Ի՞նչ ենք փնտրում Ինտերնետ ակումբում
Ալվարդ Գասպարյան
Ակումբի այցելուն
Երեւանի Ինտերնետ ակումբներից մեկն է: Այստեղ կա տասից ավելի համակարգիչ, որոնց օգնությամբ կարելի է մտնել Ինտերնետ, խաղալ տարատեսակ խաղեր, պատրաստել տեքստեր եւ այլն: Այստեղ առաջարկվում է Ինտերնետ-հեռախոսակապ. կարելի է զանգահարել տեղում կամ տնից` քարտի օգնությամբ: Կարելի է պատվիրել տարատեսակ աշխատանքներ. փնտրել տեղեկատվություն Ինտերնետում, ստեղծել, ձեւափոխել կամ ձեւավորել փաստաթուղթ ու պատկեր , տպել դրանք, բազմացնել կամ սքան անել եւ այլն: Ակումբում կարելի է վարձակալել ֆիլմեր ու խաղեր, ինչպես նաեւ պատվիրել ավիատոմսեր:
Ակումբում համակարգիչ ու Ինտերնետ օգտագործողները գլխավորապես անչափահասներ ու երիտասարդներ են: Մինչեւ 12-13 տարեկան այցելուները (հիմնականում տղաներ) առաջին հերթին տարված են համակարգչային խաղերով: Տարիքի բարձրանալու հետ նկատվում է նախապատվության տեղաշարժ խաղից դեպի ցանցային ծանոթություններ ու չաթ (փոխազդուն զրույց ցանցային/վիրտուալ միջավայրում):
Չնայած` հարկ է ընդգծել, որ այսօր համակարգչային խաղը որքան անչափահասների, այնքան էլ չափահասների ժամանցի միջոց է: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ խաղն ու չաթը ակումբի համակարգչի հիմնական կիրառություններն են: Այլ հնարավորությունները նույնպես օգտագործվում են, սակայն անհամեմատ պակաս չափով:
Խաղալու միջին տեւողությունը մեկ ժամ է, սակայն կան երեխաներ, ովքեր մի քանի ժամ անընդմեջ նստում են համակարգչի առջեւ: Նրանք գալիս են միայնակ, ընկերների, երբեմն էլ ծնողի կամ տարեց մեկի հետ:
Հաճախումները պարբերական բնույթ ունեն. կան երեխաներ, որ ամեն օր են ներկայանում, կան եւ այնպիսիք, ովքեր օրը մի քանի անգամ են գալիս խաղալու: Նախընտրում են այն խաղերը, որ «բոլորն» են խաղում` իրենց թաղի ու դասարանի տղաները: Համակարգչային խաղը դարձել է ընկերական միջավայրի, ընդհանուրի մասը դառնալու ձեւ ու նախապայման: Այն զրուցելու նյութ է, միմյանց հետ համեմատվելու եւ մրցելու ասպարեզ` «իսկ դու քանի՞ աշխարհ ու դժվարություն ես հաղթահարել»...
Ակումբի համակարգչում խաղի տեղադրվելու հիմնական, եթե ոչ միակ չափանիշը մասսայականություն վայելելն է, իսկ դրանց օգտագործման համար որեւէ տարիքային կամ այլ սահմանափակումներ գոյություն չունեն` ամեն ինչ հավասարապես հասանելի է բոլորին: Աշխատակցի հավաստմամբ` խաղերի մատչելիությունը ըստ տարիքային խմբի կանոնակարգելու խնդիրն անծանոթ ու հավանաբար ոչ շատ ցանկալի հոգս է ակումբի տիրոջ համար:
Նա նշեց, որ ակումբում կան քիչ թե շատ «օգտակար» խաղեր եւ, առիթի դեպքում, առաջարկվում են սկսնակ երեխային, սակայն ընդհանուր առմամբ դրանք չեն երեխաների նախընտրածը (քանի որ «բոլորը» դա չեն խաղում): Տեղական արտադրության խաղեր չկան, միայն մեկ-երկու խաղ հարմարեցվել են տեղական (երեւանյան) միջավայրին:
Այս խաղերի զգալի մասին բնորոշ է ագրեսիվ մթնոլորտը, բռնության եւ էրոտիկ (կամ պոռնոգրաֆիկ ) տարրեր: Սրանցում արեւմուտքն է` հիմնականում իր բացասական երեսով. այստեղ ընդգծված է սեփական շահը, փողը, նյութականը: Հաջողության հասնելու ընտրությունը հաճախ միակն է` բռնություն եւ դաժան մրցակցություն: Վիրտուալ միջավայրում երեխաները դառնում են տարատեսակ վայրագությունների ու սպանությունների կատարողներ:
Ակումբի աշխատակիցը ցավով էր պատմում, որ երեխաներն այստեղ հասնում են այնպիսի հոգեվիճակի, երբ նախընտրում են կացնով մարդ սպանել ու շուրջբոլորն արյուն հեղել, անգամ երբ դրա անհրաժեշտությունը չկա£ Նա նաեւ նշեց, թե քանիցս ականատես է եղել, թե ինչպես են երեխաները խաղի ընթացքում հանկարծ շփոթվում ու ամոթից շրջում իրենց դեմքը` չտեսնելու էկրանին հայտնվող էրոտիկ պատկերները: Իսկ մեկ ուրիշ ակումբի աշխատակից նշեց, թե իր տպավորությամբ` որոշ երեխաներ հենց այդ տեսարանների համար են գալիս խաղալու:
Համակարգիչը քաշող ուժ ունի. նրանով զվարճանալու սովոր երեխային դժվար է զսպել£ Ակումբի աշխատակիցը վկայեց, թե մոտակա դպրոցներից հաճախ են գալիս երեխաներ, ովքեր վճարում են գրպանի ողջ գումարը, նաեւ սնվելու համար հատկացվածը: Որոշ երեխաներ խուսափում են դպրոցից ու սովորելուց` ակումբում խաղալու համար; Պատահում է, որ ծնողը գալիս է ու ակումբի աշխատակազմին խնդրում թույլ չտալ իր երեխային օգտագործել համակարգիչ, քանի որ ուսումն ու առողջությունն են տուժում: Երբեմն ծնողը երեխայի հետ է գալիս` կրճատելու խաղի տեւողությունը, սակայն հակառակն է պատահում` երեխայի ոգեւորությունն է իշխողը: Պատահում է նաեւ, որ տատն է թոռնիկին ակումբ բերում, որպեսզի նա մյուսներից «ետ չմնա»:
Ակումբի տերերը մտադիր են գործարկել նոր, հատկապես խաղի համար նախատեսված սերվերներ, որոնք թույլ կտան իրենց կաբելային Ինտերնետ բաժանորդներին` տանը նստած խաղալ անհատական կամ խմբային (ցանցային) խաղեր: Ակումբում Ինտերնետը խաղի համար գրեթե չի օգտագործվում, քանի որ դա թանկ հաճույք է: Մեկ ժամ (համակարգչային խաղ) խաղալու համար պետք է վճարել 300 դրամ, իսկ Ինտերնետի մատչելիությունը արժե 400 դրամ:
Սակայն ինտերնետային (online) խաղերը, եւ ընդհանրապես Ինտերնետով ձայն ու վիդեո ՙքաշելը՚ (voice chat, web cam եւ այլն) ունեն հատուկ սակագներ. Օրինակ` մեկ րոպեն կարող է գնահատվել 30 դրամ: Չնայած, ըստ աշխատակցի, այս կարգի տեղեկատվությունը այնքան դանդաղ է տեղ հասնում, որ սովորական սակագնով կարելի է փոխհատուցել ակումբի կրած ծախսը: Սակայն, ի հավելումն, ակումբը կիրառում է որոշակի ծրագրեր, որոնք կառավարում են տեղեկատվության հոսքը, որն իր հերթին էլ ավելի է դանդաղեցնում դրա ժամանումը;
Ակումբ այցելողների մեջ կա բնակչության միջին ու ավելի ցածր եկամուտ վաստակող հատվածը: Ա կումբի աշխատակիցը նշեց, որ նաեւ գործ են ունենում վարորդների կամ մանր առեւտրականների հետ, ովքեր չունեն անգամ համակարգչի տարրական գրագիտություն: Փոխարենը ունեն նոր փորձառության ձգտում, որը հատկապես չաթն է եւ ցանցում անծանոթ աղջիկների «խոսեցնելը»: Միգուցե նաեւ այն, որ Ինտերնետում նրանք կարող են դառնալ ով ուզեն…
Ցանցային զրույցի լեզուն հիմնականում ռուսերենն է կամ հայերենը` լատիներեն տառերի գործածմամբ (եթե դա ընդհանրապես կարելի է կոչել հայերեն): Զրույցի կամ ծանոթության ծառայությունների պակաս Ինտերնետում չկա: Դրանց մի մասը «հայկական» են (բաժանորդների մեծ մասը հայաստանցի են կամ սփյուռքահայ). սրանց թվում են` Միրք (mirc.icq.com), Կիլիկիա (cilicia.com), Հայաստան (hayastan.com), Երեւան (Yerevan.ru) եւ այլ կայքեր: Ռուսական ու արեւմտյան ծառայություններից են` rambler.ru, mail.ru, ICQ.com, hotmail.com,yahoo.com եւ այլն: Հետաքրքիր էր տեսնել, որ ակումբի ներսում եւ մյուս մասնաճյուղերի միջեւ գործնական հաղորդակցության մի մասը նույնպես իրագործվում է ՙICQ՚ ցանցային միջավայրում:
Աշխատակցի պատմելով` պատահում են հաճախորդներ, ովքեր, չաթով կլանված, համակարգչի առջեւ երկար ժամեր են անցկացնում. մեկին կարելի էր տեսնել երեկոյան ժամը հինգից մինչեւ հաջորդ օրվա առավոտյան ժամը տասը անշարժ նստած… Եղել է, որ մայրը եկել ու խնդրել է աշխատակազմին` արգելել իր 12 տարեկան աղջկան երեկոյան ժամերին գալ ու չաթ անել: Անչափահաս աղջկա համար սա կարծես տնից դուրս ծանոթություններ հաստատելու ու դրսեւորվելու այլ միջավայր գտնելու եղանակ էր:
Անսպասելի չէր տեղեկանալ, որ ակումբը որեւէ մասնակցություն հանդես չի բերում տեղեկացնելու իր այցելուներին, եւ հատկապես անչափահասներին, ցանցում ծանոթացած մարդկանց հետ հանդիպելու վտանգների ու զգուշության միջոցների մասին:
Եթե չաթը մեծ ժողովրդականություն է վայելում երեւանյան երիտասարդության ու անչափահասների մի հոծ զանգվածի մոտ, ապա դրա հետեւանքների մասին գրագիտությունը ցավալիորեն արհամարհված վիճակում է:
Ակումբում պոռնոգրաֆիկ էջեր նայելն արգելված է. կարելի է տեսնել այս մասին ծանուցող մի համեստ ցուցանակ, իսկ որոշ կայքերի մուտքը ի սկզբանե կողպված է: Սրան հավելած` աշխատակիցները ապահովում են որոշ վերահսկողություն սրահում շրջելու կամ կենտրոնական համակարգչից հետեւելու միջոցով: Այսուհանդերձ, այցելուների որոշակի խումբ գալիս է հենց այս տեսակ փորձառության համար:
Այն հարցիս, թե ինչն է դրդում ակումբի տիրոջը` փորձել վերահսկել նման նյութերի մատչելիությունը, պատասխանեցին` համակարգիչը վիրուսներից պաշտպանելը: Հարկ է նշել, որ ծանոթության շատ միջավայրեր «կողքից» նաեւ առաջարկում են էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բնույթի տարբեր տեսարաններ ու ծառայություններ: Դժվար չէ գուշակել, թե 12-13 տարեկանի համար նման միջավայրերը լրացուցիչ ինչ հետեւանքներով են հղի:
Ակումբ այցելող երիտասարդների մեծ մասը ուսանողներ են£ Ինտերնետում նրանց հատկապես հետաքրքրում են այն կայքերը, որտեղ կարելի է գտնել պատրաստի ուսանողական աշխատանքներ (օրինակ` referat.ru կամ referat.com կայքերը): Ամենայն հավանականությամբ, սրանք արժանանում են ԲՈՒՀ-երի դասախոսների բարեհաճ վերաբերմունքին, այլապես նման պահանջարկ դժվար թե լիներ: Երիտասարդները նաեւ հաճախ են փնտրում արեւմտյան փոփ աստղերի մասին տեղեկություններ:
Ակումբ գալիս են նաեւ սպորտային գրազների (VIVA) մասնակցել ցանկացողները: Էլեկտրոնային փոստը նույնպես համեմատաբար հաճախ է օգտագործվում, սրանով նկարներ ուղարկելու եւ ստանալու դեպքերն էլ հաճախ են:
Երբեմն Ինտերնետը օգտագործվում է մասնագիտական կամ գործնական նպատակներով (օրինակ` բժշկական տեղեկատվություն քաշելու համար), այս մարդկանց թվում կարելի է տեսնել մինչեւ 50-60 տարեկան անձանց: Սակայն նման այցերի թիվը հակված է նվազելու, քանի որ ակումբում գերակշռող խաղերի աղմուկը նպաստավոր չէ քիչ թե շատ լուրջ աշխատանքի համար: Ըստ աշխատակցի` պատահում են այցելուներ, ովքեր խնդրում են սքանի օգնությամբ փոփոխություններ մտցնել արդեն պատրաստ, երբեմն էլ` կնքված փաստաթղթի մեջ (օրենքը որոշ դեպքերում պատիժ է սահմանում նման գործունեության համար):
Ինտերնետում տեղական բովանդակություն գրեթե չի օգտագործվում£ Ըստ աշխատակցի` տեղական ամենապահանջված կայքերից է Port.am-ը (այն ռուսերեն է), որի օգնությամբ փնտրում են աշխատանք, գնում ու վաճառում անշարժ գույք եւ այլն: Մեկ-մեկ այցելում են Կենտրոնական բանկի կայքը (www.cba.am)` դրամի փոխարժեքը ստուգելու համար: Երբեմն նաեւ փնտրում են ինչ-որ օրենքներ: Իսկ Ինտերնետում տեղական տեղեկատվություն որոնելու դիմումները հիմնականում անարդյունք են, քանի որ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը չկա, կամ էլ այն որոնելու եղանակը հայտնի չէ ակումբի աշխատակիցներին:
ժամանակակից երեւանցին Ինտերնետ ակումբում
Երեւանյան Ինտերնետ ակումբը տեղեկատվական դարաշրջանում (պատահաբար) հայտնված Երեւանի մանրապատկերն է. այստեղ բացահայտվում են հասարակության տարբեր խմբերի պատկերացումները Ինտերնետի ու ՏՀՏ-ի մասին, նրանց նկատմամբ եղած ակնկալիքները եւ դրանք իրագործելու կարողությունները: Այստեղ սահմանվում է «երեւանյան» ՏՀՏ-ի իմաստը եւ, հավանաբար, նաեւ ժամանակակից երեւանցին…
Նախնական դիտարկումը ակնհայտ է դարձնում, որ տեղական հանրության գերակշռող մասը (գործնական ոլորտը չենք դիտարկում) ընդունում է համակարգիչը առաջին հերթին որպես զվարճանքի գործիք` չաթի եւ խաղի միջավայր:
Բնական է, որ առաջին հերթին այս նախապատվություններն են ազդելու նրա ճաշակի, պատկերացումների, արժեքների եւ վերջապես նրա մշակութային եւ սոցիալական գիտակցության ու կենսաձեւի վրա (ի հավելումն գլոբալացման ու շուկայի տարատեսակ այլ ազդեցությունների): Նախապատվություններ (կամ պահանջարկ) ստեղծողը շուկան է` արեւմտյան արտադրողի թելադրող դերակատարմամբ:
Բռնություն, ագրեսիվություն եւ էրոտիկ տեսարաններ պարունակող բովանդակության կողքին տեսանելի չէ նշանակալի տեղական նախաձեռնությունը, որը կփորձեր պաշտպանել երեխայի շահերը եւ միաժամանակ առաջարկել նրան կրթական ու մշակութային մտահոգություններով առաջնորդվող այլընտրանքային արտադրանք, մասնավորապես խաղեր:
Հայտնի է, որ համակարգչային խաղը կարող է շատ արդյունավետ լինել որոշակի կրթական նպատակներ իրագործելիս, ասենք տրամաբանություն կամ մաթեմատիկական գիտելիքներ զարգացնելու համար:
Ուսումնասիրողները գտնում են, որ խաղը կարող է զարգացնել մի շարք դրական ունակություններ, ինչպիսիք են արագ կողմնորոշվելը, տարբեր գործողությունները հաջողությամբ համատեղելը (ասենք` լսել եւ կարդալ), որոշակի նպատակակետի հասցնող ռազմավարություններ մշակելը, հարաբերվելը շրջապատի հետ եւ այլն:
Սակայն խաղը կարող է նաեւ վնասակար լինել երեխայի վարքագծի, ինչպես նաեւ առողջության համար` ներարկելով ագրեսիվություն, բռնության հակվածություն եւ արհամարհանք իգական սեռի հանդեպ (որ գերիշխում է շատ խաղերում)` պատճառելով անքնություն, գլխացավ, սնվելու անկանոնություն, անտարբերություն ընտանիքի, ընկերների ու տարբեր սոցիալական գործունեությունների նկատմամբ եւ այլն: Բազմաթիվ ու երբեմն էլ միմյանց հակասող եզրակացությունների մեջ առնվազն հստակ է այն, որ երեխաներին տրամադրվող խաղերը չպետք է պարունակեն շատ բռնություն եւ ագրեսիվություն:
Արեւմուտքում այս խնդիրը կարգավորվում է տարբեր մեխանիզմների համատեղմամբ, մասնավորապես` դասակարգելով խաղերը ըստ թույլատրելի տարիքային խմբերի: Արդյունավետ միջոց է մասնավոր հատվածի «ինքնակարգավորումը». Օրինակ` Ինտերնետ ապահովող ընկերությունները, միավորվելով ընկերակցության մեջ, ընդունում են որոշակի կանոններ ու պարտավորություններ, որոնք վերաբերում են Ինտերնետում պոռնոգրաֆիկ ու անօրինական բովանդակության մատչելիությանը, անչափահասի պաշտպանությանը, օգտագործողի մասնավորությանը (privacy), հեղինակային իրավունքների պաշտպանությանը եւ իրենց գործունեությանն առնչվող այլ ոլորտների:
Այս ամենին հավելած` կա ազգային քաղաքականություն, որը փորձում է ծառայեցնել ՏՀՏ-ը տեղի մշակութային, կրթական, քաղաքական ու տնտեսական տարատեսակ կարիքների` մասնավորապես խթանելով թվանշային բովանդակության ու Ինտերնետում տեղական ծառայությունների զարգացումը` ներգրավելով պետական, ակադեմիական, մասնավոր ու հասարակական ոլորտները:
Վաղուց արդեն ժամանակն է պատշաճ ուշադրություն հատկացնելու այս փորձառությանը եւ չանտեսելու Ինտերնետի տեղական բովանդակության զարգացման ու դրա օգտագործման հետ կապված խնդիրները, հատկապես` երեխաների պաշտպանությունը: «ԱրմենՏելի» խնդիրը ամենեւին չի նվազեցնում այս խնդիրների հրատապությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել