HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՔԾ-ն ստուգում է մարտի 1-ին Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների՝ ցուցարարների ուղղությամբ կրակելու վարկածը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի ասում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել է, թե ոչ՝ ընդգծելով, որ դա նախաքննական գաղտնիք է:

Խաչատրյանը, սակայն, հստակեցրեց՝ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել։

«Մեղադրանք առաջադրված անձնանց վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, Սասուն Խաչատրյանն ասաց, որ վերջինս այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։

«Նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ»,- նշեց ՀՔԾ պետը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ բացի կանոնավոր զորքերից եղել են զինված խմբեր, այժմ ստուգվում է այդ վարկածը։

Հարցին՝ կա՞ն կասկածներ, որ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները կրակել են ցուցարարների ուղղությամբ, Խաչատրյանը պատասխանեց․ «Դա վարկած է, որը ստուգվում է նախաքննությամբ»:

Սասուն Խաչատրյանը լրագրողի հարցին ի պատասխան հստակեցրեց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել։

Դիտարկմանը, որ մամուլում կան տեղեկություններ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս կարո՞ղ է ներգրավվել «Մարտի 1-ի գործում», Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել այդ հարցը։

«Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն են ստուգվում, նախաքննության շահերից ելնելով` չեմ ցանկանում խոսել վարկածների մասին»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «Վիկիլիքս»-ի փաստաթղթերի հիման վրա, Խաչատրյանն ասաց, որ անձին չի կարող մեղադրանք առաջադրվել «Վիկիլիքս»-ի փաստաթղթերի հիման վրա, անձը որպես մեղադրյալ ներգրավվում է հանցանքը վկայող ապացույցների բավարար համակցության պարագայում։

Հարցին՝ ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանն անվտանգության խնդիր չունի՞ «Վիկիլիքս»-ի գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումից հետո, Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում Վալերի Պողոսյանը կարող է նամակով դիմել վարույթն իրականացնող մարմնին ու ստանալ պաշտպանություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter