
Կառավարությունը պայմանագրեր է կնքել «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրենի ընկերության հետ
«Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի ընկերությունը ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու համար կառավարության հետ տարիներ շարունակ խոշոր պայմանագրեր է կնքել։ Միայն գնումների հաշվետվողականության armeps.am համակարգում տեղադրված պայմանագրերի ընդհանուր հանրագումարով «Ճանապարհ» ընկերությունը 2016-2018 թվականներին կառավարությունից ստացել է 1 միլիարդ 126 միլիոն դրամ, որը կնքված 4 պայմանագրի արժեքն է։
Վերջին պայմանագիրը «Ճանապարհ» ընկերության հետ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կնքել է այս տարվա հունիսի 23-ին։ 228 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով Բեզոյանին պատկանող «Ճանապարհը» ՍՊԸ-ն պարտավորվել է հիմնանորոգել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թումանյան փողոցը։
Ընկերությունն այդ հատվածում պետք է եզրաքարեր տեղադրի, ասֆալտ-բետոնե ծածկի հաստությունը ավելացնի, դիտահորերի ծածկի փոփոխում և բարձրացում կատարի, անձրևաջրերի ջրահավաք հորեր կառուցի և հիմնանորոգման այլ աշխատանքներ կատարի։
«Ճանապարհ» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին, 2011 թվականի փետրվարից դրա միակ սեփականատերը Էդվարդ Բեզոյանն է։ www.1000plus.am կայքի տվյալներով՝ ընկերության աշխատակիցների թիվը տարբեր ամիսներին տատանվում է 150-170-ի միջեւ։
Կառավարությունը նախկինում ևս ճանապարհաշինարարական պայմանագրեր է կնքել «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ պայմանագրեր կնքել է նաև նախորդ տարիներին։
2017 թվականին ընկերությունը նախարարությունից ստացել է 777 միլիոն դրամ։ Այդ պայմանագրով ընկերությունը մինչ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը հիմնանորոգել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը։
2016 թվականին ընկերությունը նույն նախարարությունից ստացել է 22,5 միլիոն դրամ ՝ Տաշիր քաղաքի Կրուպսկայայի անվան փողոցի 4 կամուրջների նորոգման համար։
Իսկ 2016 թվականի փետրվարի 2-ին նախարարությունը «Ճանապարհ»-ին տրամադրել է 99 միլիոն դրամ, որպեսզի մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պահպանի Դիլիջանի թունելը։
Գլխավոր ուսանկարում՝ Էդվարդ Բեզոյանը
Մեկնաբանել