
Գործադիրը մի ընկերության «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց, մյուսին՝ մերժեց
Կառավարությունն այսօրվա նիստին «Բոնվառոն» ընկերությանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրեց, «Փույաքս ջեներալ թրեյդինգ Քօ․»-ին՝ մերժեց։
Մասնավորապես՝ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվեց շահագործման լիցենզիա՝ մշակող արդյունաբերության (սննդամթերքի արտադրության), առևտրի, լոգիստիկ (սառնարանային և պահեստային տնտեսության) ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:
Ինչպես ներկայացված է կառավարություն բերված որոշման նախագծում, ծրագրի ընթացքում ապրանքների արտահանման տարեկան ծավալը նախատեսված է 1 մլն դոլարից հասցնել 5,1 մլն դոլարի:
Ընկերությունը արտադրված ապրանքները նախատեսում է արտահանել Վրաստան, Ռուսաստան, հետագայում նաև ԵԱՏՄ այլ անդամ երկրներ, կատարել շուրջ 195 մլն դոլարի նեդրում, ստեղծել 102 նոր աշխատատեղ:
Ընկերությունն ունենալու է մոտ 500 քմ արտադրական տարածք «Մեղրի» ազատ տնտեսական գոտում
«Խնդրում եմ՝ հավանության տալ։ Մեր առաջին ծիծեռնակն է՝ որպես շահագործող այս ոլորտում»,- ասաց հարցը զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հորդորեց մոնիտորինգ իրականացնել՝ հասկանալու համար, թե ընկերությունը գործունեության ընթացքում ինչ դժվարությունների է հանդիպում, քանի որ այս նախագծի ճակատագիրը շատ կարևոր ուղերձ է հղելու այլ գործարարների․ «Մենք պետք է օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկենք, որպեսզի այս նախագիծը լինի հաջողված, լավ ուղերձ լինի պոտենցիալ մյուս ներդրողներին»։
«Բոնվառոն»-ն ստեղծվել է այս տարվա հունիսի 25-ին դրա միակ սեփականատերը Արման Ապիտոնյանն է։
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ մերժեց տնտեսական գոտում շահագործման թույլտվություն տրամադրել «Փույաքս ջեներալ թրեյդինգ Քօ․»-ին։ Ընկերությունը նախատեսում էր ազատ տնտեսական գոտում զբաղվել մեքենաների լվացման համակարգերի վաճառքով, սակայն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացված ծրագրում բացակայել է պատշաճ տեղեկատվություն գործարար ծրագրի գնահատման հիմնական չափանիշների` արտահանման ուղղությունների, մարքեթինգային ռազմավարության, տեխնոլոգիական նորարությունների կիրառման, աշխատատեղերի, իրականացվող ներդրումների, սոցիալական միջոցառումների վերաբերյալ, այդ իսկ պատճառով ընկերությանը չտրամադրվեց շահագործման թույլտվություն:
«Փույաքս ջեներալ թրեյդինգ Քօ․»-ն հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերին, այս պահին դրա միակ սեփականատերը Գերմանիայի քաղաքացի Աֆշին Քելիշադին է։
Նշենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Դրա գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:
Մեկնաբանել