HY RU EN

Գրիշա Բալասանյան

Ջրառատի համայնքապետն ապօրինի է համարում իր լիազորությունները դադարեցնելու ավագանու որոշումը

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ավագանին արտահերթ նիստով որոշել է դադարեցնել համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի լիազորությունները: Որոշումն ընդունվել է հուլիսի 4-ին: Ավագանու նիստին մասնակցել և կողմ է քվեարկել 7 անդամից 5-ը՝ Հովհաննես Խաչատրյանը, Աննա Մանուկյանը, Նարեկ Մկրտչյանը, Գևորգ Մելքոնյանը և Վաղարշակ Սիմոնյանը: Նրանք հիմքում դրել են ավագանու անդամների դիմումը և համայնքապետի իր լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելու փաստերը:
Ավագանու այս կազմն ընտրվել է 2016թ. աշնանը և նրանց խոսքերով՝ մինչ օրս համայնքում հանդիպում են ապօրինի գործողությունների: Ըստ որոշման հիմքում դրված զեկուցագրի՝ համայնքի ղեկավարի հետ որևէ քննարկում չի հաջողվել իրականացնել, իսկ եղածն էլ կրել է ձևական բնույթ:

Ավագանու անդամները նշում են, որ արդեն 2 տարի է` պահանջում են գույքագրում, սակայն տեղի չի ունենում: Եղել են նաև դեպքեր, երբ ավագանու անդամները պահանջել են արտահերթ նիստ, սակայն չի կայացել: Համայնքապետը պատճառաբանել է՝ թող սպասեն հերթական նիստին:

Ավագանու անդամները զեկուցագրով պատճառաբանում են լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը: Ըստ նրանց՝ համայնքապետը զեկուցել է, որ համայնքապետարանին անհրաժեշտ է համակարգիչ՝ 500 հազար դրամ արժողությամբ: Ավագանին այդ որոշումն ընդունել է 2016թ. նոյեմբերին: Որոշումը չի կատարվել մինչև 2017թ. մարտ ամիսը: Ուշացումով կատարվել է ավագանու անդամների կողմից առաջադրված պայմանի դեպքում՝ եթե համակարգիչները չլինեն, չի կայանա նաև ավագանու նիստը:

«Նիստի օրը մեզ զեկուցեցին, որ համակարգիչները եղել են: Այդ նիստին ներկա չէր համայնքի ղեկավարը: Նիստի ժամանակ ցանկացանք ստուգել համակարգիչները, որը որ մեզ ներկայացրել էին: Ստուգումից հետո պարզվեց, որ դա ուղղակի համակարգչի համար նախատեսված դատարկ արկղեր էր՝ ստեղնաշարեր և մկնիկ: Մենք բոյկոտեցինք այդ նիստը և հետագայում որքան էլ որ փորձեցինք չհաջողվեց իմանալ այդ խորամանկ և ապօրինի գործողության պատճառը»,- նշված է ավագանու անդամների զեկուցագրում:

Համայնքի ավագանու անդամները նշում են նաև, որ ավագանու կողմից կայացվող ցանկացած որոշում արժանանում է համայնքի ղեկավարի հակառակ կարծիքին և խանգարող գործողություններին: Որպես օրինակ, հիշատակում են մանկապարտեզի գազիֆիկացման հարցը: Ավագանին ցանկացել է այդ հարցը լուծել, որ երեխաները ձմռանն էլ հաճախեն, սակայն հանդիպել են համայնքի ղեկավարի դիմադրությանը: Վերջինս չի ցանկացել, քանի որ, ըստ ավագանու անդամների, եթե մանկապարտեզն աշխատեր համայնքի ղեկավարը չէր կարողանա երկար տարիներ ավանդույթ դարձած եղանակով, ապօրինի և աշխատողների ցանկությանը հակառակ ստիպողաբար գրել տալ աշխատանքից հեռացման դիմումներ: Իսկ մանկապարտեզի չաշխատելու ամիսների համար աշխատակիցները պարապուրդի համար չեն վճարվել:

Ավագանու անդամները նաև բարձրաձայնում են ուռճացված հաստիքների մասին, որը նրանց կարծիքով՝ գումար շորթելու միջոց է: Իրենց ընտրվելու ժամանակ մշակույթի տան տնօրենը եղել է համայնքապետի կինը, ինչը, ավագանու անդամների կարծիքով, օրենքի խախտում է: Նա այդ պաշտոնից ազատվել է ավագանու անդամների ճնշման արդյունքում:

«Մենք կրճատել ենք նաև համայնքի ղեկավարի վարորդի հաստիքը, որը ծառայում էր իր իսկ անձնական գործերի համար, և այդ պաշտոնը ստանձնում էր համայնքի ղեկավարի աներորդին»,- նշված է զեկուցագրում:

Ավագանու անդամները տեղեկացնում են, որ այդ հաստիքների և մի քանի այլ «անպետք» ծախսերի կրճատման արդյունքում 2017թ. վերջին խնայել են մոտ 9 մլն 500 հազար դրամ: Այդ գումարով, ավագանու անդամները բանավոր քննարկումներով, որոշել են գյուղում կառուցել բուժամբուլատորիա, քանի որ եղած շենքն անմխիթար վիճակում է: Նախագիծը պատվիրելուց հետո համայնքի ղեկավարը զեկուցել և ավագանու անդամներին ցույց է տվել նախահաշիվ, որը կազմել է 15 մլն դրամ: Հաջորդ նիստին համայնքապետն ասել է, թե մարզպետարանը ցանկանում է ամբուլատորիայի կառուցման համար 60% ֆինանսավորում կատարել:

Համայնքապետի առաջարկով 9 մլն 600 հազար դրամ փոխանցվել է «առողջապահական շենք-շինություններ» հոդվածի վրա: Քանի որ հոդվածն անծանոթ է եղել ավագանու անդամներին, նրանցից 4-ը դեմ են քվեարկել: Իսկ հետագայում, երբ համայնքապետից հետաքրքրվել են, թե ինչ եղավ մարզպետարանի օգնությունը, ըստ զեկուցագրի՝ համայնքապետը պատասխանել է, թե մերժվել են, քանի որ հարկերի հավաքագրումը նորմալ չի կատարվել: Այդ զրույցից որոշ ժամանակ անց, ավագանու անդամները նկատել են, որ գյուղում շինարարական աշխատանքներ են կատարվում: Համայնքապետն ասել է, թե բուժամբուլատորիա է կառուցում 24 մլն դրամով, որի վճարումը պետք է կատարվի մի քանի տարվա ընթացքում:

Ավագանու անդամները դեմ են եղել համայնքապետի առաջարկած պայմաններին և քննարկման արդյունքում որոշել են դադարեցնել շինաշխատանքները: Համայնքապետը խոստացել է չշարունակել աշխատանքները, սակայն այդպես էլ խոստումը չի կատարել: Ավագանու անդամներն արտահերթ նիստ են հրավիրել և որոշել են հատկացրած 9 մլն 600 դրամը հետ բերել պահուստային ֆոնդ:

«Որոշումն ընդունվեց ավագանու կողմից և մինչ օրս այդ գումարը հետ չի բերվել պահուստային ֆոնդ»,-նշված է զեկուցագրում: Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնած ավագանու անդամները նաև փաստում են, որ ավագանու անդամները ոչ բուժամբուլատորիա կառուցելու, ոչ էլ տարածք հատկացնելու որոշում ունեն:

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում ավագանուն է ներկայացրել իր առարկությունները: Համայնքապետի խոսքերով՝ զեկուցագրում բարձրացված հարցերից և ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում: Ավելին, Սամվել Գալստյանն ասաց, որ ավագանու կայացրած որոշումը հակասում է օրենքին և անօրինական է:

Ջրառատի համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ավագանու հիմնավորումների որ մասը իրականությանը չի համապատասխանում, Գալստյանը կտրուկ պատասխան տվեց` ամբողջը:

Սամվել Գալստյանն ասում է, որ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ավագանու որոշումից հետո արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ավագանին ուղղի ակնհայտ ապօրինի որոշումը, սակայն ապարդյուն՝ ավագանու անդամները չեն ներկայացել նիստին և ավագանու նիստը չի կայացել: