HY RU EN

Կոռուպցիան երբեք չի վերանում, նրա դեմ պայքարը մշտական է և թանկ, բայց և արդարացված

Կոռուպցիան` որպես մարդկության պատմության անբաժանելի տարրերից մեկը, իր հզորությունը փորձում և հաջողվում է, երբ գտնում է պարարտ հող: Քանի դեռ գոյություն ունի անձնական շահ, կա մարդ, կլինի նաև կոռուպցիա, կամ առնվազն կոռուպցիոն գործողության դիմելու գայթակղություն: Կարելի է ենթադրել, որ մեր երկրում կոռուպցիայի ընկալման փոփոխությունը երկարաժամկետ միտում կունենա` սերմանելով կոռուպցիայի դեմ բացարձակ բացասական վերաբերմունք, որպեսզի այն ընկալվի որպես զարգացումը զսպող խոչընդոտ: Կարծում եմ` շատերը կկիսեն այն կարծիքը, որ կոռուպցիոն գայթակղությանը դիմանալու համար էթիկական-բարոյական մակարդակով կամավոր մերժումը գերադասելի է այն զուտ վախից դրդված մերժելուց:

Կոռուպցիայի դեմ պայքարն ունի մի քանի հարթություն. այն կանխել, նվազեցնել, պատժել և հետևանքները վերացնել: Կանխելու համար մտածելակերպի փոփոխություն է անհրաժեշտ, և այս փոփոխությունը երկարաժամկետ է ու թանկ: Սակայն այն լիովին արդարացված է, քանի որ չկանխելու դեպքում կոռուպցիան նվազեցնելը, մանավանդ հետևանքները վերացնելը և պատժիչ համակարգը կիրառելը էլ ավելի թանկ է թե’ պետության, և թե’ ամբողջ հասարակության համար: Կոռուպցիայի մասին խոսելիս սովորաբար առաջին հերթին նկատի են ունենում կամ ընկալվում է դրա ուղղակի ֆինանսական դրսևորումը` կաշառակերությունը և նման բնույթի այլ նյութական օգուտ ստանալը: Արդյունքում, երկարաժամկետ կտրվածքով ոչ պակաս վնասակար երևույթի` հովանավորչության մասին ավելի քիչ է բարձրաձայնվում: Հովանավորչությունը ամբողջ պետական համակարգի արդյունավետությունը կարող է տանել կարծրացման և երկարաժամկետ զարգացմանը պոտենցիալ մեծ վնաս հասցնել:

1990թ.-ի օգոստոսից ի վեր (ի դեպ, դա դեռ Խորհրդային Միության ժամանակ էր), երբ առաջին (և դեռևս վերջին) անգամ Հայաստանում ընտրություններով իշխանություն է փոխվել, մինչև 2018թ.-ի ապրիլ տևած 28 տարվա պատմությունը ցույց է տվել, որ ժամանակի հետ պետության կառավարումը դարձել է ավելի քիչ գաղափարական և ավելի շատ կարծրացած: Աշխարհում ամենուրեք պետական բյուրոկրատիան ինքն իր աշխարհում է ապրում, որտեղ ունի իր չգրված օրենքներն ու ընկալումները` հաճախ իրեն կտրելով հասարակությունից , սակայն իրեն համարելով գործընթացներին լավ տիրապետող: Դեռևս Մարքսը բյուրոկրատիայի մասին գրել է, որ այն գաղտնիք է, որի «վերևները» պնդում-համոզում են բոլորին, թե իբր տիրապետում են ընդհանուրին, իսկ «ներքևում»` իբրև թե լավ գիտեն-ճանաչում են մանրուքները:

Բյուրոկրատիան է, որ դիմադրում է փոփոխություններին ` գտնվելով իր կողմից պաշտպանվող «կոմֆորտ» գոտում: Անգամ վախի պայմաններում բյուրոկրատիան ընդունակ չէ լիովին բացառել կոռուպցիայի գոյությունը: Այս ամբողջ պայքարում, կանխարգելիչ -դաստիարակչական աշխատանքը գերկարևոր է, չնայած անգամ այդ պայմաններում լինում են բյուրոկրատիայի տարբեր մակարդակներում ինչպես չերևացող, այնպես էլ հնչեղություն ունեցող կոռուպցիոն դեպքեր: Թիկունքում ունենալով կոռուպցիայի դեմ դաստիարակչական արդյունավետ և հաջողված փորձ (սկսած տարրական դպրոցից)` Սինգապուրի պես պետությունն անգամ ժամանակ առ ժամանակ առնչվում է կոռուպցիոն երևույթների: Սակայն կարևորն այն է, որ ամբողջ համակարգը այդ տեսակ երևույթներն ընկալում է որպես օտար և դատապարտելի: Այստեղ հարկ Է նաև նշել, որ Սինգապուրում պետական ծառայողներն աշխարհի ամենաբարձր վարձատրվողներից են:

Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը միայն ողջունելի է: Միևնույն ժամանակ պետք է զգուշանալ միամիտ վերաբերմունքից, օրինակ պնդումից, թե կոռուպցիան երկրում «հուղարկավորվել է»: Նման անզգույշ և ինքնահանգստացնող արտահայտությ ունը վտանգավոր Է: Ինքնախաբեությամբ չզբաղվենք, այլ պատրաստ և պրագմատիկ լինենք այս հարցում, քանի որ անգամ տասնամյակներով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու դեպքում, այնուամենայնիվ, կոռուպցիոն երևույթներ տեղի են ունենում:

Կոռուպցիան միշտ գոյություն կունենա ցանկացած երկրում: Պետության քայլերի արդյունավետությունը կայանում է մարդուն փոքր տարիքից կոռումպացված չլինելու բարոյական նորմը սերմանելու, դրա հեռանկարային տնտեսական առավելության ընկալմամբ դաստիարակելու, ինչպես նաև արդեն կատարված կոռուպցիոն երևույթների` ժամանակին հայտնաբերելու և պատժելու մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարում դաստիարակությունը, սկսած տարրական դպրոցից, անփոխարինելի միջոց է: Սա կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն մասն է, և դրանով առավել արդյունավետ կարող է զբաղվել կրթության և գիտության նախարարության և դատաիրավական համակարգի հետ սերտորեն համագործակցության մեջ գործող կոռուպցիան կանխարգելող հատուկ մարմինը: Դաստիարակչական աշխատանքի արդյունավետության մի դրվագ բերեմ անձնական փորձից: 2011 թվականն էր: Աղջիկս` Աննան, սովորում էր Սինգապուրի պետական տարրական դրպոցներից մեկի չորրորդ դասարանում: Մի օր տանը զրուցելիս հարցեր տվեց Հայաստանում դպրոցների մասին: Խոսակցության կոնտեքստում օրինակ բերեցի, որ կարող են լինել դեպքեր, երբ ուսուցիչը աշակերտին ցածր գնահատական նշանակի, որպեսզի հետո այդ աշակերտը նույն ուսուցչի մոտ լրացուցիչ պարապի` հետագայում գնահատականը բարձրացնելու ակնկալիքով: Աննան հանգիստ նստած վիճակից միանգամից առաջ եկավ ու լարվելով ասաց (մեջբերում եմ բառացի). «Ո՞նց, էդ corruption ա:» Ես հասկացա, որ դպրոցը, իհարկե ունենալով նաև ընտանիքի աջակցությունը, արել է իր կարևոր դաստիարակչական գործը:

Դաստիարակչական-կանխարգելման քաղաքականությունն իրականացնելը պահանջում է ռեսուրսներ` նյութական և, իհարկե, մարդկային: Եվ սրան պետք է պատրաստ լինել: Այլապես զգոնությունը մի փոքր կորցնելու դեպքում, կոռուպցիոն երևույթները գլուխ կբարձրացնեն և կդառնան մասսայական, ինչպես չմշակված այգում մոլախոտը: Կոռուպցիայի դեմ պայքարը պրոյեկտ չէ, որ ունենա ավարտ: Այն ներդրում է երկրում հետագա այլ ներդրումները խրախուսելու համար` կլինեն դրանք տնտեսական գործունեության, կրթության, թե որևէ այլ ոլորտում: Ներդրողներն իրենց միջոցները ներդնում են տարբեր ռիսկայնության պայմաններում: Համեմատաբար ցածր եկամտաբերության ակնկալիքով ներդրումներ (իսկ Հայաստանի շուկայի փոքր չափսերն ու գնողունակության ցածր միջին մակարդակը դա են ենթադրում) կարվեն, եթե լինի ռիսկայնության ցածր մակարդակ: Այս մակարդակը, թեկուզ մասամբ, ապահովվում է քաղաքական, իրավական և տնտեսական կայուն խաղի կանոններով: Գաղտնիք չէ, որ ներդրումները խրախուսելու համար առաջնային նախապայմաններից է ներդրողների իրավունքների պաշտպանությունը, և այս հարցում կոռուպցիայի զսպումն ու կանխարգելումը առաջնային է:

Տնտեսական զարգացմանը զուգահեռ մեծանում է կոռուպցիոն գործունեության առաջանալու ու տարածվելու վտանգը: Ազնիվ լինելը հեռանկարային է. պետության կողմից դաստիարակչական քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս գաղափարի տարածմանը: Հասարակական և պետական հսկողության շնորհիվ օրինակելի երկիր դառնալը մեզ ավելի պաշտպանված է դարձնում միջազգային հարթակում և բացասական ձևով է ներկայացնում երկրին ուղղված քաղաքական-տնտեսական-ռազմական սպառնալիքներով հանդես եկող այլ երկրներին և ուժերին: Այս արդյունքին, ի թիվս այլ քայլերի, կարելի է հասնել երկրի զարգացմանը զուգահեռ նրա հեղինակության (և որպես դրա ածանցյալ` բրենդի) կշռադատված և հետևողական կերպով իրականացվող քաղաքականության միջոցով, որի մի մասն էլ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն է:

Հ.Գ. 2015թ.-ի մարտ ամիսն էր, երբ մահացավ Սինգապուրի Հանրապետության հիմնադիր և երկարամյա վարչապետ Լի Կուան Յուն: Նրա մարմինը երկրի խորհրդարանից, որտեղ այն տեղադրված էր վերջին հրաժեշտի համար, պետք է տեղափոխվեր մի դահլիճ` սգո պաշտոնական արարողության անցկացման համար: Սինգապուրում կան ամենաբարձրակարգ երևի թե մի քանի տասնյակ դահլիճներ: Սակայն կառավարությունն ընտրեց երկրի համար ամենամեծ նվաճումը համարվող` Սինգապուրի ազգային համալսարանի դահլիճը` դրանով ընդգծելով երկրի զարգացման համար կրթության առաջնային և անգերազանցելի դերը: Ի դեպ, շարասյունը խորհրդարանից մինչև համալսարան տանող ճանապարհը, ինչպես հատուկ ընտրվել էր և հայտարարվել կառավարության կողմից, անցավ Կոռուպցիոն գործունեության կանխարգելման բյուրոյի շենքի մոտով` հատուկ ընդգծելու պետականաշինության գործում այդ հաստատության առանցքային նշանակությունը:

Վահագն Վարդանյան, Գիտությունների դոկտոր - PhD (աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն), Հան (չինական) ակադեմիայի փոխտնօրեն, ք. Հոնկոնգ