HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 երեխա այսօր առաջին անգամ լսել է շրջապատի ձայները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր ներկա է եղել հնգամյա Մանեի՝ առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդություների բաժանմունքում կատարված ականջախեցու «Կոխլեար» փոխպատվաստումից հետո նրանց միացվել է նաև խոսակցական պրոցեսորը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ արդեն տասը տարի է՝ Հայաստանում ծանրալսություն ունեցող 100-ից ավելի երեխա ստացել է լսելու ու խոսելու հնարավորություն: 2004թ.-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն՝ ականջախեցու իմպլանտի տեղադրում. բոլոր վիրահատությունները բացառապես դրական ելքով են: Երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքում «Կոխլեար» փոխպատվաստումը ձայները լսելու միակ հնարավորությունն է: Ծրագիրը Հայաստանում իրականացնում են «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի մասնագետները՝ ԱՄՆ UCLA կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիամայի հետ: Գործընկերը «Հայկական միջազգային բժշկական կազմակերպություն-հիմնադրամ»-ն է, որի ղեկավարը հայազգի Սալբի Ագարակյանն է: Հենց այս հիմնադրամի օգնությամբ էլ ձեռք են բերվում թանկարժեք իմպլանտները:

Էրեբունիում անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ հանրապետության բոլոր ծննդատներն ապահովվում են նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով: Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն:

«Այս խնդիրն արդեն հետևում կմնա: Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter