյուս կողմից էլ ընտանիքներ կան, որոնք, ամոթալի համարելով աղքատ ճանաչվել, չեն դիմում սոցծառայություն' հաշվառվելու:

«Եվ մենք ասում ենք, որ դա սոցիալապես անապահով խավ չի»,-նկատում է Վանաձորի քաղաքապետը, որը մտադիր է վերաձեւակերպել որոշումը' նպաստը տրամադրելու միայն գերազանցիկության համար: Թե չէ' ստացվում է, որ թղթի վրա գոյություն ունի մեկ բան, իսկ մինչ այժմ կյանքի են կոչել մի այլ, որոշմանը հակասող ու որոշման հետ կապ չունեցող ցանկություններ: Արդյունքում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ամեն ամիս տեղական բյուջեից հատկացվել է 1 միլիոն 115 հազար դրամ նպաստ, որը տրվելու է մինչեւ սեպտեմբեր: Վեց ամիս տրվող նպաստի ընդհանուր գումարը կազմում է 6 միլիոն 900 հազար դրամ, որից միայն 5 միլիոն 280 հազար դրամը տրվում է սոցիալապես ապահով ընտանիքների ուսանողներին անապահով ընտանիքների անվան տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter